Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Գերմանական ճշգրիտ հաշվարկներ

Գերմանական ճշգրիտ հաշվարկներ
28.06.2016 | 00:23

Գերմանական Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց, գրեթե միաձայն, ճանաչեց հայերի ցեղասպանությունը և իր մեղսակցությունը հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության մեջ: Ինչո՞ւ այսօր և ինչո՞ւ այսքան միակամ:


Այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուղղակիորեն հայ ժողովրդի ողբերգության հանդեպ ցուցաբերած գնահատական չէ սոսկ, պարզ է: Մենք լավ գիտենք, որ հայերի ցեղասպանության հարցն աշխարհի խաղացողների ձեռքի խաղաքարտն է եղել և կա, եթե այն օրակարգում է, ուրեմն պիտի մտածել՝ ինչու է դարձել օրակարգային և անել համարժեք հետևություններ: Իսկ երբ այն դադարում է խաղաքարտ լինելուց, դառնում է արդեն ազդեցության լծակ: Այսօր, այն որպես լծակ օգտագործելով, Գերմանիան կարողացավ լուծել իր անցյալին, ներկային և ապագային առնչվող հարցեր: Փորձենք անդրադառնալ այդ հարցերին: Շատ նուրբ դիտարկմամբ անդրադառնանք մի հոգեբանական հարցի: Թեև Գերմանիան ճանաչել, հատուցել ու հատուցում է հրեաների դեմ կատարած իր մեղքի համար, այնուամենայնիվ, մեղքի ծանր բարդույթը դեռ շարունակում է կրել: Դրան գումարվում է հայերի ցեղասպանության մեջ Գերմանիայի ուղղակի մեղսակցությունը, որը, հոգեբանորեն երբ դիտարկելու լինենք, ապա ենթագիտակցորեն սա կրկնակի մեղքի բեռից ազատվելու հնարավորություն է գերմանացիների համար: Միևնույն ժամանակ թոթափում են իրենց վրայից «եզակի հրեշ ոճրագործի» բարդույթը, սրանով նաև ակնհայտ դարձնում, որ կա նաև նախադեպ. հրեաների ցեղասպանությունը միակը չէ, և որ իրենք «միակ ցեղասպանը» չեն: Սա հոգեբանական ծանրագույն հարց է գերմանացիների համար, ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումը առիթ է հոգեբանորեն ազատվելու նաև մեղքի շարունակական բեռի ծանրությունից:


Կրկնակի բեռ է, ուստի ճանաչումը գերմանացիներին ազատում է կրկնակի մեղքի բեռից: Եվրոպական որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այն ազդեցությունը չունի, ինչպես Գերմանիայի ճանաչումն է, իրողություն է այն հանգամանքը, որ Գերմանիան Հոլոքոստի միակ պատասխանատուն է, իսկ սա ի՞նչ առնչություն կարող է ունենալ հայերի հանդեպ Թուրքիայի գործած մեղքի հետ: Գերմանիան, ճանաչելով հայերի ցեղասպանությունը, ճանաչում է Թուրքիայի առաջին ցեղասպան լինելը, Թուրքիայի վրա այն կիրառելով` դնում է միջազգային մեղքի մեծ բեռ: Իրականում սա լուրջ հարված էր Թուրքիային, այն իմաստով նաև, որ արևմտյան երկրներից որևէ մեկի ճանաչումն այս ուժը չէր ունենա: Երբ Գերմանիայի նման առաջատար մի երկիր այս մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ապա այն նաև մարտահրավեր է Թուրքիային և մնացած այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել: Սրանով նաև Գերմանիան չափավորում է այն մշտական «շանտաժը», որ կրում է իր պատմության մութ էջի` իրենց գործած մեղքի համար, ինչպես նաև մի ազդակ է ուղղված ՆԱՏՕ-ին և ամերիկյան քաղաքական ու ռազմական վերնախավին` անուղղակիորեն ընդունել տալու գերմանացիների սուվերենությունն ու Եվրոպայում առաջատար լինելու իրողությունը և իր հարցերն ինքնուրույն տնօրինելու վճռականությունը: Ակներև է, որ Թուրքիայի հանդեպ այս տեսակ ճնշումն անցանկալի է վերոհիշյալների կողմից, միևնույն ժամանակ անցանկալի են Գերմանիայի ներկա հզորացման տեմպերն ու աճող սուվերենությունը:


Ինչու մինչ օրս հենց Գերմանիան չէր համարձակվում ճանաչել հայերի ցեղասպանությունը և ահա հիմա գնաց այս վճռական քայլին: (Բանաձևի կետերին չեմ անդրադառնում, քանի որ դրանք առանձին վերլուծության կարիք ունեն):
Նախ՝ անկառավարելի էր դառնում Էրդողանի մշտական շանտաժներով ուղեկցվող «առևտուրը», Գերմանիայի դիվանագիտական քայլերն ու զիջումները ավելի մեծ ախորժակ էին բացում Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան իր ձեռքի տակ ուներ երկու հզոր լծակ: Առաջինը Գերմանիայի ներսում ապրող ահռելի թուրքական համայնքն է, ըստ պաշտոնական տվյալների՝ երեք միլիոն, սակայն այդ թիվն ավելի մեծ է: Գերմանիայում լսելի է այսպիսի հեգնական կարծիք, որ մայրաքաղաք Բեռլինը երրորդ թուրքական քաղաքն է, Անկարայից ու Ստամբուլից հետո, Բեռլինում կան թաղամասեր, որտեղ գերմաներեն գրեթե չեն խոսում, բավական է տիրապետել թուրքերենին:
Շանտաժի մյուս լեզուն փախստականների հոսքը իր ձեռքում ունենալու հնարավորությունն է, որ Թուրքիան հրաշալի կիրառում է, պահանջում համապատասխան ֆինանսավորում Եվրոպական միությունից, վիզաների ազատականացում, Եվրոպական միությանն առանց նախապայմանի անդամակցություն:


Թուրքիայի այս լկտի պահվածքի դիմաց դիվանագիտական քայլերն այլևս չէին աշխատում, իսկ ժամանակը աշխատում էր ի վնաս Գերմանիայի: Գերմանիայի ներսում հասունանում էր բնակչության դժգոհության մեծ ալիք, կարճ ժամանակում «AFD» (Alternative for Deutschland- այլընտրանք Գերմանիայի համար) կուսակցությունը անասելի թվով հետևորդների աճ գրանցեց:
Մի շատ կարևոր դիտարկում ևս. այս որոշմամբ Գերմանիան կանգնեցնում է մահմեդականների կողմից շարունակվող եվրոպական արժեքների` դեմոկրատիայի, ազատ խոսքի չարաշահման ու շանտաժի ճամփան: Այն կարող է նաև ապագայում կասեցնել զարգացող դեմոգրաֆիական փոփոխությունները հօգուտ մահմեդականների: Եվրոպան միաբանվում է ընդդեմ փախստականների նոր արշավի:


Եվրոպան կրկին դառնում է ինքնուրույն, Գերմանիան մնում է առաջատար: Եվ, ի վերջո, Եվրոպան գիտակցում է իր քրիստոնյա լինելը կամ ուղղակի պարտավոր է գիտակցել ի շահ իրեն ու իր արժեքների: Այո, Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից ունի դեռ վերլուծելու կողմեր, նշանակություն ունի բազմաթիվ առումներով, բանաձևի ընդունումը հրաշալի պատասխան էր նաև այն գերմանացի և եվրոպացի թուրքամոլ գիտնականներին ու քաղաքական գործիչներին, ովքեր մոռացել էին, որ իրենց մարդկային տկարություններով անկարող են դիմակայելու պատմական իրողությանն ու ապագայի մարտահրավերներին: Իրողության ժխտողականությունը երկար ընթացք չի կարող ունենալ: Անդրադառնանք, սակայն, հարցի կարևորությանը մեզ` հայերիս համար: Հայաստանի և հայության համար, անտարակույս, այն ունի զգալի նշանակություն: Նախ՝ Թուրքիան կսկսի չափավորել իր լկտի կեցվածքն ու ագրեսիան Հայաստանի հանդեպ, մասնավորաբար, բացահայտ աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային և, ի վերջո, ուղղակի սատարումը վերջինիս սանձազերծած «բլիցկրիգին» Արցախի Հանրապետության նկատմամբ: Այստեղ կարևորություն է ստանում նաև այն հանգամանքը, որ Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահող երկրի ղեկավարությունը, ուստի ունի դրված պարտականություններ, մասնավորաբար՝ նաև Արցախի հիմնահարցի ու նոր զարգացումների առումով:


Որքան էլ հայերիս համար կրկնակի ցավ են մեր նախնիների արյան վրա արվող քաղաքական միջազգային շահարկումները, մենք պարզապես պարտավոր ենք սթափ գնահատել տեղի ունեցող և զարգացող քաղաքական անցուդարձերը: Պարտավոր ենք տերը լինել մեր պատմության ու մեր ճակատագրի, մանավանդ այսօր, երբ կանգնած ենք նոր փորձությունների առաջ: Հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան երկիրը դեռ շարունակում է իր ոճրագործությունը:


ՈՒղղակի աջակցում Ադրբեջանի ռազմական ոճրագործությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանդեպ, դա վկայությունն է այն բանի, որ այս բանաձևերը բավական չեն, ոճրագործը պիտի նստի դատապարտյալի աթոռին և հատուցի հայ ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման համար: Նաև այստեղ գերմանացիները կարող են օրինակ ծառայել թուրքերին՝ զղջումի, ներողության և հատուցումի առումով: Միայն այսպես է հնարավոր ապագային նայել, միայն այսպես է հնարավոր ցանկալի խաղաղության հասնել թե՛ մեր հոգիներում, թե՛ աշխարհում: Մենք, սակայն, պարտավոր ենք այս ամենից հետևություն անել, ճշգրիտ հաշվարկել մեր սեփական շահը, նույնիսկ մեկ դար հեռավորության. գերմանացիները կարողացան իրենց մեղքի ճանաչումն անգամ ի շահ իրենց գործի դնել, հաշվարկեցին, հասունացրին և իրենց շահավետ պայմաններում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում իրականացրին:
Մենք պարտավոր ենք մեր ճակատագրի վերաբերյալ քաղաքական իրադարձություններին զուգընթաց այդպիսի ճշգրտությամբ հաշվարկել մեր սեփական շահը, համատեղել ու իրականացնել օտարների հաշվենկատ ու շահադիտական քաղաքական գործընթացներին համապատասխան, Հայոց ցեղասպանության հարցը տանել իրավական դաշտ և պահանջել այն արժանի հատուցումը, որն ամրագրված է միջազգային օրենքով, իսկ միջազգային օրենքն արդեն գործել է հրեա ժողովրդի դեմ իրագործված ոճրագործությունը դատապարտելով:
Հայ ժողովուրդը սպասում է և հասնելու է այդ դատաստանին:


Մանուշակ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Գերմանիա, Համբուրգ
Հ. Գ. Մինչ ես իմ այս հոդվածն էի հասցնում իր ավարտին, Բեռլինում, Մերկել-Ալիև հանդիպման ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հասցրեց մի վտանգավոր և ինքնանպատակ հայտարարություն անել: Զավեշտ է, երբ մի երկրի պառլամենտ արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դատապարտել և ընդունել իր սեփական մեղքն անգամ իսկ, այդ երկրի կանցլերը խոսում է հայ և թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին: Պատմաբանների հանձնախմբի ստեղծումը թուրքական ժխտողական քաղաքականության մի բաղադրիչն է, որը հարցը մշտապես քաղաքական-իրավական բնույթից զրկելու նպատակ ունի, իսկ Անգելա Մերկելն ուղղակիորեն կրկնում է այդ թուրքական թեզը, որը, անկասկած, ունի քաղաքական նպատակ:
Հարցն արդեն վաղուց ոչ թե պատմաբանների, այլ իրավաբանների քննության առարկան է: Հարկ է դա հիշեցնել նաև գերմանացի իրավաբաններին:

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ