Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բյուզանդիայի կայսրն ընտրվա՞ծ է, առջևում էլ Կոստանդնուպոլսի ազատագրո՞ւմն է

Բյուզանդիայի կայսրն ընտրվա՞ծ է, առջևում էլ Կոստանդնուպոլսի ազատագրո՞ւմն է
03.06.2016 | 02:23

2016 թվականի մայիսի 28... Սակայն չենք խոսելու ո՛չ թուրքերի դեմ 1918 թ. մեր տարած հաղթանակների, ո՛չ էլ այն մասին, որ այն հաղթանակների գինը հայոց անկախության վերականգնումը եղավ: Քիչ է լինում, որ մենք ինքներս մտածենք այդ մասին, բայց փաստը մնում է փաստ: 1918-ին մեր պապերը ջախջախեցին թուրքերին, և այդ բանն արեցին Բյուզանդական կայսրության անկման և օսմանյան թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը զավթելու նախօրեին: Հիշեցնենք՝ դա եղել է 1453 թվականի... մայիսի 29-ին: Դա հին աշխարհի, բյուզանդական քաղաքակրթության աշխարհի վերջն էր: Տասնմեկ դար Բոսֆորի ափին փռված էր մի քաղաք, որտեղ իմաստուն միտքը հիացմունքի առարկա էր, իսկ դասական անցյալի գիտությունն ու գրականությունը խնամքով ուսումնասիրում ու պահպանում էին: Առանց բյուզանդացի հետազոտողների ու ընդօրինակողների մենք հիմա այնքան էլ շատ բան չէինք իմանա Հին Հունաստանի փառահեղ գրականության մասին: Դա նաև մի քաղաք էր, որի կառավարիչները դարեր շարունակ խրախուսել էին արվեստի մի այնպիսի դպրոցի զարգացումը, որի նմանը չի եղել մարդկության պատմության մեջ, և որը հունական ողջախոհության ու խոր կրոնասիրության մի համաձուլվածք էր, որը արվեստի ստեղծագործություններում Սուրբ հոգու մարմնավորում և նյութականի նվիրագործություն էր տեսնում: Կոստանդնուպոլիսը վերազգային մեծ քաղաք էր, ուր առևտրի կողքին ծաղկում էր ապրում ազատ միտքը, և բնակիչներն իրենց համարում էին ոչ թե ինչ-որ ժողովուրդ, այլ Հունաստանի ու Հռոմի՝ քրիստոնեից հավատով օծված ժառանգներ:


Վիթխարի է Բյուզանդիայի բարգավաճման ու հզորության մեջ թե՛ սլավոնների, թե՛ հայերի ներդրած ավանդը: Դինաստիաներով են նրանք կառավարել որպես կայսրեր: Եվ ահա 563 տարի Կոստանդնուպոլիսը զավթված է, քաղաքի բոլոր քրիստոնեական սրբավայրերը, ըստ էության, պղծված են: Եթե չասենք քրիստոնյաների ցեղասպանությունը, ապա սրբությունների պղծումն սկսվել է 563 տարի առաջ: Իհարկե, ժամանակակից հայերի համար դժվար է պատկերացնել հետևանքների ամբողջ ծանրությունը, երևում է միայն այն մասը, որ մենք ինքներս ենք կրել, և որը 100 տարի է, ինչ «դժվարանում է» ճանաչել տխրահռչակ «քաղաքակիրթ աշխարհը», հատկապես նրա արևմտյան մասը: Պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում, ուստի և չարժե զբաղվել պարապ խոսակցություններով՝ իսկ ինչ կլիներ, եթե... Դավաճանները թուրքերի առջև բացեին Կոստանդնուպոլսի «դարպասը», ինչպես դրանից մոտավորապես երկու դար առաջ նույնքան դավաճանաբար արևմտյան խաչակիրների առջև էին բացել: Քրիստոնյաներին դավաճանած Պալեոլոգոսների դինաստիան կարողացա՛ն դուրս շպրտել Կոստանդնուպոլսից և վերականգնե՛լ Բյուզանդիան: Օսմանյան թուրքերին վռնդել ոչ ոք չկարողացավ, ու սրանք մինչ օրս վայելում են Բյուզանդիայի կազմի մեջ մտած ժողովուրդների հողերը: Բայց էությունը նույնն է. նրանք, ովքեր 13-րդ դարում քաղաքն ու երկիրը հանձնեցին Արևմուտքին, նույնպիսիք էլ 15-րդ դարում՝ թուրքերին:

Նրանք, ովքեր հանուն փողի պատրաստ էին դավաճանելու Արևելյան քրիստոնեությանը, հենց նրանք էլ (հոգու և ուղեղի կերտվածքով) մինչ օրս շարունակում են դավաճանել իրենց Արմատներին ու Ակունքներին, այսինքն, Կոստանդնուպոլսի և Բյուզանդիայի անկման դասը ոչ ոքի համար Իմաստնության դաս չդարձավ: Եվ սա արդեն լիովին վերաբերում է նաև արդի Հայաստանին ու հայերին:


Այս տարի մայիսի 28-ին պաշտոնական այցով Հունաստանում էր գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Եթե ձեզ այցի պաշտոնական օրակարգն է հետաքրքրում. խնդրեմ, կարդացեք, բազմաթիվ հրապարակումներ են եղել, հատկապես հունական լրատվամիջոցներում: Շատ ավելի ուշագրավ է այցի ոչ պաշտոնական մասը, որ եղել է մայիսի 29-ին: Բայց, ըստ էության, Ռուսաստանի առաջնորդն անմիջապես սկսեց... այցի ոչ պաշտոնական մասից, որովհետև Աթենքում նախագահի ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո բռնեց Աֆոն սուրբ լեռան ճամփան: Աֆոն սուրբ լեռը Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Քաղկիդիկի թերակղզու վերջնամասն է, որը հնուց ի վեր Հունաստանի և ամբողջ ուղղափառ աշխարհի վանական ու հանրահայտ հոգևոր կենտրոնն է: Աֆոնի կարևոր առանձնահատկությունն այն է, որ վաղեմի ժամանակներից ինտերնացիոնալ բնույթ է կրում: Աֆոնի վանականները հույներ են, ռուսներ, սերբեր, բուլղարներ, ռումիններ, վրացիներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Այդ թվում՝ մենակյաց հայեր. գաղտնիք չէ, որ կան հունա-ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդ հայեր: Աֆոնի եկեղեցիներում պահվում են հայտնի սրբերի ու մեծ քրիստոնեական մասունքներ, որոնցից մեկը հունական Վատոպեդ վանքում պահվող Սուրբ Աստվածամոր գոտին է: Սուրբ լեռանը մենակյացների մշտական բնակության վայրի կարգավիճակի շնորհման մասին վկայող հնագույն օրենսդրական ակտը բյուզանդական Վասիլ 1-ին կայսեր Ոսկե կոնդակն է՝ տարածված 885 թվականին: Ներկայումս Աֆոնի հատուկ կարգավիճակը վավերագրված է Հունաստանի սահմանադրության 105-րդ հոդվածում, համաձայն որի, այն հունական պետության ինքնակառավարվող մաս է՝ մի յուրօրինակ ուղղափառ վանական պետություն: Հոգևոր առումով Սուրբ լեռը գտնվում է Տիեզերական պատրիարքության իրավազորության ներքո: Եվ դա շատ կարևոր է հիշել ըստ արժանվույն գնահատելու համար այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2016 թ. մայիսի 28-29-ին:


Մասնավորապես, ռուս մենակյացներն Աֆոնում ապրում են արդեն հազար տարի: Սուրբ լեռան վրա ռուս վանականների հազարամյա ներկայությունը նշելու նպատակով էլ հենց պայմանավորված էր Ռուսաստանի նախագահի ներկա ուղևորությունը: Աֆոնի մայրաքաղաք Կարեա քաղաքից էլ հենց Պուտինը մեկնեց ռուսական Սուրբ Պանտելեյմոնի վանք, որտեղ նրան ողջունեց ծայրագույն վարդապետ Երեմիան՝ մենաստանի 100-ամյա վանահայրը: Տաճարում Պուտինին դիմավորեց ավելի վաղ այստեղ եկած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Այնուհետև կատարվեց գոհության աղոթք: Բազմաթիվ լրատվամիջոցներ նշել են, թե Հունաստանում Ռուսաստանի նախագահի գտնվելու մի մասը ուխտագնացություն էր: Ռուսաստանի առաջնորդին «կրնկակոխ» ուղեկցում էր Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, այնուհետև նրանց միացավ նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ արմատական ձախ ուժերի «Սիրիզ» կոալիցիայից: Ապա տեղի ունեցավ Պուտինի ու հունական ղեկավարների մամուլի լայն ասուլիսը: Խոսք չկա, Ռուսաստանի նախագահի արած հայտարարություններն էլ են հետաքրքրություն ներկայացնում: Բայց, որքան էլ տարօրինակ թվա, այդ հայտարարությունները կամ էլ այդ հայտարարություններում թույլ տրված թերասացությունները չէին, որ համընդհանուր հետաքրքրության արժանացան:


Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ էր Աֆոն գալիս: Ռուսական ցարերն ու բարձրաստիճան պաշտոնյաները բախտ չեն ունեցել այստեղ լինելու: Առավել ևս՝ խորհրդային շրջանում ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարները: Պուտինը Աֆոնում 2005 թ. սեպտեմբերին էր եղել: Այն ժամանակ ուղևորության ընթացքում նա զրույց էր ունեցել սուրբ նահատակ և բժշկող Պանտելեյմոն վանքի վանահոր հետ, այցելել էր տաճարներ և վանական խցեր, ինչպես նաև վանականների կարի արհեստանոցներ, որտեղ վանականներին կարի նոր մեքենաներ էր խոստացել ուղարկել: 2001 թ. դեկտեմբերին ՌԴ նախագահին չէր հաջողվել լինել Աֆոնում՝ վատ եղանակի պատճառով, ինչը հնարավորություն չէր տվել ապահովելու Ռուսաստանի առաջնորդի անվտանգ թռիչքն ուղղաթիռով: Աֆոն լեռ թռչելու փոխարեն Պուտինը մեկնել էր Վերգինա քաղաք: Դրա հետ կապված սկսել էին տարածել, թե, իբր, «Աստվածածինը Ռուսաստանի նախագահին չի թողնում Աֆոն»: Հիմա, երևի, «Աստվածածինը Պուտինին թողել է Աֆոն»: Չարժե խառնվել Աստծո գործերին, ինչպես ասում են: Հունական կառավարամերձ «Կատիմերինի» թերթը համարում է, որ Ռուսաստանի նախագահը Աֆոնում իրեն «շատ համեստ է պահել, եթե չասենք՝ զուսպ»: Սա առանձնապես նկատելի է եղել բյուզանդական ոճով հանդիսավոր ընդունելության ֆոնին, որ Պուտինին ցուցաբերել են սուրբ համայնքի ղեկավարությունն ու մենակեցական եղբայրությունը: Թերթի կարծիքով, հյուրի «զգացմունքների դրսևորումներն անկեղծ էին, նա բարեպաշտ երկյուղածությամբ էր մոտենում սրբապատկերներին և չէր ձգտում իր ուղևորությունը վերածել քաղաքական շոուի»: Իսկ ընդհանուր առմամբ, նշում են տեղի լրատվամիջոցները, Պուտինի Աֆոն կատարած ուղևորությունը նշանակալի իրադարձություն եղավ ռուս-հունական հարաբերություններում: Եվ հատկապես հույներին դուր եկավ Անկարայի հետ Մոսկվայի հարաբերությունների առնչությամբ Ռուսաստանի ղեկավարի անկեղծությունը, ինչպես նաև կոշտ սկզբունքայնությունը Կիպրոսի հարցում և Հունաստանը բնական գազով ապահովելու պատրաստակամությունը, չնայած Եվրահանձնաժողովի պատճառով առաջացած ու պահպանվող դժվարություններին: Աղոթքի ժամանակ տեղի ունեցածի պատճառով ակամա հիշեցի 2005 թ. Պուտինի Աֆոն կատարելիք այցի կապակցությամբ տպագրված բուկլետը. «Աֆոնի պատմության մեջ առաջին անգամ այստեղ է եղել Ռուսաստանի կայսրը»:

Ձևակերպված էր հենց այսպես. չէ՞ որ նա գլխավորում է Ռուսաց պետությունը, այն ժամանակ բացատրում էին աֆոնցի վանականները: Աֆոնը, իրոք, եզակի գոյացություն է աշխարհի ժամանակակից քարտեզի վրա, Բյուզանդական կայսրության՝ հրաշալիորեն պահպանված մի կղզյակ: Եվ հենց աֆոնցի Ծեր Պայիսիա Սուրբլեռնցուն է պատկանում 25 տարի առաջ կատարված գուշակությունը. կլինի ռուս-թուրքական պատերազմ, և Ռուսիան կհաղթի, իսկ Թուրքիան կչքանա: Երիտասարդ տարիներին Պայիսիան, Աֆոն գալուց առաջ, 3,5 տարի ծառայել էր հունական բանակում որպես կապավոր: Վանականներին անվանում էր «Աստծո կապավորներ», իսկ սուրբ աղոթքը՝ մարդու հակաօդային պաշտպանություն: Պատահական չէ, երևի, որ աֆոնցի Ծերի շատ մարգարեություններ կապված են ռազմական թեմաների, տերմինների հետ: 2015 թ. հունվարին Տիեզերական պատրիարքության սրբազան սինոդը սրբադասեց նրան: Սուրբ Պայիսիան մտցվեց Ռուս ուղղափառ եկեղեցու օրացույցի մեջ: Արմագեդոնի մասին հունական վավերագրական ֆիլմում բերվում են Ծերի տպավորիչ խոսքերն այն մասին, թե թուրքերն իրենց գոտու մեջ իրենց հոգեհացը միշտ հետներն են պահում, այսինքն, մի ոտքով գերեզմանում են: Ամեն ինչ սկսվելու է Միջերկրական ծովում տեղի ունենալիք բախումից: Միջամտելու են ռուսները, և կատարվելու է այն, ինչ կանխատեսել է դեռ սուրբ Կոզմաս Էտոլիացին 18-րդ դարում: Կիրականանան հին երգի բառերը, որոնք դարձել են թուրքերի դեմ կենաց-մահու կռիվ տվող հույների հիմնը. «Օգնիր, սուրբ Գևորգ, օգնիր, սուրբ Կոզմաս, նորեն մենք վերցնենք Կոստանդնուպոլիսը և Սոֆիայի սուրբ տաճարը» (Սուրբ Կոզմասը հույն հայտնի վանական է, ուղղափառ քարոզիչ, թուրքերը նրան կախել են 1779 թվականին՝ որպես ռուսական գործակալի, սրբերի կարգն է դասվել Տիեզերական պատրիարքության կողմից՝ 1961 թվականին, սուրբ նահատակ Կոզմասը, բացի այլ գործերից, հայտնի է նաև իր մարգարեություններով):


Իսկ հիմա աղոթքի ժամանակ Աֆոնում կատարվածի մասին: Դա ոչ միայն խորհրդանշական ու առեղծվածային իրադարձություն է, որը կարող է (գոնե կուզեինք, որ այդպես լիներ) ազդեցություն գործել համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա: Պուտինը նստել է գահին, զբաղեցրել այն աթոռը, որին բազմելու իրավունքն առաջ ունեցել են միայն բյուզանդական կայսրերը: Ընդ որում, աթոռի վրա փողփողում էին ռուսական և... բյուզանդական դրոշները: Ռուսաստանի նախագահից առաջ ոչ ոք այդ գահին չի նստել: Կոստանդնուպոլիսը դեռ ազատագրված չէ, բայց կայսերական գահն արդեն ստացել է իր տիրոջը: Եվ ով ինչ ուզում է ասի հիմա, սակայն կատարվածը սրբազան ու արարողական գործողություն է: Դա թագադրման, գահակալության օծման նման մի բան է: Աֆոնցի Ծերերը մեկ անգամ ևս Ռուսաստանը ճանաչեցին Երրորդ Հռոմ (ու չէ՞ որ չորրորդը չի լինելու, ինչպես 16-րդ դարում գրել է Պսկովի Եղիազարյան վանքի Ծեր Ֆիլոֆեյը) և Բյուզանդիայի ժառանգորդ, և ըստ էության օրհնել են Վլադիմիր «կայսեր» գահակալությունը:

Եվ, ի դեպ, Պուտինը բյուզանդական գահին նստեց նաև աղոթքից հետո: Սա շատ նուրբ դրվագ է. տաճարում Ռուսաստանի նախագահը փողկապով չէր: Մասոնական ճնշումը վերջնականորեն վերացված է, ինչպես ակնարկում են ոմանք: Տեսնենք:
Դա սոսկ Աֆոնցի Ծերերի ընտրությունը չէր. չէ՞ որ նրանք, հիշեցնենք, գտնվում են Տիեզերական պատրիարքության իրավազորության ներքո, այսինքն, քայլն արժանացել է Կոստանդնուպոլսի պատրիարքի, աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիների հավանությանը: Միաժամանակ, Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի ներկայությունը նշանակում է, որ ընտրությունը հավանության են արժանացրել և ընդունել Հունաստանի իշխանությունները: Աշխարհը խուսափել չի կարող դրանից՝ 2016 թվականի մայիսից: Հիրավի, հետաքրքիր ու վտանգավոր ժամանակներում ենք ապրում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ