Նախագահության ապասրբացումը՝ վերնագրով Libération-ը վերլուծել է վերջին իրադարձությունները Ֆրանսիայում: Ֆրանսուա Օլանդի թեկնածությունը չդնելը սոցիալիստական կուսակցության պրայմերիզներում, ուրեմն և նախագահական ընտրություններում, արտառոց է, սակայն լավ տեղավորվում է տրամաբանության մեջ, որի համաձայն նախագահությունը աստիճանաբար կորցնում է գործառույթները: Իրոք, նախագահի կյանքը հոգսաշատ է, առավել ևս, եթե նա հայտարարում է, որ ինքը «նորմալ նախագահ» է: Բայց նորմալ նախագահ չի լինում, ինչպես չի լինում երջանիկ նախագահություն: Ֆրանսուա Օլանդը դողացող, մելանխոլիկ ձայնով հայտարարեց վերընտրության հնարավորությունից հրաժարվելու իր որոշումը, բայց նաև՝ ստորացումից: Երկու նախագահներ՝ Վալերի Ժիսկար դ’Էստենը և Նիկոլա Սարկոզին նախագահական երկրորդ մանդատ այդպես էլ չստացան:
Նախագահական ինստիտուտի թուլացումը գործադիր իշխանության գերակայության միտումն է վկայում: Ֆրանսիացիները մի կողմից համակրում են նախագահության ինստիտուտը, բայց պաշտում են պատժամիջոցները իրենց ընտրած նախագահի նկատմամբ: Այդ սիրել-չընդունելը ազգային ծես է, և ֆրանսիացիներին կարելի է անվանել միապետական-ռեցիդիվիստներ կամ կայսեր դեմ ապստամբած բոնապարտիստներ: Դա ոչ միայն տեղական առանձնահատկություն է, այլև բոլոր ժողովրդավարական երկրներինն է, երբ փոքրիկ ճգնաժամի դեպքում իսկ կառավարությունը դառնում է իր բոլոր քաղաքացիների թիրախը:
Ֆրանսուա Օլանդը դժբախտ նախագահ էր առաջին օրից: Ի տարբերություն չափազանց ակտիվ նախորդի՝ նա ավելորդ ամոթխած էր արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Նա նաև բացարձակ ավտորիտար չէր, իսկ առանց դրա նախագահությունը վերածվում է ուտոպիայի:
Քաղաքական ուտոպիայի մասին գրում է նաև Le Figaro-ն: Ի՞նչ է ուտոպիան հարցը ուղղված է Իտալիային՝ Հռոմի պատմության մեջ այդ հասկացությունը չկա: Կարելի է երկար ու մանրամասն վերլուծել սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքները, որ ցույց տվեցին՝ իտալացիների 60 % -ը մերժում է Մատեո Ռենցիի կառավարման ոճը, նրանք դեմ են Ռենցիի առաջարկած ռիգորիզմին և ճկուն աշխատաշուկայի քաղաքականությանը: Չի բացառվում, որ 2017-ի մարտի 25-ին Հռոմյան համաձայնությունների 60-ամյակի տոնակատարությանը Անգելա Մերկելին ու Ֆրանսուա Օլանդին ընդունի Բեպե Գրիլոն:
Իտալիան սեյսմոգրաֆ է, որով կարելի է ստուգել պոպուլիզմի մակարդակը: Ապենինյան թերակղզին զգայուն է գաղափարների շարժմանը: Իտալիան կարելի է անվանել նոր գաղափարների լաբորատորիա տնտեսական ու քաղաքական ոլորտներում՝ դարավոր ավանդույթներով: Le Figaro-ն հիշեցնում է Սավոնարոլային, Մուսոլինիին, Կարմիր բրիգադները, նախկին կոմունիստներին ու ազգայնականներին, որ հերթով փոխարինել են իրար կառավարությունում: Ինչ հետաքրքիր է Իտալիայում՝ հնարավորինս արագ Հռոմի տոմս գնեք, այնտեղ է ստեղծվում եվրոպական պատմությունը:
RFI
Հ.Գ. Ընտրողը շրխկոցով մերժում է քաղաքական գործիչներին՝ ԱՄՆ-ում իշխանության եկավ միլիարդատերը, Իտալիայում՝ կոմիկը, Ֆրանսիան ու Գերմանիան դեռ դիմադրում են: Հռոմը երբեք չի քնում՝ ի տարբերություն եվրոպացիների, որ պաշտում են հանգստի արդյունաբերությունը: Իտալիան այդ ընթացքում ապրում է ու հնարում համակարգեր, որոնց ձեռքը կրակն է ընկնում, որպեսզի պայքարով ամեն ինչ փոխի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ