Tagesspiegel-ում Քրիստոֆ ֆոն Մարշալն ամփոփում է Բարաք Օբամայի նախագահական երկու՝ միմյանցից այդքան տարբեր ժամկետները: Շատերին արդեն նոստալգիա է համակել՝ գուցե Օբամայի նախագահությունն այդքան էլ վատը չէր, հատկապես եթե հաշվի առնենք՝ ո՞վ է նրանից հետո գալիս: Ամերիկացիների 51 %-ը նրանից գոհ է, 45 % -ը՝ ոչ: Մեկ տարի առաջ ճիշտ հակառակն էր:
Գերմանիայի մասով՝ սկզբնական ոգևորությունը նկատելիորեն մարեց 2013-ին, երբ բռնկվեց ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության շուրջ սկանդալը, Օբամայի նախագահության առաջին ժամկետի պատմական հաջողությունները տեղնուտեղը մոռացվեցին: 2012-ին վերընտրվելուց հետո նրան չհաջողվեց տպավորիչ որևէ քայլ անել՝ միգրացիոն իրավունքի բարեփոխումը չկայացավ, չբարելավվեց ոչ էներգետիկ, ոչ կլիմատիկ քաղաքականությունը: Ներքին քաղաքականության վրա ոչ լավագույնս ազդեցին Կոնգրեսի հանրապետական մեծամասնության և Սպիտակ տան դիմակայությունն ու փոխադարձ զսպումը:
Արտաքին քաղաքականության առումով՝ ԱՄՆ-ի իբրև համաշխարհային գերտերության կերպարը, ում պակասում է կամքը կամ վճռական գործողությունների ընդունակությունը, բնորոշում էին ԻՊ-ի առաջխաղացումը Սիրիայում ու Իրաքում, ռազմական կոնֆլիկտներն ՈՒկրաինայում ու Գազայի հատվածում: Ոչ ոք, սակայն, չէր հարցնում՝ իսկ վճռական գործողությունները հաջողություն կունենայի՞ն: Դիմադրությունը ռազմական գործողություններ սկսելուն և կոնֆլիկտը ժամանակի մեջ ձգելու գայթակղությունը իմաստուն որոշում չէ՞ր:
Պատմական նշանակալից դեմք Օբաման դարձավ ոչ այն պատճառով, որ ԱՄՆ-ի 232-ամյա պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն էր: Նա կարողացավ կատարել առողջապահական և ֆինանսական վերահսկողության բարեփոխումը, նրա օրոք Գերագույն դատարանի անդամ դարձան երկու կանայք, նրանցից մեկը լատինամերիկուհի է, նա զինաթափման մեծ համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ և արդարացրեց իր Նոբելյան խաղաղության մրցանակը: Այդ ամենը առաջին նախագահական ժամկետում: Բարաք Օբաման երկիրը հասցրեց տնտեսական նոր աճի՝ ֆինանսական ծանր ճգնաժամի շրջանից հետո, ավարտեց ԱՄՆ բանակի լայնամասշտաբ գործողություններն Իրաքում ու Աֆղանստանում: Օբամայի հաջողություններից են Իրանի հետ միջուկային կոնֆլիկտի ավարտը բանակցությունների ճանապարհով, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Կուբայի հետ:
Բայց ռասայական կոնֆլիկտները և սևամորթ երիտասարդների դեմ ոստիկանական ագրեսիան պրոբլեմ մնացին և ԱՄՆ առաջին սևամորթ նախագահի օրոք: Նույնը վերաբերում է դպրոցներում, առևտրական կենտրոններում ու կինոթատրոններում բազմաթիվ զոհերով հրաձգություններին: Օբամային չհաջողվեց կատարել իր խոստումը և հաղթահարել հասարակության երկատվածությունը: Արտաքին քաղաքականության մեջ ձախողվեցին Աֆղանստանում ու Իրաքում զորքերի դուրսբերումից հետո երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Մերձավոր Արևելքում, չնայած խաղաղ կարգավորման բոլոր քայլերին, նորից պատերազմ բռնկվեց Գազայի հատվածում: Ձախողվեց և մուսուլմանական աշխարհի ժողովրդավարացումը արաբական գարունից հետո, և Ռուսաստանի (ուկրաինական կոնֆլիկտի համապատկերում) ու Եվրոպայի (ԱԱԾ-ի գաղտնալսումների սկանդալը) հետ հարաբերությունների բարելավումը: Բայց բոլոր այս բացասական պահերը չեն կարող փոխել գլխավորը՝ ԱՄՆ-ը Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի վերջում ավելի լավ ցուցանիշներ ունի, քան նրա նախագահության սկզբում: 2008-ի աշնանը ԱՄՆ-ը ապրում էր վերջին տասնամյակների ամենածանր ֆինանսատնտեսական ճգնաժամը: 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ը կարող է պարծենալ իր հաջողություններով: Գործազրկությունը երկու անգամ կրճատվել է, այսօր տնտեսությունը ավելի շատ մարդկանց է աշխատանք տալիս, քան երբևէ եղել է: Փոփոխություններն առավել ակնհայտ են դառնում, եթե համեմատենք այլ երկրների վիճակի հետ: Եվրոպան ստագնացիայի մեջ է և հարկադրված է դիմակայել միանգամից մի քանի մարտահրավերների՝ եվրաճգնաժամը, պատերազմը ՈՒկրաինայում, ներքին տարաձայնությունները, զանգվածային միգրացիան: Ռուսաստանի տնտեսությունը ռեցեսիայում է և գտնվում է էական մեկուսացման մեջ: Չինաստանը, որ իբր պիտի ԱՄՆ-ից առաջ անցներ իբրև տնտեսական գերտերություն, ոչ լավագույն ժամանակներն է ապրում՝ աճի տեմպերը նվազում են, բորսաները փլվում են, պայթյուններ են ֆաբրիկաներում ու լեռնարդյունահանման կոմբինատներում, սոցիալական լարում ու բնապահպանական խնդիրներ կան:
ԱՄՆ-ում մեկ մարդը նախագահ կարող է լինել առավելագույնը երկու ժամկետով: 2016-ին Օբաման չի կարող իր թեկնածությունն առաջադրել: Այնուհանդերձ՝ հաղթանակի ի՞նչ շանսեր կունենար նա, ի՞նչ եզրակացություն կանեին ընտրողները: Արտաքին քաղաքականության մեջ գնահատականները միջինից ցածր կլինեին՝ Սիրիայի և Ռուսաստանի դիրքերի ուժեղացման պատճառով: Օբաման ավելի բարձր գնահատականներ կստանար, քան Բուշը, բայց չէր հասնի Ռոնալդ Ռեյգանին, որ Սպիտակ տնից հեռացավ իբրև սառը պատերազմում հաղթող: Ոչ էլ Բիլ Քլինթոնին, ում նախագահական ժամկետն ավարտվեց մինչև սեպտեմբեր 11-ը, երբ ԱՄՆ-ը բացարձակապես վստահ էր, որ ինքը միակ ու եզակի համաշխարհային գերտերությունն է: Եթե ամերիկացիները կարողանային ընտրել, 2016-ին նրանք ավելի շուտ ձայն կտային Բարաք Օբամային: Ոչ Թրամփին, ոչ էլ անգամ Քլինթոնին, որ սեփական կուսակցության ներսում էլ քչերին է ոգեշնչում, իսկ հանրապետական ընտրազանգվածի անթաքույց ատելությունն ունի: Ի՞նչ կմնա Օբամայից: Նրա նախագահությունը օգտակար էր ԱՄՆ-ին: Համենայն դեպս՝ չվնասեց:
Քրիստոֆ ֆոն Մարշալ, Tagesspiegel