Մայիսի 28-ին Երևանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը և մի քանի օր խոսակցությունների թեմա էր՝ պարզապես իբրև արձան, հետո Մոսկվայի թեթև ձեռքով մտավ միջազգային ասպարեզ: Մայիսի 31-ին արդեն անդրադարձել եմ ռուս փորձագետների գնահատականներին ու «մտահոգություններին»՝ համարելով ՌԴ ԱԳՆ-ի ոչպաշտոնական հայտարարություն: Հայտնվեց և պաշտոնականը՝
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հայտարարեց. «Մեր վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»:
Իհարկե, նա չասաց որ դա «հրեշավոր է» և այլն, և այլն: Ինչո՞ւ, այնուհանդերձ, Մարիա Զախարովան որոշեց շարունակել ռուս փորձագետների աղմուկը: Որովհետև աջակցությո՞ւն էր պետք ադրբեջանական մամուլին: Եթե ադրբեջանցիների պարագան հասկանալի է՝ հայկական ամեն ինչ նրանք ատում են՝ մեկ, և երկրորդ՝ թուրք, թե ադրբեջանցի, տարբերություն չկա, գոնե իրենք այդպես են համարում, իսկ թուրքերը ժամանակին Նժդեհի համար գլխագին էին նշանակել, ինչո՞ւ են ռուսներն իրար խառնվել: Ո՞Ւր էին նրանք, երբ Երևանում մետրոյի կայան էր անվանակոչվում Նժդեհի անունով, հրապարակ էր բացվում, այն ժամանակ հասկանո՞ւմ էին, որ Հայաստանը անկախ Հանրապետություն է և իրենց գործը չէ փողոցների, հրապարակների, մետրոյի կայանների անվանակոչությանը խառնվել, հիմա ի՞նչը չեն հասկանում: Ի՞նչ է փոխվել:
«Մենք ունենք մեր հերոսները, մեր պատմական կերպարները, մեր պատմությունը, և ում արձանը երբ, որտեղ կդնենք, կդնենք կամ չենք դնի, բացառապես վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը» Tert.am-ի հարցին արձագանքել էր ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Ցանկացած նման հայտարարություն անող անձի, պետական պաշտոնյայի ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ և ինքնիշխան պետություն է։ Հայ ժողովրդի և միայն մեր որոշելիքն է՝ ում արձանը դնենք, որտեղ դնենք և ինչու դնենք։ Որևէ այլ կարգի մեկնաբանություն այլ երկրի մեծ, միջին, փոքր, նիհար, հաստ կամ բարակ պաշտոնյայի անընդունելի եմ համարում, մերժում եմ այդ կարգի հայտարարությունները, թող գնան, իրենք իրենց նայեն, իրենց արձաններին նայեն և իրենց պատմությանը նայեն, մեր պատմության տերը միայն մենք ենք»՝ ասել էր պատգամավորը, բայց սա եզակի ուղղակի պատասխան է, նրա գործընկերներն ու պատմաբանները կամ լռում են, կամ՝ սկսում բացատրություն տալ ու արդարանալ:
Արձագանքեց նաև ԱԳՆ-ն: Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա, ինչպես նաև` թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող բազմաթիվ արձաններ կան: Այս արձանները տեղադրված են նրա համար, որ Առաջին հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությանը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկած Ադրբեջան պետության զինված խմբավորումների ոտնձգություններից, ինչպես նաև կազմակերպեց Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը:
Եվ որևէ անհասկանալի բան չկա, թե ինչու է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը, որն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների: Անբարո ու անարդյունավետ եմ համարում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը»:
Ստացվում է, որ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակին կամ հարկ չի համարում պատասխանել ու փարատել նրա զարմանքը «Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ», կամ՝ նրան համարում է ադրբեջանցի, որ պատասխանում է միայն
ադրբեջանցիներին: Այս դեպքում՝ երկու տարբերակն էլ ճիշտ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչդեռ Գարեգին Նժդեհն անգամ իր արձանով ուսուցանում է ինչպես անկախ ու արժանապատիվ լինել, քաղաքական գործիչներից՝ պատմաբաններ գերադասում են բացատրություններ տալ ու արդարանալ, թե ինչո՞ւ է Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանը բացվել: Պատմությունը՝ պատմություն, բայց Հայաստանի անկախության դեմ ոտնձգությանը պետք է համարժեք պատասխան տալ, ոչ թե բացատրել՝ ո՞վ է, ինչ է արել ու ինչ չի արել Նժդեհը: Մարիա Զախարովային պետք է ուղարկել Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված արձանների ուսումնասիրության՝ Պուտինից Ժիրինովսկի, ու գնահատության: Իսկ եթե, այնուհանդերձ, պարապ ժամանակ մնա, թող ոչ թե Ալիևի, այլ՝ միանգամից Էրդողանի փաստաբանը դառնա, նաև կնպաստի ռուս-թուրքական հարաբերությունների ցանկալի բարելավմանը: Լավրովն էլ կգնահատի: Զախարովայի մասշտաբներով, ընդունեք, որ Ալիևը մանր գործիչ է: Իսկ եթե Լավրովը (ուրեմն՝ Պուտինը) Զախարովայի առաջ խնդիր է դրել ՀՀԿ-ին իր «անհասկացությունը» հայտնել, Նժդեհն ի՞նչ մեղք ունի, նա ՀՀԿ-ի սեփականությունը չէ: