Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ՌԴ՝ վտանգավոր ջրեր

ԱՄՆ-ՌԴ՝ վտանգավոր ջրեր
07.07.2016 | 15:36

Միջազգային ասպարեզում Քերի-Լավրով զույգը անփոխարինելի է: Դիմակայության վրա հիմնված կապ և փոխադարձ հարգանք: Սակայն ՆԱՏՕ-ի սամմիթի նախօրեին Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները թվում են խիստ վատ: Մնում է պարզել, թե վերածնվող մրցակցության վրա ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ նախագահական ընտրութունները՝ գրում է Վաշինգտոնում Le Figaro-ի հատուկ թղթակից Լորա Մանդևիլը: Քերին ու Լավրովը համարյա անբաժանելի են դարձել՝ հարկադրված լինելով խոսել միմյանց հետ, բայց ի վիճակի չլինելով պայմանավորվել Սիրիայի հարցում: Գուցե նրանք իրոք տարօրինակ զույգ են:


ՌԴ-ն ու ԱՄՆ-ը տեսականորեն համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է վերացնել ԻՊ-ի սպառնալիքը: Բայց ԱՄՆ-ը համոզված է, որ հաշվի առնելով Բաշար Ասադի վիթխարի պատասխանատվությունը իր ժողովրդի ոչնչացման մեջ, քաղաքացիական պատերազմի ավարտը պահանջում է նրա հեռանալը: Ռուսները մտածում են, որ իրենց աջակցությունը Ասադին ներկա պահին միակ կենսունակ ընտրությունն է ԻՊ-ին դեմ հանդիման, որ թույլ է տալիս թուլացնել քաղաքացիական պատերազմի բոլոր մյուս բաղկացուցիչները: Նրանց համար Սիրիան միջազգային խաղ վերադառնալու միջոց է ԱՄՆ-ի հետ պարիտետային սկզբունքներով: Եվ՝ վերացնելու խոչընդոտները պատժամիջոցների տեսքով, որ սահմանել է Արևմուտքը Ղրիմի անեքսիայի և ՈՒկրաինայի անկայունության պատճառով:


ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հյորբստը, որ այսօր ռուսական դոսիեի պատասխանատուն է ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհրդում, համեմատում է «ոճը, որով Լավրովը գերիշխում է Քերիին ու նրան մարգինալացնում, մեթոդի հետ, որ Քիսինջերն օգտագործում էր Գրոմիկոյի հետ հարաբերվելիս Եգիպտոսի ու Սիրիայի խաղաղ բանակցությունների ժամանակ»: Իր հերթին սենատոր Ջոն Մակքեյնը կոկորդ է պատռում. «Ողջամտությունն այս կոնֆլիկտին վերջ չի դնի: Պուտինին գործընկերություն պետք չէ: Նա ուզում է ամրապնդել Ասադի իշխանությունը և սրել փախստականների ճգնաժամը Եվրոպայում, որպեսզի քայքայի մեր Ատլանտյան ալյանսը: Նրա ախորժակը բացվում է ուտելիս: Դա նրան հաջողվում է, որովհետև մենք ենք թույլ տալիս»: Գալով իշխանության՝ Բարաք Օբաման ձգտում էր մոռանալ Բուշի դարաշրջանի լարվածությունը և ռուս-վրացական 2008-ի պատերազմը, նա պատրաստ էր Մոսկվայի հետ համագործակցել:

«Վերբեռնման» ժամանակն էր եկել, հարաբերությունների վերակենդանացման, սակայն ներքին բողոքական շարժումը, որ ծագեց Ռուսաստանում 2012-ին, խարխլեց այդ գեղեցիկ կառույցը: Կրեմլը Վաշինգտոնին մեղադրեց այդ շարժումները կազմակերպելու մեջ՝ մատնացույց անելով Հիլարի Քլինթոնին: Այդ պահին «վերբեռնումը» վախճանվեց: Այդ ժամանակից հարաբերությունները վատանում են: Շրջադարձային դարձավ 2014-ը, երբ Պուտինը վճռեց բռնակցել Ղրիմը՝ հղում անելով «ժողովրդի կամքին»:
«Կոմինտերնից հետո սկսվում է Պուտինտերնը»՝ հեգնում է Ռուսաստանի գծով փորձագետ Ֆրանսուազա Թոմը: Եվրոպայի երկնքում հաճախացան վախ սփռող ռազմական գործողությունները, երբ ռուսական կործանիչները իրենց հանդուգն են պահում ՆԱՏՕ-ի նավերի ու ինքնաթիռների նկատմամբ:

«Անթույլատրելի է»՝ բացականչում է Քերին՝ չառարկելով: Վերջերս հայտնի դարձավ, որ ռուսական հատուկ ծառայությունները պարբերաբար հետապնդում են ԱՄՆ դիվանագետներին: Հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել՝ սկսած Բրեժնևի դարաշրջանից: ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ անվտանգության հարցերով նախկին տեղակալ Դերեկ Շոլեն անհանգստացած է «ռազմական սադրանքներից, որ կարող են պատահաբար դուրս գալ վերահսկողությունից»: ԱՄՆ դիվանագետը վստահ է, որ Պուտինը «ուղիղ տանում է մեզ 1930-ական թթ., եթե մենք անուշադրության մատնենք իրավիճակը»: «Ռուսական մամուլը ՈՒկրաինայի մասին խոսում է, ինչպես Գերմանիան էր խոսում Լեհաստանի մասին այն ժամանակ»,- կարծում է Դերեկ Շոլեն: Նա համոզված է, որ Մոսկվան փորձում է ստեղծել ենթադրելի կապ սիրիական գործերի առաջընթացի և ՈՒկրաինայի պատժամիջոցների վերացման միջև:

«Բայց մենք այդ խայծը կուլ չենք տա»՝ հայտարարում է նա՝ բացատրելով «Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը գնելու փորձը նրան վաճառելով ՈՒկրաինան՝ աղետ կդառնա»: «Ինձ համար այսօրվա Ռուսաստանը համադրելի է 1980-ականների ԽՍՀՄ-ի հետ՝ ինքնավստահ, ագրեսիվ, բայց թույլ ներսից»՝ ախտորոշել է ամերիկացի դիվանագետը: Ռեալիստներն ու ռազմաշունչները համամիտ են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները խաղաքարտերը վերադասավորելու մեջ վճռական դեր կխաղան: Եթե ընտրվի Հիլարի Քլինթոնը, խստացում է սպասվում: Դոնալդ Տրամպը, հակառակը, բնազդորեն հակված է երկխոսության Պուտինի հետ, որ հմայում է նրան: «Ինձ շատերն են ասում, որ ռուսները խելամիտ չեն: Ես մտադիր եմ ստուգել»,- ասել է նա ապրիլին: Սակայն Տրամպը հազիվ թե նույն բարեհոգի պահվածքը դրսևորի, եթե իմանա, որ ռուսական կործանիչները թռչում են մեր նավերի վրայով՝ մնալով անպատիժ:
Լորա ՄԱՆԴԵՎԻԼ, Le Figaro


Հ.Գ. Փաստորեն ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի քաղաքականության նույնականությունը միայն Հարավային Կովկասում չի ակնհայտ, արձանագրվում է նաև օվկիանոսի այն կողմում: Իսկապես Մոսկվան վերադարձել է Բրեժնևի ժամանակների «լավագույն ավանդույթներին», երբ քայլերն արվում էին, հետո հետևանքների դեմ պայքարում: Ինչքա՞ն կշարունակվի այսպես: ԽՍՀՄ-ը «չարի կայսրություն» բնորոշած Արևմուտքը խնդիր էր դրել կայսրությունը կործանել և լուծեց խնդիրը՝ օգտվելով Աֆղանստանի պատերազմի անհաջողությունից, քաղաքական իշխանության թուլությունից ու տնտեսության լճացումից, հավելելով նավթի աննախադեպ գնանկումը, որ վերջնականապես խարխլեց մշտապես հումքի արտահանման վրա նստած ռուսական տնտեսությունը: Արևմուտքն այսօր խնդիր չունի կործանել Ռուսաստանը, իր ներքին խնդիրներն իրեն բավական են՝ Մոսկվայով հիմնավորապես չզբաղվելու համար: Առավել ևս, որ տրոհված կամ սնանկացած Ռուսաստանը մեծագույն բեռ է դառնալու համաշխարհային տնտեսության համար: ՈՒ հենց դա է ավելի ագրեսիվ ու ինքնավստահ դարձնում Կրեմլին, որ խորհրդային ժամանակներից ժառանգած ավանդույթներով՝ քաղաքականությունը, տնտեսությունը, հասարակական կարծիքը, լրատվությունը, մշակույթը փոխարինում է քարոզչությամբ, որի հիմքում արտաքին թշնամու կերպարն է, որը ուր որ է պատրաստվում է գրոհել, ուստի պետք է հակագրոհել: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումով տնտեսությունը զարգացնելու, նավթագազային ասեղից պոկվելու քաղաքական կամք ու ֆինանսներ չունենալով՝ Մոսկվան շեշտադրում է էժան ու արագ փողերի տարբերակը՝ ռազմական արդյունաբերության և զենքի վաճառքի՝ հընթացս ուղեղների աննախադեպ արտահոսք տալով Արևմուտք: Եվ այդ ընթացքում աշխարհին ներկայանում է խաղաղության աղավնու կերպարով Սիրիայում՝ իրականում իր քաղաքական կշռի վերականգնման առևտուր անելով Արևմուտքի հետ: Զենքը ձեռքիդ՝ բարեկամ չես դառնա՝ Մոսկվայում դա գիտեն ու չեն էլ ձգտում բարեկամության: Իրենից ուժեղները Պուտինի համար վստահելի չեն, իրենից թույլերը հպատակ են։ Այս առանցքի վրա է Ռուսաստանի Դաշնությունը այսօր կառուցում իր «գործընկերային» հարաբերությունները աշխարհի հետ: Քարոզչություն, քարոզչություն, քարոզչություն՝ զուգակցված լոկալ պատերազմներով, որտեղ ռուսական զենքը փող է աշխատում՝ ի հավելումն ռուսական գազի ու նավթի, որի գինը խարխլում է տնտեսությունն ու քաղաքական իշխանությունը: Իսկ մենք խորացնում ու խորացնում ենք «համագործակցությունը» ռուսական ու եվրասիական ճակատներում: Մինչև ե՞րբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ