Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետության պարտությունը

Պետության պարտությունը
19.07.2016 | 00:54

Կան օրեր, երբ ես ատում եմ իմ մասնագիտությունը և Մեսրոպ Մաշտոցին, որ հնարել է հայոց գրերը: Վստահ եմ, որ նա չի հնարել՝ գրելու այն, ինչ սերունդները գրել ու դեռ գրում են:
Գրելու էի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Ստամբուլի ու Անկարայի իրադարձությունների մասին, բայց հուլիսի 17-ի լուսաբացը ու ամբողջ օրը ջնջում են որևէ տող գրելու ցանկությունը: Պաշտոնական ու անպաշտոն վարկածներ, դեպքեր, դեմքեր, կրակոցներ, խոսում են, խոսում են, խոսում են, արտառոց իրավիճակներ, իսկ արդյունքում ոչինչ, որի մասին արժեր գրել՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:


Ի՞նչ կատարվեց Թուրքիայում: Կա երեք տարբերակ.
1. Թուրքիայում ձեռնարկվեց պետական հեղաշրջում՝ այդ ավանդույթը կա: «Թուրքիայում իսլամի ու ժողովրդավարության միջև ամուսնություն է: Այդ միության զավակը աշխարհիկությունն է: Երբեմն երեխան տկարանում է, թուրքական բանակը այն բժիշկն է, որ նրան փրկում է: Կախված հիվանդության ծանրությունից՝ մենք անհրաժեշտ դեղն ենք տալիս, որ երեխան ապաքինվի»՝ այսպես է նկարագրել բանակի դերը ներքին քաղաքականության մեջ գեներալ Չևիկ Բիրը՝ 1997-ի ռազմական հեղաշրջման ղեկավարներից մեկը, այն ժամանակ գլխավոր շտաբի պետի տեղակալը: Զինվորականները իրենց համարում են վերջին խրամատը աշխարհիկ պետության, որ ստեղծել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: XX դարում թուրքական բանակը չորս անգամ գահընկեց է արել իշխանությանը, որ, իր կարծիքով, դավաճանել է Աթաթուրքին: Վերջին հեղաշրջումը 1997-ին էր, երբ Նեջմեթին Էրբաքանի կառավարությունը գահընկեց արվեց իսլամիստական լինելու պատճառով: Էրբաքանի կուսակցությունն արգելվեց, նրա կողմնակիցները հասցրին տարբեր քաղաքական միավորումներում բնավորվել և ստեղծել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որ գլխավորեց Ստամբուլի քաղաքապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Շատ տարբեր քաղաքական գործիչներ են այն ժամանակվա ու ներկա Էրդողանը: Այսօրվա Թուրքիայի նախագահը մարդ է, որ երկիրը սրընթաց տանում է դեպի իսլամացում, իշխանությունը կուտակելով իր ձեռքում: «Հանուն սահմանադրական կարգի, ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վերականգնման, երկրում իրավունքի գերակայության վերահաստատման, հասարակական կարգը վերականգնելու նպատակով ամբողջ իշխանությունը գրավված է: Հույս ունենք, որ բոլոր երկրների հետ մեր լավ հարաբերությունները կպահպանվեն»,- ասել է մի քանի ժամով իշխանությունը վերցրած «Խաղաղության խորհուրդը»: Նրանք երաշխավորել են քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ դավանանքից, ռասայից, լեզվից, հայտարարել են, որ նոր կարգերը կամրապնդի Սահմանադրությունը, որն առաջիկայում կմշակեն: Նրանք ունեին հեղաշրջման բոլոր հիմքերը՝ ահաբեկչություններ Ստամբուլում ու Անկարայում, հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմ քրդերի հետ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական մեկուսացում, Սիրիայի պատերազմի պատճառով՝ փախստականներ, որոնց որքան էլ փորձեցին ԵՄ-ի հետ շահավետ առևտրի գործիք դարձնել, չստացվեց: Բացահայտ կապ ԻՊ-ի հետ՝ զենքի վաճառք նրանց և նավթի գնումներ նրանցից, կոռուպցիոն սկանդալներ, փակված լրատվամիջոցներ, պետական կառավարման համակարգում ու բանակում զտումներ, որոնց նպատակը մեկն է՝ իշխանական լծակները պետք է լինեն միայն յուրայինների ձեռքում, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակում՝ ընդհուպ պատգամավորական անձեռնմխելիության վերացում, վարչապետության 11 տարիներից հետո Էրդողանը նախագահ դառնալով՝ նպատակ ուներ փոխել Սահմանադրությունը՝ Թուրքիան դարձնելով նախագահական: Վարչապետ ու նախագահ Էրդողանի հարաբերությունները բանակի հետ երբեք հարթ չեն եղել, նրան հաջողվեց բանակում տարաձայնություն սերմանել:

2. Կատարվածը հատուկ ծառայությունների և նախագահի բեմադրած «հեղաշրջումն» էր: Եթե կարդացել եք Օրհան Փամուկի «Ձյունը», ձեզ համար պարզ են թատերական հեղաշրջման մեխանիզմները: Էրդողանին պետք էր իրավիճակ, երբ ունի բացարձակ ազատություն՝ առանց դիմադրության ձեռնարկելու քայլեր, որոնք առաջ չէին հաջողվում: Հեղաշրջման փորձից հետո վեց հազար մարդ է ձերբակալվել, որոշում են վերականգնել մահապատիժը, Էրդողանը ստացավ անհրաժեշտ ժամանակը՝ բոլոր հակառակորդների հետ հաշիվները մաքրելու, ամենակարևորը՝ օրինական հիմքերի վրա բանակում զտումներ անելու ու իրական հեղաշրջումները բացառելու հնարավորություն: Նա հաստատվեց ժողովրդավար նախագահի իմիջում՝ թուրքերին կոչելով դուրս գալ փողոցներն ու հրապարակները՝ պաշտպանելու ժողովրդավարությունը: Թոհուբոհի մեջ ոչ ոք չհարցրեց՝ ամբողջ գիշերը որտե՞ղ էր նախագահը, ինչո՞ւ էին ժողովրդավարությունը պաշտպանող թուրքերը գլխատում ազգակիցներին, որ ուզում էին վերականգնել նույն ժողովրդավարությունը: Չհարցրեց՝ որտեղի՞ց ու ինչո՞ւ Թուրքիայում հայտնվեցին «դավաճաններ», որոնց եռանդագին պատժում են: Միանգամից Ֆեթուլա Գյուլենը հայտարարվեց կազմակերպիչ ու ամեն ինչի մեղավոր: Տարօրինակ էր, որ հեղաշրջում կազմակերպող զինվորականներն ընտրել էին հենց այդ ժամը և չկարողացան ձերբակալել Էրդողանին: Սա առաջին ձախողված հեղաշրջումն էր Թուրքիայում, իսկ թատերական ներկայացում էր՝ կոնսոլիդացիոն նպատակով:


3. Թուրքիայում կատարվածը երկուսի համադրումն էր: Հատուկ ծառայությունները, որ միշտ ամեն մեկի մասին ամեն ինչ գիտեն, թույլ տվեցին, որ հեղաշրջումը սկսվի՝ ապստամբներից առավել լավ պատրաստված: Դա իրական հեղաշրջումը կանխելու ամենաարդյունավետ ճանապարհն էր՝ իշխանությունը չի կորցնում ոչինչ, հակառակը՝ ամրապնդում է դիրքերը, ստանում միջազգային աջակցություն դրսից, ներսում ներքաշում է ժողովրդին խաղի մեջ, դարձնելով թե մեղքը, թե հաղթանակը կիսող: Եթե դավադրությունը չիրագործված բացահայտվեր, լինելու էին կասկածներ ու մեղադրանքներ, որ իշխանությունը զինվորականներին փորձում է մեկուսացնել ու զրպարտում է, իսկ այսպես ակնհայտ է՝ վերցրին ու չկարողացան պահել իշխանությունը, որովհետև ժողովուրդը պաշտպանեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին: Վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց. «Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության լծակները: Կառավարությունը կհեռանա, երբ ժողովուրդը կկամենա»:


Կա 4-րդ՝ գուցե միայն մեզ համար կարևորը: Մեր մեծամասնության մեջ մենք համոզված էինք, որ Էրդողանի գահընկեցությունը լավ կլիներ, թեպետ հարց է, թե մեզ համար ինչ կփոխվեր Թուրքիայում, եթե ռազմական հեղաշրջումը հաջողվեր: Նկատեցի՞ք, որ հեռու ու մոտ պետությունների ղեկավարները տեսակետներ հայտնեցին, Իլհամ Ալիևի ձայնը չլսվեց: Լրատվամիջոցները գրեցին, որ Էրդողանին հրաժարվել է ընդունել Գերմանիան, ոչ ոք չհարցրեց՝ Գերմանիա ինչո՞ւ էր հասնում, եթե կա մեկ ազգ, երկու պետություն՝ Բաքու գնար: Մեզ պետք է կայուն ու կանխատեսելի հարևան, որից Թուրքիան հեռանալու է Էրդողանի ղեկավարությամբ, ուրեմն ժամանակի հարց է իրական հեղաշրջումը՝ նույնիսկ այն բռնությունների ու դաժանության պայմաններում, որի ապացույցը ժամանակակից Թուրքիան տվեց կամուրջների վրա գլխատված զինվորականների տեսքով՝ ստանալով ծափեր: Էրդողանը զտելու ու իսլամիկ է դարձնելու աշխարհիկ բանակը, որ նաև ՆԱՏՕ-ի բանակն է, ու դա չի կարող չվերաբերել տարածաշրջանի ոչ մի պետության:


Իսկ մենք չթողեցինք, որ Էրդողանը վայելի հաղթական վերադարձը՝ հաջորդ օրն իսկ պատասխանեցինք մեր «հեղաշրջումով»՝ հայտնվելով համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ճիշտ է՝ մեր մասշտաբով ու ինչպես միշտ՝ «Մերն ուրիշ է» կարգախոսով: Օրվա նորությունը պիտի լիներ ՀՀ նախագահի Ստեփանակերտ գնալը, հանդիպումները ԼՂՀ նախագահի, պատգամավորների հետ: Թվում է՝ Լեռնային Ղարաբաղը գերտերությունների ուշադրության առանցքում է, գնում-գալիս են, զանգահարում իրար ու խոսում են, խոսում, իսկ Արցախը լռում է, կարծես իրեն չի վերաբերում ու անելիք-ասելիք չունի: Իսկ դա անհնար է, երբ բանակցային սեղանին տարածքներ՝ կարգավիճակի դիմաց տարբերակն է, և՝ սատանան, որ մանրամասների մեջ է: Արցախի բախտը այս անգամ էլ չբերեց՝ Խորենացու փողոցի վրա հուլիսի 17-ի իրադարձությունները Սերժ Սարգսյանին Ստեփանակերտից վերադարձրին Բաղրամյան 26, և միայն նրա վերադարձից հետո հեռուստաալիքները սկսեցին տեղեկատվությունը: Սկսեցին գնահատական տալ քաղաքական հին ու նոր գործիչները: Կատարվել էր անսպասելին՝ «Սասնա ծռերի» մի քանի անդամներ զինված ներխուժել էին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրել ոստիկաններին: Ըստ ԱԱԾ-ի առաջին հայտարարության՝ «նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին»: Օրվա ընթացքում պարզվեց, որ սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Ամբողջ օրը բանակցում էին: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը նախ պահանջում էր Ժիրայր Սէֆիլյանի, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը, սպասում էր, որ հարցը պիտի լուծի ժողովուրդը՝ գալով ու միանալով իրենց: Ժողովուրդը չգնաց, ոչ այն պատճառով, որ Խորենացու փողոցը փակ էր: Ի՞նչ կատարվեց:
1. Իրավապահները հիմքեր ունեն կատարվածը ահաբեկչություն գնահատելու: Նրանք անպատրաստ էին ու ձեռնարկեցին ստանդարտ քայլեր՝ ձերբակալություններ Երևանում, Գյումրիում, Վանաձորում՝ ավելի սրելով վիճակը, իսկ իրենց կարծիքով՝ կանխելով հնարավոր զարգացումները:
2. Ոստիկանությունը ճկունություն չունեցավ բանակցային ձևաչափերը փոխելու՝ չունենալով ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն:
3. Ոստիկանները հայտնվեցին հետևանքները վերացնողի դերում:
«ՀԽ»-ի քայլը ոստիկանության դեմ չէր՝ նրանք իրենց դրել էին 19-րդ դարի հեղափոխականների տեղ, որ գրավում էին «Բանկ Օտտոմանը»՝ ուշադրություն ստանալու համար: Ոստիկանությունը դարձավ պետության խորհրդանիշ, որ հատուցեց մյուս կառույցների չարածների դիմաց:
4. Սա ի սկզբանե ձախողված քայլ էր, համաժողովրդական շարժում ՀԽ-ն չի կարողանում ստանալ ու այս մեթոդներով չի ստանա՝ նրանք ոչ ռոմանտիկ են, ոչ հեղափոխական, ոչ ահաբեկիչ, հուսահատ և պետության ապակե, բայց անթափանց պատին ծեփված մարդիկ են, որ իրենք իրենց համոզել են, թե առաքելություն ունեն ու դարձել են հանցագործ:
5. Կատարվածը ձեռնտու է արտաքին ուժերին՝ ապակայունացնելու վիճակը Հայաստանում՝ թուլացնելու ու լուծումներ պարտադրելու կենսական հարցերում:
6. Վարկաբեկվում է ընդդիմության գաղափարը՝ քաղաքական պայքարի ու քրեական հանցագործության միջև հավասարության նշաններ են հայտնվում:
7. Պետությունն ապացուցեց իր անզորությունը՝ իշխանության համակարգային կախյալություն, ինչի պատճառով քաղաքացիները ձեռնարկում են անօրինական գործողություններ՝ իրենց կարծիքով՝ օրինականություն հաստատելու նպատակով: «Կինոյի տղեն» մտնում է կյանք, ու դա հետևանք է օրը 24 ժամ կեղծ ու կասկածելի արժեքների հեռուստաքարոզչության: Մենք բոլորս պարտվում ենք, երբ հայերը հայերի դեմ զենքով են փորձում հարցեր լուծել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Մեսրոպ Մաշտոցը հանճարեղ էր ու հնարեց գրերը: Խորենացին՝ նույնը, կարդացեք «Ողբը» ու համեմատեք՝ նրա թվարկած խնդիրներից քանի՞սն ենք լուծել 1600 տարում:

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ