Շուտով ԵՄ իստեբլիշմենտը դժվար քննություն է անցնելու ընտրություններով: Դոնալդ Թրամփի հաղթանակը, որ բազմապատկեց Բրեկզիտի արձագանքը, չի՞ դառնա այն ցունամին, որ իր հետ կտանի Եվրոպայի քաղաքական էլիտային:
Վճռորոշ քվեարկություն Իտալիայում
Դեկտեմբերի 4-ին Իտալիայում Սահմանադրության փոփոխության հանրաքվե է նշանակված: Հանրաքվեն ավելի հիշեցնում է Մատեո Ռենցիի ձախկենտրոնամետ կառավարությանը վստահության (կամ անվստահության) քվեարկություն: Վարչապետն արդեն սպառնացել է, որ հրաժարական կտա, եթե հանրաքվեն տանուլ տա: Փոփոխությունը սահմանափակում է Սենատի (խորհրդարանի վերին պալատի) և տարածաշրջանային կառավարությունների իշխանությունը: Ռենցին պնդում է, որ այդ փոփոխությունները թույլ կտան տնտեսել միջոցները և մեծացնել կառավարության կայունությունը: Փոփոխությունների հակառակորդները պնդում են, որ չափազանց մեծանում են գործադիր իշխանության իրավասությունները: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ Ռենցին կարող է և տանուլ տալ: Դա կամրապնդի «Հինգ աստղի շարժման» (M5S) դիրքերը, որ իրեն հակադրում է իստեբլիշմենտին: Հունիսին M5S-ը լավ արդյունքներ ունեցավ տարածաշրջանային ընտրություններում և հիմա Հռոմի ու Թուրինի քաղաքապետերն այդ կուսակցությունից են: Շարժման անդամները եվրահոռետեսներ են, որ պահանջում են հանրաքվե՝ եվրագոտուց դուրս գալու խնդրով: Շարժման հիմնադիր, նախկին երգիծաբան Բեպե Գրիլոն Թվիթերում գրել է, որ ընտրություններում Թրամփի տրիումֆը «ԶԼՄ-ների, հեռուստատեսության, առաջատար թերթերի, ինտելեկտուալների ու լրագրողների ապոկալիպսիսն էր»:
Կտրուկ շրջադա՞րձ Ավստրիայում
Նույն օրը, երբ Իտալիան սահմանադրական հանրաքվե կանցկացնի, Արևմտյան Եվրոպան կարող է երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ ականատես լինել ծայրահեղ աջ թեկնածուի իշխանության գալուն: Ավստրիայում կարող է նախագահ ընտրվել Նորբերտ Հոֆերը: Մայիսյան ընտրություններում Կանաչների կուսակցության նախկին նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը Հոֆերից առաջ անցավ 1 %-ով, սակայն ընտրության արդյունքները Գերագույն դատարանն անվավեր ճանաչեց փոստով ուղարկված քվեաթերթիկների վերահաշվարկից հետո: Ավստրիացիներին նոր քվեարկություն է սպասվում: Իհարկե, նախագահն Ավստրիայում ավելի շատ արարողակարգային պաշտոն է, սակայն Հոֆերի հաղթանակը կարող է վիթխարի խորհրդանշական իմաստ ունենալ ծայրահեղ աջ Ազատության կուսակցության համար, որ դեմ է ներգաղթյալներին:
Պոպուլիստների գրոհը Նիդերլանդներում
Հակաիսլամիստ քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը ուրախություն է արտահայտել Թրամփի հաղթանակից ու նույնիսկ նրա կարգախոսներից մեկը վերափոխել է՝ իր Թվիթերում գրելով. «Մենք նորից մեծ կդարձնենք Նիդերլանդները»: Խորհդարանական ընտրությունները Նիդերլանդներում մարտի 15-ին և առաջին փորձությունը կդառնան ընտրական մեծ շրջան մտնող ԵՄ-ի համար: «Ես կվերադարձնեմ Նիդերլանդները հոլանդացիներին»՝ հայտարարել է Գերտ Վիլդերսը և նրա խոսքերը համահունչ էին «Վերադարձնենք վերահսկողությունը» կարգախոսին, որով Բրեկզիտի կողմնակիցները գնացին հանրաքվեի հունիսի 23-ին: Հայտնի է՝ հետո ինչ եղավ:
De Hond-ի նոյեմբերի 6-ին կատարած սոցհարցումի արդյունքներով՝ Վիլդերսի պոպուլիստական Ազատության կուսակցությունը կարող է 27 մանդատ ստանալ խորհրդարանում և համարյա հավասար հնարավորություններ ունի վարչապետ Մարկ Ռյուտեի «Հանուն ազատության ու ժողովրդավարության» ժողովրդական աջազատական կուսակցության հետ: Եթե նույնիսկ Ռյուտեի կուսակցությանը չհաջողվի կառավարող կոալիցիա ձևավորել, նրա քաղաքական ազդեցությունը կպահպանվի: Գերտ Վիլդերսը դեռ դատական գործընթացների մեջ է՝ ռասայական ատելության հարուցման մեղադրանքով:
Նոր հեղափոխությո՞ւն Ֆրանսիայում
«Ազգային ճակատի» ղեկավար Մարին լե Պենը խարխլում է ֆրանսիական քաղաքականության հիմքերը, և 2017-ի մայիսին շատ հավանական է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Դեկտեմբերին «Ազգային ճակատը», որ դեմ է միգրանտներին և ԵՄ անդամությանը, տեղական ընտրություններում ստացավ ձաների 27 %-ը, սակայն չկարողացավ վերահսկողություն հաստատել ոչ մի շրջանում, որովհետև առաջատար երկու կուսակցությունները միավորվեցին նրա դեմ: Սպասվում է, որ աջկենտրոնամետ հանրապետականները և ձախկենտրոնամետ սոցիալիստները Մարին լե Պենի դեմ նույնը կանեն և նախագահական ընտրություններում, եթե նա երկրորդ փուլի հասնի: Մարին լե Պենը ևս արժանին մատուցել է Թրամփին՝ իր Թվիթերում գրելով, որ
«նոր աշխարհ է ծնվում և ուժերի գլոբալ հավասարակշռությունը փոխվում է շնորհիվ Թրամփի ընտրության»: Նա ծաղրել է կառավարող էլիտային ու առաջատար թերթերին, որ հաղթող էին համարում Հիլարի Քլինթոնին: Մարին լե Պենը հայտարարել է, որ Բրեկզիտի օգտին քվեարկած բրիտանացիները «առաջին համազարկն են տվել» եվրոպական էլիտաների հետ ճակատամարտում: Սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը ամենացածրն է հետպատերազմյան բոլոր նախագահներից: Խորհրդարանական ընտրությունները Ֆրանսիայում հունիսին են:
Ազգայնականների վերածնունդը Գերմանիայում
Ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը 2017-ի սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններից առաջ սպառնում է իր կողմը ներգրավել ընտրողներին և աջից, և ձախից: AfD-ն տեղական ընտրություններում ամրապնդել է իր դիրքերը Անգելա Մերկելի իշխող քրիստոնեադեմոկրատական միության նկատմամբ: AfD-ի կողմնակիցներին միացան 2015-ին Անգելա Մերկելի հռչակած «բաց դռների քաղաքականությունից» դժգոհները, որոնց դուր չեկավ փախստականների զանգվածային ներգաղթը Գերմանիա: Սեպտեմբերին AfD-ն երկրորդ տեղը ստացավ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա երկրամասի ընտրություններում՝ հավաքելով ձայների 21 % -ը, հետ մնալով ձախկենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, բայց 2 %-ով առաջ անցնելով քրիստոնեադեմոկրատական միությունից:
Սպասվում է, որ խորհրդարանական ընտրություններում AfD-ն նվազագույնը 10 % կստանա: Նա արդեն պատգամավորներ ունի Գերմանիայի 16 երկրամասերից իննի լանտագներում, նրանք պատգամավորներ չունեն միայն դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում: Թեպետ կուսակցության ակունքներում եվրագոտուց դուրս գալ ցանկացող տնտեսագետներ էին, AfD-ն իր հակաիսլամիստական հռետորաբանությամբ աստիճանաբար շարժվեց դեպի աջ: Գերմանական վերլուծաբանները զուգահեռներ են անցկացնում դժգոհության միջև, որ հանգեցրեց Բրեկզիտի Մեծ Բրիտանիայում ու Թրամփի հաղթանակին ԱՄՆ-ում և AfD-ի կողմնակիցների պահանջների միջև: Դա կարող է կուսակցության «անսպասելի հաջողությունն» ապահովել դաշնային ընտրություններում 2017-ին: Անգելա Մերկելը դեռ որևէ կերպ հայտնի չի դարձրել՝ ցանկանո՞ւմ է չորրորդ անգամ Գերմանիայի կանցլեր լինել:
BBC
Հ.Գ. Իտալիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա՝ հանրաքվեներ ու ընտրություններ են ոչ միայն Եվրոպայում, աշխարհին ու իրեն անակնկալ մատուցեց ԱՄՆ-ը` Դոնալդ Թրամփի տեսքով, 2017-ին նախագահական ընտրություններ են Իրանում, փոթորկոտ ընտրությունների ու հեղաշրջման փորձի միջով անցավ Թուրքիան, հանրաքվե արեց Ադրբեջանը, խորհրդարան ընտրեց Վրաստանը: Քաղաքական էլիտաների փոփոխությո՞ւն, թե՞ դիրքերի ամրապնդում: Բոլոր ընտրություններն ու հանրաքվեները հռչակում են ժողովրդավարական կամ պետական կառավարման համակարգի կատարելագործման նպատակներ: Հանրաքվեից հետո խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ստացել են մի կարգավիճակ, որ առաջ չունեին, ի՞նչ ընթացք կունենան մեր ընտրությունները՝ կպահպանե՞նք անակնկալների տրենդը, թե՞ Հայաստանում՝ ոնց Հայաստանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ