Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վլադիմիր Պուտին՝ խոսքեր ու իմաստներ

Վլադիմիր Պուտին՝ խոսքեր ու իմաստներ
20.06.2016 | 23:36

Ակնհայտորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հաճույք է ստանում սեփական թուլությունների նվազեցումից, ընդդիմախոսների թույլ կողմերը իր շահերի համար օգտագործելուց և դերերի ճկուն փոխատեղումից՝ սուր կատակներով: Քանի դեռ նա ելույթ էր ունենում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, տեղեկություն ստացվեց, որ Եվրամիությունը որոշել է երկարացնել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ 2014-ին Ղրիմի անեքսիայի պատճառով:


Տնտեսագետ Պուտինը
Իր ելույթում և պատասխանելով CNN-ի թղթակից Ֆարիդ Զաքարիայի հարցին՝ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանին չեն հուզում Արևմուտքի պատժամիջոցները, որ ռուսական տնտեսությունը վերականգնվում է և շուտով աճ կգրանցի, սակայն նա չհիշատակեց, որ պատժամիջոցները մտցվեցին Ղրիմի անեքսիայի պատճառով: Հետո նա ավելի սրեց իրավիճակը՝ հայտարարելով, որ եվրոպական բիզնեսն ուզում է պատժամիջոցները հանել, իսկ քաղաքական գործիչները՝ ոչ: «Եվրոպական բիզնեսն ուզում է և պատրաստ է մեր երկրի հետ համագործակցելու: Քաղաքական գործիչները պետք է ընդառաջ գնան բիզնեսին, իմաստություն ու հեռատեսություն դրսևորեն: Մենք պետք է վերադարձնենք վստահությունը ռուս-եվրոպական հարաբերությունների նկատմամբ, վերականգնենք փոխգործակցության մակարդակը»՝ ասաց նա և հավելեց, որ պետք չէ մեղադրել Ռուսաստանին Արևմուտքի հետ հարաբերություններում լարումը զարգացնելու համար: «Մենք հիշում ենք՝ ինչից սկսվեց: Ռուսաստանը չէր այսօրվա տարաձայնությունների ու պրոբլեմների նախաձեռնողը, պատժամիջոցներ սահմանողը: Մեր բոլոր գործողությունները եղել և մնում են բացառապես ի պատասխան: Բայց մենք վատը չենք հիշում և պատրաստ ենք ընդառաջ գնալու մեր եվրոպացի գործընկերներին: Դա, անկասկած, չի կարող լինել խաղ մեկ դարպասի վրա»:


Դիվանագետ Պուտինը
Երբ խոսք եղավ Սիրիայի մասին, Պուտինը խուսանավեց Զաքարիայի հարցից, որ խնդրեց մեկնաբանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոստումը՝ հետ վերցնել տարածքների յուրաքանչյուր դյույմը: Պուտինը դիվանագետ դարձավ՝ ասելու, որ հասարակության ժողովրդավարական կարգին հասնելու միակ ճանապարհը ընտրություններն ու նոր Սահմանադրությունն են: Ամերիկացիները, որոնց Պուտինն անվանում է «մեր գործընկերները», ցանկանում են, որ Ասադն անհապաղ հեռանա, բայց ՌԴ նախագահի կարծիքով, դա ճիշտ չէ. «Պետք չէ ձգտել անհասանելի ու չկատարվող նպատակների»:


Հերքող Պուտինը
Սանկտ Պետերբուրգի համաժողովում, ուրբաթ օրը, ընդամենը մի քանի ժամ առաջ՝ մինչև Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան որոշում կընդուներ արգելել ՌԴ-ի թեթև ատլետների միջազգային մրցումներին մասնակցությունը դոպինգային խախտումների պատճառով, Պուտինն ասաց Զաքարիային, որ Ռուսաստանը բնավ էլ չի պաշտպանում դոպինգի գաղափարը և միշտ պայքարել է դոպինգի դեմ. «Միանգամայն պարզ է, և ես ուզում եմ ընդգծել, որ սպորտում որևէ խախտումների, առավել ևս դոպինգին վերաբերող, աջակցություն պետական մակարդակով Ռուսաստանում չի եղել ու չի կարող լինել: Մենք համագործակցել ենք ու համագործակցելու ենք բոլոր միջազգային կառույցների հետ, որ այդ ոլորտում աշխատում են»: «Դոպինգի խնդիրը միայն Ռուսաստանինը չէ, ամբողջ մարզական աշխարհինն է: Եվ եթե ինչ-որ մեկը ձգտում է այդ ասպարեզում քաղաքականություն ներմուծել, ես կարծում եմ՝ մեծ սխալ է անում»:


Քաղաքական գործիչ Պուտինը
Վլադիմիր Պուտինը քիչ օգուտներ չքաղեց՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպին «վառ անհատականություն» անվանելով: Այդ մեկնաբանության իմաստը մասնակի կորչում էր թարգմանության մեջ, որովհետև ռուսերեն բառը իմաստային բազում նրբերանգներ ունի: Պուտինը խաղաց այդ թյուրըմբռնման վրա՝ ժպիտով հարցնելով Զաքարիային. «Ինչո՞ւ եք ամեն ինչ չափազանցում»: «Ես հընթացս ասել եմ, որ Տրամպը վառ անհատականություն է: Այդպես չէ՞: Այլ որակումներ ես նրան չեմ տվել»: «Բայց ես ուշադրություն եմ դարձնում և ողջունում եմ, վատ ոչինչ չտեսնելով, որ պարոն Տրամպը հայտարարեց, թե պատրաստ է ռուս-ամերիկյան հարաբերություններն ամբողջ ձևաչափով վերականգնել: Ի՞նչն է վատ: Մենք ողջունում ենք: Դուք ո՞չ»: Երբ Պուտինին հարցրին Հիլարի Քլինթոնի մասին, նա նորից կատակեց, ասելով, որ տիկին Քլինթոնի մասին նախկին բացասական մեկնաբանությունները իմպուլսիվ էին և թելադրված Բիլ Քլինթոնի նկատմամբ ունեցած երախտագիտությունից, երբ նա «ուշադրություն ու հարգանք» դրսևորեց, նախագահի պաշտոնը իր ստանձնելու ժամանակ: «Հիլարի Քլինթոնը կարող է իր տեսակետն ունենալ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: Երբեմն մարդկանց սկսում ես չճանաչել: Երբ հայտնվում է պատասխանատվության այլ մակարդակ, նրանք սկսում են այլ կերպ խոսել ու մտածել ու նույնիսկ արտաքուստ են փոխվում: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի ղեկավարի պատասխանատվության զգացումը, մի երկրի, որից աշխարհում այսօր շատ բան է կախված, նորընտիր նախագահին կդրդի Ռուսաստանի հետ համագործակցել և, ուզում եմ ընդգծել, ավելի անվտանգ աշխարհ ստեղծել»:

Հաճույքով բանավեճի մեջ մտնող Պուտինը որոշեց այդքանով չսահմանափակվել և քննադատեց ԱՄՆ-ի ընտրական համակարգը. «Իսկ դուք, ի՞նչ է, կարծում եք, թե այնտեղ նախագահի ժողովրդավարակա՞ն ընտրություններ են» հարցրեց Պուտինն ու հավելեց, որ ԱՄՆ-ի պատմության մեջ նվազագույնը երկու անգամ մեծամասնության կամքն անտեսվել է: «ՈՒրեմն՝ մի խցկվեք Ռուսաստան, ի՞նչ եք անընդհատ խցկվում»:


«ԱՄՆ-ը գերտերություն է, այսօր, հավանաբար, միակ գերտերությունը: Մենք դա հասկանում ենք: Աշխարհին պետք է այդպիսի հզոր պետություն: Մեզ էլ է պետք, բայց մեզ պետք չէ, որ նրանք մշտապես խառնվեն մեր գործերին, սովորեցնեն՝ ինչպես ապրենք, խանգարեն Եվրոպային մեզ հետ հարաբերություններ կառուցել»:
«Երբ ընտրեն, մենք կաշխատենք ցանկացած նախագահի հետ, ում վստահություն է հայտնել ԱՄՆ-ի ժողովուրդը՝ հույս ունենալով, որ նա կձգտի մեր երկրի հետ հարաբերությունները զարգացնել և կնպաստի ավելի անվտանգ աշխարհի կառուցմանը»:
Ջիլ ԴՈԵՐՏԻ, CNN, ԱՄՆ


Հ.Գ. Փաստորեն՝ Սանկտ Պետերբուրգում Պուտինն ընդունել է, որ ԱՄՆ-ը աշխարհի միակ գերտերությո՞ւնն է: Սա շքեղ ռևերանս է հեռացող Բարաք Օբամային և դիվանագիտական հեռագնա ժեստ ապագա նախագահին: Պուտինին օր առաջ պետք է ձերբազատվել պատժամիջոցներից և ռեստարտ տալ ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ նա բավարար ժամանակ ունեցավ՝ համոզվելու, որ Եվրոպան պատժամիջոցները միակողմանի չի հանի, որքան էլ առանձին պետություններ տարբեր հայտարարություններ անեն: Կա համակարգ և համակարգի դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ՝ աշխատել նրա հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ