Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շա՞նս, թե՞ տարբերակ

Շա՞նս, թե՞ տարբերակ
08.11.2016 | 00:24

Նոյեմբերի 4-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիսում հանդիպեց Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին, նրանց ասաց. «Մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու», ու շարունակեց ճանապարհը դեպի Ստեփանակերտ: Տիգրանակերտի ամրոցում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ Կարեն Կարապետյանն ամփոփեց այցը Արցախ, որի ընթացքում հանդիպել էր նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին, գնացել դիրքեր: Երկար սեղանի շուրջ խոսակցությունը ոչպաշտոնական էր, բայց շատ պաշտոնական թեմաներով:


Արցախի նախագահի հետ քննարկվել են «հայկական երկու պետությունների տնտեսական բարձր մակարդակի գործակցության» հարցերը: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին հանձնել է Մեսրոպ Մաշտոց շքանշանը` «սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար», որ օգոստոսից նրան էր սպասում: Ի՞նչ աջակցություն է Կարեն Կարապետյանը Արցախին ցուցաբերել, համարենք պետական գաղտնիք: Երկու վարչապետերի հանդիպումը անցել է խիստ գործնական՝ «Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է»,-ասել է Արա Հարությունյանը՝ շնորհավորելով Կարեն Կարապետյանի նշանակումը: ՀՀ վարչապետն իրեն պարտավորված է զգացել ու ասել, որ գործնական է տրամադրված երկու կառավարությունների համագործակցությունը խորացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու գործում:

Նա, տպավորիչ և օրինակելի համարելով Արցախի մակրոցուցանիշները, ուշադրությունը հրավիրել է էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա: Պաշտոնական տեղեկատվությունը կարդալիս թվում է՝ խոսքը նվազագույնը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի մասին է՝ ամեն ինչ զարգանում է, փորձ է կուտակված, ինչը պատրաստ են միմյանց հետ կիսել, և այլն, և այլն՝ հայրենակիցների հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում:


Հուսանք, որ եղել է ավելի լուրջ քննարկում, որ չի բարձրաձայնվում, իսկ ընդհանրապես ժամանակը չէ՞ երկու պետություն խաղալը մի կողմ դնել ու իրական տնտեսական քաղաքականություն վարել՝ Արցախ-Հայաստան միասնական տնտեսական տարածությունը տեսնելով, ոչ թե ամեն տարի ՀՀ պետբյուջեից հատկացումներ անելով ԼՂՀ-ին: Դրա համար ԼՂՀ-ի ճանաչում պետք չէ: Պետք է արդյունավետ մենեջմենտ: Առավել ևս, որ լրագրողների հարցերին պատասխանելիս Կարեն Կարապետյանն ասել է, որ Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության դրայվերն է: Լրագրողները նրան տարել են քաղաքական դաշտ, ու Կարեն Կարապետյանը ԱԺ ընտրություններից հետո իր պաշտոնավարման մասին ասել է, որ կոռեկտ չի համարում դրա մասին խոսել, բայց նշել է, որ միշտ անկեղծ է և երբեք սուտ չի խոսում, չի երազել լինել վարչապետ, մտահոգ է տնտեսության ապագայի համար: Փաստորեն կատարվում են նաև չտեսած երազները: Հարցը մեկն է՝ ինչքա՞ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Որքան էլ տարօրինակ է, ՀՀ վարչապետի ԼՂՀ այցի ընթացքում խոսք չի եղել երկու պետությունների ռազմաքաղաքական դաշինքի մասին, թեպետ ով ով, ԼՂՀ նախագահն ու վարչապետը պետք է առաջինն այդ հարցը բարձրացնեին: Կամ էլ՝ ծրագրեր են փոխվել, որ կիմանանք ՀՀ նախագահի արտասահմանյան որևէ լրատվամիջոցին տված հարցազրույցից:

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ