Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Բրեկզիտ՝ քվեարկություն, որ փոխում է ամեն ինչ

Բրեկզիտ՝ քվեարկություն, որ փոխում է ամեն ինչ
24.06.2016 | 23:12

Ինչի՞ց սկսել: Այս քվեարկությունը փոխեց ամեն ինչ: Մի հարվածով ոչնչացվեց այն տնտեսական ու արտաքին քաղաքականությունը, որ մշակվում ու կենսագործվում էր համարյա կես դար: Քաղաքական իստեբլիշմենտը կոտրվեց էլիտայի դեմ բունտի հետևանքով: Միացյալ Թագավորության երկրները բաժանվեցին, իսկ Անգլիան տրոհվեց մեծ քաղաքների և հետինդուստրիալ ծայրագավառների: Քվեարկություն գլոբալացման դեմ: Եվրոպան ու Արևմուտքը թուլացնող որոշում: Քաղաքական երկրաշարժ: Սրանք շատ զուսպ բնորոշումներ են: 60 տարի առաջ Սուեզի ճգնաժամը վարագույրն իջեցրեց կայսրության վրա: Հանրաքվեի արդյունքում չափազանց մանրատված Բրիտանիան հրաժարվեց արևմտյան գլխավոր երկրներից մեկի դերից: Դևիդ Քեմերոնը զգուշացնում էր, որ Եվրոպայի հետ կամուրջները կտրելու որոշումը երկրին վիթխարի վնաս կհասցնի: Բայց դրանով գործը չի փակվում: Բրիտանիան, հարյուրամյակներ գլոբալ խաղացող ու կայսրություն լինելով, երկար ժամանակ իրեն հավասարը չունենալով, նահանջի փող հնչեցրեց: Մոռացեք նոստալգիկ երազները երկրի մասին, որ վայր է նետում Բրյուսելի կապանքները ու ահա-ահա նորից նվաճում է աշխարհը: Հաջորդ տասնամյակները Բրիտանիան կանցկացնի իր դերի որոնումներում, որը էականորեն նվազում է:


ԵՄ-ի դեմ քվեարկությունը կարող է դառնալ քվեարկություն Բրիտանիայի դեմ: Բրեկզիտի կողմնակիցները անգլիացի ազգայնականներն են: Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան չեն ուզում ԵՄ-ից դուրս գալ: Ինչպես և Լոնդոնը, որ բացառապես գլոբալացված քաղաք է: Մի միությունից դուրս գալը կարող է կործանարար լինել մյուսի համար: Ո՞վ կարող է մեղադրել շոտլանդացիներին, որ Եվրոպան նախընտրում են Անգլիայից, որը վճռել է ինքնամեկուսանալ և ինքն իր դեմ հանդես գալ: Որքա՞ն ժամանակ կանցնի մինչև այն պահը, երբ անգլիացիներին կձանձրացնի Հյուսիսային Իռլանդիայի հաշիվները վճարել: Հինավուրց վարչակարգի դեմ այդ ապստամբության քաղաքական ցնցումները շատերը կզգան՝ բրիտանական ափերից հեռու: Սա հզոր հարված է Եվրոպային և նախազգուշացում համընդհանուր ճանաչում ունեցող կուսակցություններին ազատական ժողովրդավարական պետություններում: Այս ելքը հետևանք էր գլոբալացման դեմ ապստամբության և բրյուսելյան եվրաչինովնիկների դեմ զուտ բրիտանական հակակրանքի: Ներգաղթը ևս նշանակալից դեր խաղաց՝ Բրիտանիան միշտ բաց է եղել արտաքին աշխարհի առաջ: Ինչքան հեշտ ու պարզ անզուսպ հայրենասիրությունը կարող է վերածվել ազգայնականության: Բոլոր առաջադեմ ժողովրդավարություններում քաղաքականության մեջ խմորումներ են սկսվում՝ հարուստ էլիտաների դեմ դժգոհությունից: Հայացք նետեք Եվրոպայի երկրներին, ապա՝ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, ուր նախագահական ընտրարշավ է վարում Դոնալդ Տրամպը, ու կտեսնեք նույն եռացող զայրույթը գլոբալացումից, միգրացիայից, սոցիալական կարիքներին հատկացվող եկամուտների կրճատումից: Հետպատերազմյան քաղաքական աշխարհակարգը, որտեղ գերիշխում էին աջ և աջկենտրոնամետ կուսակցությունները, աննախադեպ ճնշում է ապրում:

Ծայրահեղ ձախերի և աջերի ուժգնացող պոպուլիզմը հիշեցնում է 1930-ականները: Անգլիայում քվեարկության առանձնահատկությունները շատ խոսուն են՝ գոյություն ունեցող տարաձայնությունների առումով: Լոնդոնը գերակշռող մեծամասնությամբ մնալուն էր կողմնակից: Հեռանալու օգտին քվեարկեցին նախ և առաջ ծայրամասերը հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում, որ իրենց լքված ու մոռացված էին զգում գլոբալացման կողմից: Քեմերոնը հարկադրված է հեռանալ: Պատմությունը նրան կհիշի իբրև վարչապետի, որ սեփական կուսակցությունը հանգստացնելու համար խաղաքարտին դրեց երկրի ապագան: Բայց քաղաքական հետևանքները շատ ավելի հեռուն կտանեն, քան պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրություններն էին: Լեյբորիստներին վիթխարի չափող կողմ քվեարկությունը մարտահրավեր էր կուսակցության գծին: Հիմա, երբ տորիները տրոհված են, իսկ լեյբորիստները հակահարված են ստացել, դժվար է պատկերացնել, թե ինչպես է պահպանվելու գոյություն ունեցող կարգը:


Մերձավոր հեռանկարում տնտեսական շոկն է, ֆինանսական շուկաների տուրբուլենտությունը կուղեկցվի քաղաքական կաթվածով: Ժողովուրդը քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին, բայց համաձայնություն չկա, թե ինչը կարող է փոխարինել անդամությանը: Ով էլ Բրեկզիտի կողմնակիցներից Դաունինգ սթրիթում փոխարինի Քեմերոնին (վատագույն ընտրությունը կլինի Բորիս Ջոնսոնը), դժվար է լինելու կոնսենսուսի գալը:


Բրիտանիան ոչ սովից կմեռնի, ոչ ժանտախտից: Բայց կաղքատանա ու կթուլանա: Ճիշտ էր ասում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ Եվրոպայում Բրիտանիայի ունեցած դերը ամրապնդում է նրա ազդեցությունը Վաշինգտոնում: Կարող եք հավելել մի տասնյակ երկիր՝ Պեկին, Դելի, Տոկիո, և՝ շարունակաբար:
Աշխարհն այլևս Արևմուտքին չի պատկանում: Ազատությանը, ժողովրդավարությանը, օրենքի իշխանությանը՝ բոլոր այն արժեքներին, որոնց հեղինակությանը հաճախ է հավակնում Բրիտանիան, մարտահրավեր է նետված: Եվրոպան, չնայած իր անտանելիությանն ու բոլոր թերություններին, այն հաստատությունն էր, որի միջոցով Բրիտանիան կարող էր դրական ազդեցություն գործել: Արտաքին գործերի մի նախկին նախարարի խոսքով՝ վերջին 70 տարիներին Բրիտանիան միջազգային գործերում մշտապես ուժից վեր բեռներ էր առնում իր ուսերին: Իսկ հիմա վճռել է հեռանալ, բայց այդ ինքնամեկուսացումն արտացոլում է թե բրիտանական շահերի ինտերնացիոնալ բնույթը, թե մռայլ աշխարհաքաղաքական իրողությունները: Ինչքա՞ն ժամանակ կանցնի՝ մինչև զղջումը:
Ֆիլիպ ՍԹԻՎԵՆՍ, The Financial Times, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Եվրոպական մայրաքաղաքներում արտակարգ նիստեր են գումարում՝ իրավիճակն ու անելիքները հասկանալու համար, Բրյուսելը արդեն ժամանակացույց է կազմում՝ ինչպես է Մեծ Բրիտանիան դուրս գալու Եվրամիությունից: Կանցնի ոգևորությունը, ու ի՞նչ կմնա: Հոկտեմբերին՝ կուսակցական համագումարից հետո, հրաժարական կտա վարչապետ Դևիդ Քեմերոնը: Գուցե իսկապես նոր ժամանակներ են սկսվում, բայց դա կարող է վերաբերել միայն Անգլիային, իսկ Միացյալ Թագավորությունը կարող է տրոհվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ