Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հավաքե՜լ, քանդե՛լ

Հավաքե՜լ, քանդե՛լ
14.10.2016 | 00:55

Շատ առաջ չընկնելով` արձանագրենք. հայաստանյան ներքին «ասպարեզում» տեղի է ունենում այն, ինչ նախագծված էր դեռ 2008-ին` Սերժ Սարգսյանի «մարշալ պլանում»` իրականացնել փոփոխություններ ոչ թե ռևոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհով, վերևից, ինչը չհաջողվեց Տիգրան Սարգսյանի, որպես «նանո-ինովացիոն» մտածողության կրող վարչապետի օրոք. Մարտի 1-ն ու «հին գվարդիան» անչափ կենսունակ էին դա թույլ չտալու համար: Եվ նաև` Տիգրան Սարգսյանը նույն «հին գվարդիայից» էր, գումարած՝ առավել «սինթետիկ», ոչ «կյանքային» նրա մաներան: Իսկ եթե ամբողջովին անկեղծ, ապա ցանկությունը դա իրականացնելու այնքան էլ հզոր չէր. Մարտի 1-ն ու «մնացյալքը» «բողբոջել» էին այդ բարեփոխումների վրա:

Գումարած աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակը: Օբյեկտիվորեն բոլորովին այլ իրավիճակը նաև խորհրդարանում էր` ՀՀԿ-ում հավաքվել էին… ով ասես, քաղաքական ոչ կենսունակ ողջ թնջուկը, որը պառլամենտ էր բերել երկրորդ նախագահը` երրորդի «անցման փուլն» առավել անցնցում դարձնելու, քաղաքական այդ դիակներին վերջնականորեն հողանցելու համար. Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան և ՀՀԿ-ից` մնացյալք:
Սա իր հերթին նշանակում էր` հնարավոր չէ ազատվել օդիոզ դեմքերից կառավարությունում, մարզերում, և որքան էլ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն նշանակեր Սուրեն Խաչատրյանի առնչությամբ, Հովիկ Աբրահամյանը և այլք` իրենց «ամենակարողությամբ» դրսևորվելու, հայտնելու էին իրենց համերաշխությունը իրենց «երամի» ներկայացուցչի նկատմամբ:


Այսօր իրավիճակն այլ է. Կարեն Կարապետյանը «բեմեց», երբ Սերժ Սարգսյանը նոր խաղատախտակ էր «նախապատրաստել». նրա «վրա» չէր Գագիկ Ծառուկյանը, որպես բուֆեր, որպես երկրորդ նախագահի և Հովիկ Աբրահամյանի «ներկայացուցիչ»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր բոլոր ներքաղաքական նախագծերում խոր ֆիասկոներ էր գրանցել: Հովիկ Աբրահամյանին, որպես վարչապետ, ոչինչ չէր հաջողվել: Աշխարհաքաղաքականությունն էլ՝ ձեզ փեշքեշ:


Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում` ՊՊԾ-ից «հետո», արվեց «ձիու քայլը». տախտակի վրա դրվեց խաղացող-զինվոր (վարչապետի կարգավիճակով), որն ալքիմիկոսի արագությամբ «մաքրումի» գնաց: Փիլիսոփայության առումով նույնպես հետաքրքիր էր «ձիու» այս քայլը. պատասխանատվության ողջ ամպլիտուդը տեղակայվեց հենց Կարեն Կարապետյանի միջակայքում, որն ունի բարձր իմունիտետ` մի շարք առումներով ¥խաղից հանելով գրեթե բոլոր օդիոզ ֆիգուրներին՝ նա չթիրախավորվեց Տիգրան Սարգսյանի պես¤: Բաղրամյան-26-ում նախապես հոգացել էին ամեն ինչի մասին` Կարեն Կարապետյանին «նվիրելով» արագ արձագանքման մի ողջ մարտահաշվարկ` Ալիկ Հարությունյանի և Արմեն Գևորգյանի տեսքով, ինչպես նաև օդիոզներին բանավոր և գրավոր զգուշացմամբ` չփորձել խաղեր տալ, խաղերը չեն ներվելու այս անգամ:


Այո, Կարեն Կարապետյան-Տիգրան Սարգսյան ասոցիացիոն «գծում» Տիգրան Սարգսյանը դարձավ «Նոյի ագռավ», իսկ Կարեն Կարապետյանը` «փոստային աղավնի», որը, հաջողելու դեպքում, կարող է դառնալ հայոց այն «մեծ ավելը», որով, ի վերջո, կմաքրվի հայոց անդաստանը` «քյարթու-անպտուղ-վնասաբեր» մտածողությունից-անձերից, կնշագրվի էվոլյուցիոն նոր մենթալ պլանը` տեղ չթողնելով այնտեղ այլոց, առաջին հերթին՝ Արևմուտքի համար, որպես նոր ՊՊԾ-ի գրավման թռիչքագոտի:


Ասենք շատ կարճ. մինիմում ծրագիրը Կարեն Կարապետյանին հաջողվեց: Ճահիճը շարժվեց, քանդման գործընթացը կայացավ: Հիմա արդեն ճահիճը գոնե շատ փոքրիկ, վատագույն դեպքում` գոնե արհեստական լճակով փոխարինելու տքնաջան, գերմարդկային, եթե անկեղծ` ուժերից վեր աշխատանքի փուլն է:
Ցանկանք` հաջողի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ