Մեր ժամանակներում չի խանգարում, եթե դաշնային կանցլերը գիտի աշխարհը՝ այդպես էլ պետք է լինի՝ քրիստոնեադեմոկրատների միության տեսակետից, նույնիսկ եթե թեկնածուն սոցիալ-դեմոկրատների կուսակցությունից է: Եթե դժվար է պատկերացնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարող նախագահ դառնալ, միայն այն պատճառով, որ այդ դեպքում Գերմանիան կկորցնի արտաքին գործերի փայլուն նախարարի: Բացի այդ՝ ամեն ինչ նրա օգտին է: Անգելա Մերկելը նոր չի որոնում քաղաքականապես փորձառու թեկնածուի, որ այդ պաշտոնում՝ համաշխարհային քաղաքականության տեսակետից դժվարին ժամանակներում, միջազգային փորձը կկիրառի: Դա միակ պատճառն էր, որ ժամանակին կանցլերը համառորեն դեմ էր Յոահիմ Գաուկի ընտրությանը:
Բայց եթե Անգելա Մերկելը այդքան հստակ պատկերացում ունի նախագահի թեկնածուի մասին, ինչո՞ւ է թույլ տալիս, որ դաշնային նոր նախագահի որոնումը վերածվի կուսակցական մանրիկ վեճերի: Պարզապես, կանցլերը չունի ոչ մի համոզիչ թեկնածու այդ պաշտոնի համար: Վոլֆգանգ Շոյբլեն ու Նորբերտ Լամերտը չեն ցանկանում մասնակցել պայքարին: ՔԴՄ-ն և ՔՍԴ-ն, որ Դաշնային ժողովում ունեն 40 %, կարծում են, որ սեփական թեկնածուի իրավունք ունեն: Զիգմար Գաբրիելը կանցլերին դժվար վիճակի մեջ է դրել, երբ հրապարակավ հայտարարել է Շտայնմայերի անունը և խախտել պայմանավորվածությունը, որ ՔԴՄ-ի հետ պետք է որոնեն ընդհանուր թեկնածուի: Բայց ինչ էլ նա մտածեր, Մերկելը չպետք է արձագանքեր նրա մարտավարական պաշտպանությամբ՝ մարտավարական հարձակումին: Հնարավոր է, ի վերջո Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դառնա մեծ կոալիցիայի ընդհանուր թեկնածու: ՔԴՄ-ի տեսակետից էլ՝ նա հաջողությամբ է ներկայացնում Գերմանիայի շահերը աշխարհում, նույնիսկ երբ ոմանք ՔԴՄ-ում ու ՔՍԴ-ում կարծում են, որ նա չափազանց զգույշ է Ռուսաստանին վերաբերող հարցերում:
Ամենագլխավորը՝ ե՞րբ, եթե ոչ հիմա է պետք պետության ղեկավար լայն, հնարավորինս համաշխարհային աշխարհընկալումով: Եվրոպան խղճուկ վիճակում է: Բրեկզիտի քվեարկությունը խորապես ցնցեց եվրոպացիների վստահությունը ԵՄ-ի ապագայի նկատմամբ: Արդեն փախստականների ճգնաժամում ի հայտ եկավ համերաշխության սարսափելի պակասը: Հյուսիսի ու հարավի միջև խզումը ֆինանսական ու տնտեսական քաղաքականության մեջ չի կրճատվում: ԱՄՆ-ին երկար ժամանակ կպահանջվի, նույնիսկ եթե ընտրություններում Հիլարի Քլիթոնը հաղթի, որ մոռանա նախագահի ընտրության նողկալի ընտրարշավը: Նրանց զայրույթը, որ տանուլ են տվել գլոբալացումը, ընտրությունների օրը ինքն իրեն չի անհետանա: Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները այնքան սառն են դարձել, որ նոր սառը պատերազմի մասին են խոսում: Շատերն են իսկապես վախենում պատերազմից: Եթե ոչ պատերազմից, վախենում են ահաբեկչությունից: Նույնիսկ եթե ԻՊ-ը վտարվի իր խալիֆաթից, մենք, նաև Եվրոպան, հարկադրված ենք սպասել նոր արյունոտ ահաբեկչությունների:
Սիրիայում ու Եմենում էլ պատերազմը դեռ երկար կփոթորկվի: Իրանն ու Սաուդյան Արաբիան պայքարում են Միջին Արևելքում գերակայության համար: Եգիպտոսից Բահրեյն ավտոկրատները ժողովրդավարության յուրաքանչյուր ամեն կոչի պատասխանում են բռնություններով: Վերջապես՝ Չինաստանը իր ավտորիտար կառավարումով, ինքնավստահ, համարյա տիրոջ պես իր տեղն է որոնում արևմտյան միջազգային աշխարհակարգում: Բոլոր այս թեմաներով Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աշխատել է իբրև արտաքին գործերի նախարար: Նա դարձել է քաղաքական այն գործիչը, ում գերմանացիները ամենից շատ են վստահում: Դա անգնահատելի կապիտալ է: Որովհետև մեր երկրում, որ համարվում է գլոբալացման հաղթողներից մեկը, վախենում են հետդարձից: Ազգայնականությանը, պոպուլիզմին ու հովանավորչությանը մենք նույնքան ենթակա ենք, որքան ամերիկացիները, բրիտանացիները և ֆրանսիացիները: Եվ եթե կա մեկը, որ կարող է կազմել աշխարհի պատկերը ու հնարավորություն ունի իրականությունը գնահատելու, վատ չէ: Նա հարմար է այդ պաշտոնին, որտեղ նրանից սպասում են, որ ապագա տարիներին ատելությանը, վախին ու զայրույթին երկրում կդիմակայի հանգստությամբ ու բանականությամբ:
Մաթիաս ՆԱՍ, Die Zeit
Հ.Գ. Ամեն ինչ ճիշտ է, բայց եկող տարի Գերմանիայում ընտրություններ են: Անգելա Մերկելի անսասան թվացող վարկանիշը փախստականները այնպես են տարտղնել, որ նրա վերընտրությունը կասկածի տակ է: Գերմանիան խորհրդարանական կառավարման համակարգ ունի՝ պետության ղեկավարը կանցլերն է, նախագահի դերը ավելի շատ խորհրդանշական-արարողակարգային է: Հիշեք, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինի մայր տաճարում անցյալ տարի ապրիլին ասաց, որ 1915-ին ցեղասպանություն է եղել, իսկ Բունդեսթագը բանաձևն ընդունեց շատ ավելի ուշ: Կանցլեր Անգելա Մերկելին իսկապես ձեռնտու է, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դառնա նախագահ՝ նա դադարում է վարչապետի թեկնածու լինել, բայց կցանկանա՞ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դառնալ նախագահ՝ կորցնելով վարչապետ լինելու շանսը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ