25 տարի առաջ փլուզվեց ԽՍՀՄ-ը՝ իրենից ռուսներին թողնելով Հիտլերին հաղթելու հպարտությունը, ազգային քաղաքականության ավերակները և անվերջանալի վիճաբանություններ արժեքային համակարգի մասին Die Zeit-ում գրում է ռուս պատմաբան Ալեքսեյ Միլլերը: Երբ այսօրվա Ռուսաստանում խորհրդային պատմության մասին է խոսվում, որպես կանոն, առանցքում երեք թեմաներ են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթանակը հիտլերյան Գերմանիայի նկատմամբ, քաղաքական բռնությունները և կարոտախտը իբր թե պարզ կյանքի՝ իր սոցիալական երաշխիքներով Ստալինի մահից հետո: Վերջին երկուսի վերաբերյալ հասարակական քննարկումներում այդպես էլ կոնսենսուս չկա:
Եզակի բացառություններով՝ բոլորը համամիտ են միայն պատերազմում հաղթանակի հարցում: Խորհրդային պատմության ևս երկու հարց բավարար չեն քննարկվել ու վերլուծվել՝ ազգային քաղաքականությունը և 1970-1980-ական թթ. մտավորականների ձգտումը դեպի Արևմուտք: Որոշումները, որ ընդունվելու են Ռուսաստանի ապագայի վերաբերյալ, ուղղակիորեն կախված են, թե այս երկու թեմաները ինչպես են ընկալվում: Գլխավորը Խորհրդային Միության ազգային քաղաքականությունն է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի բնակչության 80 %-ը էթնիկ ռուսներ էին: Հաշվի առնելով տարածված պատկերացումները, որ ազգային պետությունը քաղաքական կազմակերպման նորմալ ձև է, էթնիկ ռուսների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանը դիտարկում է իբրև պետություն, որտեղ գլխավոր ազգը դառնում է էթնիկ սեփականատեր: Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց ազգային քաղաքականության ավերակներ, որի շրջանակներում էթնիկ խմբերը կցված էին որոշակի տարածքային միավորի՝ խորհրդային իշխանությունը չէր հետևում ազգային փոքրամասնությունների հայեցակարգին, այլ ստեղծում էր նոր տարածքային միավորներ, որտեղ գերիշխում էին առանձին էթնիկ խմբեր: Այսօրվա Ռուսաստանում կա 22 ինքնավար հանրապետություն, որ իրենցից ներկայացնում են իրենց պատկանող տարածքում ապրող քաղաքականապես մոբիլիզացված ժողովուրդների խմբեր: Այդ տարածքներում ազգային պետություն ստեղծելը՝ հաշվի չառնելով խորհրդային ժառանգությունը, դատապարտված է ձախողման: Ռուսաստանը լուրջ քաղաքական մարտահրավերի առաջ է, որի պատասխանը կարող է դառնալ դաշնային պետության սկզբունքորեն նոր մոդելը՝ հաշվի առնելով խորհրդային ազգային քաղաքականության ժառանգությունը: Այսօր շատ ռուսաստանցիներ բացասական են գնահատում խորհրդային շրջանի ազգային քաղաքականությունը: Շատերը ԽՍՀՄ-ի փլուզման մեջ են տեսնում այդ քաղաքականության հետևանքները: Հարևան մի շարք պետություններում ռուսների դիսկրիմինացիան հաճախ դիտարկվում է իբրև ԽՍՀՄ-ի փլուզման հետևանք:
Խորհրդային անցյալի մյուս թեման, որ մեծ քննարկման կարիք ունի, ԽՍՀՄ-ի վերջին տասնամյակների ինտելեկտուալ պատմությունն է: Այդ ժամանակներում մեծամասնությունն արդեն մերժում էր կոմունիստական գաղափարախոսությունը և լավագույն ապագայի հույսեր էր որոնում Արևմուտքի, նախ և առաջ Եվրոպայի, այլընտրանքային արժեքներում ու նորմերում: Առավել հաճախ փնտրտուքի ցանկալի նպատակը ռուսական և արևմտյան արժեքների համադրումն էր: Հենց այդ պատճառով ԽՍՀՄ-ի մայրամուտին վերակառուցման և բացախոսության գորբաչովյան քաղաքականությունը և «քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու» ձգտումն այդքան լայն աջակցություն ստացան: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանց, ովքեր սպասում էին Ռուսաստանի արագ և իրավահավասար ինտեգրումին արևմտյան կառույցներ, հիասթափություն էր սպասում: Այդ պատճառով էլ այսօր Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները հասել են մի վիճակի, որից վատը չի եղել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ռուսաստանում գերակայում են հակաարևմտյան տրամադրությունները, շատերը կարծում են, որ 1970-1980-ականների խորհրդային մտավորականների ձգտումները միամիտ մոլորություն էին, որ վկայում է նրանց դյուրահավատությունն ու վստահությունը Արևմուտքի նկատմամբ: Շատ ռուսներ հույս ունեին, որ կոմունիզմի մայրամուտից հետո իրենց ավելի շատ կգնահատեն, սակայն գործնականում պարզվեց, որ ոչ ոք պատրաստ չէ նրանց գնահատել միայն ռուս լինելու համար: Արևմուտքի նկատմամբ վստահությունը կարելի է գնահատել այն ժամանակվա ռուս լիբերալների թուլություն: Բայց այն ժամանակվա որոշ կարևոր գաղափարներից պետք չէ հեռանալ: Այն ժամանակի առաջատար ուղեղների ինտելեկտուալ ու բարոյական ջանքերը չեն կորցրել արդիականությունը և այսօր:
Նույնիսկ այն դեպքում, որ ներկա պահին Ռուսաստանը գտնվում է այն փուլում, երբ խզում է կապերը եվրոպական հեռանկարի իր 300-ամյա ավանդույթի հետ (հենց հիմա է երկիրը վերապրում իր խմբային նույնականության դարաշրջանային փոփոխությունները), դա չպետք է պատրվակ դառնա եվրոպամետ ինտելեկտուալ ավանդույթին վերջնականապես հրաժեշտ տալու համար: Նույնիսկ հրաժեշտ տալով «եվրոպական ընդհանուր տանը», մենք չպետք է մերժենք եվրոպական բոլոր արժեքներն անխտիր: Նրանք շատ կարևոր են Ռուսաստանի ապագայի համար՝ անկախ ընկալում է նա իրեն իբրև Եվրոպայի մաս, թե ոչ: Իրավական և սոցիալական պետության սկզբունքները, մարդու իրավունքները՝ այս արժեքները հարգելն անխուսափելի նախադրյալ է զարգացման բոլոր հաջողված նախագծերի համար, այդ թվում՝ հետեվրոպական Ռուսաստանի համար:
Ալեքսեյ ՄԻԼԼԵՐ, Die Zeit
Հ.Գ. Եվ ինչո՞ւ ռուս պատմաբանի հոդվածը չի հրապարակվում ռուսական մամուլում: Բայց այս հարցն այնքան կարևոր չէ, որքան կարևոր է բուն հարցադրումը՝ չհրաժարվել համաեվրոպական արժեքներից անխտիր:
Գուցե 25 տարին իսկապես բավարար ժամանակ չէ վերագնահատելու՝ ինչպե՞ս և ինչո՞ւ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ինչպիսի՞ն էր ազգային քաղաքականությունը՝ հետևա՞նք էր, թե՞ պատճառ կայսրության փլուզման, արժեքային ի՞նչ համակարգ էր գործում:
Գուցե մի քանի սերունդ պիտի փոխվի, որ այդ հարցերը անկողմնակալ գնահատական ստանան: Բայց դա էլ չի օգնի, չիմաստավորումի, չգնահատումի, չընկալումի գլխավոր պատճառը քաղաքականությունն է, ավելի կոնկրետ՝ ՌԴ իշխանությունը: Արևմուտքի՝ իբրև թշնամու ընկալում ձևավորելը լեգիտիմացնում է ՌԴ նախագահի իշխանությունը, որ նավթի գնանկման և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հետևանքով այլևս չի կարող իրեն նույնականացնել Ռուսաստանին միայն ու միայն իր իշխանության տարիներին պարգևած արժանապատվության ու բարեկեցության հետ, ազգի համախմբման համար արտաքին թշնամի է պետք: Այդպես ուրացվեցին լիբերալ արժեքները և Արևմուտքը հավասարեցվեց Ռուսաստանի թշնամու հետ, որ ուզում է ոչնչացնել Ռուսաստանն ու ռուսներին: Պետական գաղափարախոսությունը հավասարեցվեց արևմտյան արժեքների խեղաթյուրման ու ջախջախման հետ, որ հավասարակշռվում է ռուսական ազգայնականության փառաբանմամբ: Հետաքրքիր է՝ եթե ստացվեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո՝ ի՞նչ է անելու ՌԴ նախագահը «թշնամի ամերիկացու» կերպարի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ