Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ պիտի փոխի Բեռլինը

Ի՞նչ պիտի փոխի Բեռլինը
07.06.2016 | 01:16

Հունիսն Էրդողանի ամիսը չէ. անցած տարի հունիսի 7-ին խորհրդարանի ընտրություններում ԱԶԿ-ն կորցրեց մեծամասնությունը, այս տարի հունիսի 2-ին Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ճանաչեց՝ Բունդեստագն ընդունեց «1915 և 1916 թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» բանաձևը:

Քենիայում գտնվող Էրդողանը հետ կանչեց դեսպան Հուսեին Ավնի Կարսօղլուին ու հայտարարեց, որ վերադարձից հետո կմտածի հետագա քայլերի մասին, շեշտելով, որ «Բունդեստագի որոշումը լրջորեն կանդրադառնա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», իսկ շաբաթ օրն ասաց. «Հայերից միայն օգտվում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսել է ընկալվել Թուրքիայի դեմ շանտաժի հարմար միջոց կամ նույնիսկ մահակ»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 4 խմբակցություններից 3-ը բանաձևի դեմ համատեղ հայտարարություն տարածեցին: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը չմիացավ: Թուրք պատգամավորները Գերմանիայի խորհրդարանի որոշումն «անարդար» որակեցին ու լինելով «մեծ թուրք ազգի ներկայացուցիչներ»՝ դատապարտեցին։
Հայաստանից առաջինն արձագանքեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեստագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր հղեց նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտին. «Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:

ՀՀ ԱԺ-ն հայտարարություն անցած շաբաթ չարեց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ հղեց Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտին. «Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլև ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը և աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում»:


Հայերը, ինչպես 1945-ին Ռայխստագի, Բունդեստագի առաջ քոչարի պարեցին ու եռագույնը ծածանեցին: Ի՞նչ է ասում չորսէջանոց բանաձևը:
«Գերմանիայի Բունդեստագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Բունդեստագը դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան կայսրությունում»:


«Բունդեստագը ցավում է Գերմանական կայսրության անփառունակ դերի համար, որը որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոներների հաղորդած միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեստագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:

Գերմանիայի Բունդեստագը ամրագրում է իր 2005-ին ընդունած բանաձևը, որը նվիրված էր զոհերի հիշատակին և իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի հաշտությանըե:
«100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեստագի հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին: Գերմանական կայսրությունը մեղսակից է եղել այդ իրադարձություններին: Բունդեստագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա բերում է հայերին և թուրքերին օգնելու պարտականություն` անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի»:


«Գերմանիայի Բունդեստագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005-ից նախաձեռնվող մերձեցման փորձերին և կոչ է անում թե ոգեկոչման, թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված` կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե, կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք կարող է հանդիսանալ թե ներկայի և թե ապագայի համար: Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր են նաև Կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով»:


«Գերմանիայի Բունդեստագը կոչ է անում Գերմանիայի կառավարությանը.
-ջանք գործադրել, որ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009 թ. ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում,
-միջնորդել, որ վերջին տարիներին Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն շարունակվենե:
Բունդեստագում բանաձևի քննարկման ժամանակ հնչած ելույթները նույն ոգով էին՝ պատասխանատու ենք, հայերից ներում, թուրքերից ճանաչում ենք ակնկալում: Երկուսից՝ հաշտեցում: Բայց՝ մի խոսք փոխհատուցման մասին: Գուցե նրանք սպասում են հայոց պատմական ,թղթածրարի՞նե, որ համահայկական Հռչակագրով հայտարարվեց ու մնաց անհայտ: Բանաձևի ընդունումից մեկ շաբաթ անց ակնհայտ է, որ թուրք-գերմանական երկնակամարը չփլվեց: Էրդողանը Բեռլինին սպառնում էր պատժամիջոցներով, բայց փորձում է հարաբերությունները հարթել Մոսկվայի հետ: Անկարան չի կարող հարաբերությունները ճգնաժամային դարձնել ԵՄ-ում իր կամրջի հետ՝ խաղը փլուզվում է: Էրդողանը, որ պատրաստվում է Թուրքիան դարձնել նախագահական հանրապետություն, երկրի ներսում խնդիրներ կունենա, սակայն հաղթահարելի, իր նախագահության միջազգային ճանաչումը նրա համար շատ ավելի կարևոր է, քան որևէ այլ հարց: Պատահական չէ, որ հենց հիմա է ի հայտ գալիս նրա դիպլոմի կեղծ լինելու փաստը, որ Սահմանադրության նորմը խախտելու պատճառով հրաժարականի հիմք է, բայց չի դառնա: Անկարան դիվանագիտական հարաբերությունները Բեռլինի հետ չի խզի, մի քիչ կաղմկի ու դեսպանին կվերադարձնի Բեռլին՝ միջադեպը կհամարվի սպառված: Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ-թուրքական հաշտեցումը Անկարայի օրակարգում չկան և երկար չեն լինի: Անկարայի օրակարգում եղբայրությունն է Բաքվի հետ: Երևանը, որ միանգամից իր հրճվանքը արտահայտեց բանաձևի ընդունումով, պատրա՞ստ է վերադառնալ ու վավերացնել 2009-ին ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները: Թե՞ նախագահից ԱԺ նախագահ՝ երախտապարտ էին Բեռլինին «պատմական որոշման համար», բայց բանաձևը չէին կարդացել: Երևանը պատրա՞ստ է Եվրամիության հետ բովանդակային հարաբերությունների, բանաձևն ուղղված չէ միայն Անկարային, բանաձևը ուղղված է և Երևանին, որոշակի քայլեր է ակնկալում տարածաշրջանում կայունության ու զարգացման համար: Մենք կարդալու ենք միայն ա՞յն մասը, որ բավարարում է արդարության հաստատման մեր ցանկությունը, թե՞ ամբողջությամբ: Թե՞ նորից հայտարարելու ենք՝ գնդակը Թուրքիայի դաշտում է: Երբ գնդակը հակառակորդիդ ես տալիս, ինքդ խաղի մեջ չես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հունիսի 2-ին Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 31-ին նրանք Բրյուսելում հանդիպել էին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Երկու հանդիպումներից հետո ՄԽ-ն հայտարարեց.
«Համանախագահները նախարարների ուշադրությանն են ներկայացրել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնմանը և ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծմանն առնչվող փաստաթղթերի նախագծերը: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները»:
Էլմար Մամեդյարովը համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել էր. «Մենք սպասում ենք հունիսի հանդիպմանը ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով»: Հայաստանը նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ԱԳ նախարարին գործուղեց Թեհրան (այս այցն առանձին թեմա է), հանձնաժողովի մակարդակում մերժեց ԱԺ-ում քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը և քննարկում է ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիրը (որ նույնպես առանձին ու մեծ թեմա է): Ապրիլից Հայաստանը չի օգտագործում իր առաջին քայլի իրավունքը: Նույնիսկ ռուսներն արձանագրեցին, որ Հայաստանը ապրիլի սկզբին պիտի ԼՂՀ-ն ճանաչեր և որևէ երկիր չէր կարող հարցնել՝ ինչո՞ւ: ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագրի նախագիծն անհայտ գզրոցներում է: Ռուսաստանից չի ստացվել 200 միլիոն դոլարի զենքը: Բանակցությունները վերսկսելու համար ՀՀ նախագահը առաջադրեց պայմաններ, հետո գնաց Վիեննա՝ հանդիպման և հունիսի վերջին էլ կգնա բանակցելու՝ առանց ստանալու հասցեական հայտարարություններ, հետաքննության մեխանիզմներ շփման գծում, ԼՂՀ-ի անվտանգության երաշխիքներ: Երբ շուրջբոլորդ առանց կանոնների մարտեր են, իսկ դու շարունակում ես շախմատդ՝ երեք քայլ առաջ հաշվարկելով մրցակցիդ քայլերը ու չանելով քո քայլը, սկզբի համար կորցնում ես 800 հեկտար: Թուրքերը հայտարարում են, որ Բունդեստագի բանաձևը իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, բայց նրանք չեն կարող հերքել ոչ փաստաթղթի քաղաքական նշանակությունը, ոչ մթնոլորտի փոփոխությունը: ԱՄՆ-ը և ԵՄ-ն Բաքու-Անկարա տանդեմին պարբերաբար ցույց են տալիս իրենց տեղը գլոբալ աշխարհում ու տարածաշրջանում, Հայաստանի խնդիրն է օգտագործել պահն ու իրավիճակը՝ պաշտպանված լինելու Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակից՝ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային հարթության մեջ փակելու և ազգերի ինքնորոշման սկզբունքը անտեսելու ծրագրերից: Եվ՝ հատկապես Մոսկվայից Հայաստան գործուղվող հայերից, որ համաձայնում են վճարի դիմաց տրոյական ձի դառնալ՝ բավարարելու թե իրենց անձնական հավակնությունները, թե պատվիրատուի պահանջները: Եվ գտնում են պարարտ հող, որը պատերազմի մեջ գտնվող երկրում դավաճանություն է:

Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ