Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թեհրանից ազդարարում են մուսուլմանական աշխարհի ապագա «վերաբեռնում»

Թեհրանից ազդարարում են մուսուլմանական աշխարհի ապագա «վերաբեռնում»
20.12.2016 | 01:31

Իրանական «Fars» գործակալության վկայակոչմամբ՝ համաարաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տարածած այն հաղորդագրությունից հետո, թե Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական, Իրանի ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սեֆևին օրերս հայտարարել է, որ «աշխարհն ընթանում է դեպի գլոբալ իսլամական կառավարության ստեղծում, որի առանցքը լինելու է Իրանը», արաբական երկրներում ու Թուրքիայում խուճապ է առաջացել: Իրանի առաջնորդի ռազմական խորհրդականի ասելով, Եմենում, Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում երիտասարդները հետևում են Իրանի իրենց հասակակիցներին, նպատակ ունենալով ստեղծել Թեհրանի կառավարությանը մոտ կանգնած զինված կազմավորումներ և քաղաքական կուսակցություններ:

Առաջին դեպքը չէ, երբ Թեհրանից ազդարարում են մուսուլմանական աշխարհի ապագա «վերաբեռնում» և, համապատասխանաբար, ներկայումս առկա բոլոր իրողությունների վերանայում: Դեռ 2015 թ. ընթացքում շատ փորձագետներ նշում էին, թե, ըստ էության, ասպարեզներից մեկը, ուր խորանում ու սաստկանում է ԱՄՆ-ի և Իրանի մրցակցությունը, մուսուլմանական աշխարհն է, և այդ պայքարում մրցանակը իսլամական պետությունների վրա անսահմանափակ ազդեցությունն է: Իրանի և ԱՄՆ-ի հակասության ընդգրկումը մուսուլմանական աշխարհում ոչ միայն Լիբանանն է, Սիրիան, Պաղեստինը, Իրաքը, Եմենը, Բահրեյնը և այլն, որտեղ կան էական շիական համայնքներ, և որտեղ վաղուց արդեն առճակատումներ են տեղի ունենում այն վարչակազմերի հետ, որոնք սպասարկում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը: Շիական (կամ շիականին մոտ) օջախները սփռված են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Աֆղանստանում, Պակիստանում, Բալկաններում: Ազգային գործոնի միջոցով Իրանն ու նրա հասարակությունը մասնատելու Արևմուտքի փորձերը ձախողվեցին՝ Թեհրանի կողմից Հյուսիսային Իրանում հիմնականում թյուրքական ազգայնականների կոշտ ճնշմամբ (20-րդ դարի 70-ական թվականների վերջերին, նաև Խորասանում)՝ դավաճանների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի հմուտ զուգորդմամբ: Չեզոքացվում են էթնոազգայնականները՝ նաև համամուսուլմանական միասնության հմուտ քարոզման շնորհիվ:


Բայց ԱՄՆ-ը դարձյալ հնարավորություն ունի Իրանի դեմ աշխատեցնելու նաև քրդական գործոնը, թեև այդտեղ էլ Վաշինգտոնի հույսերը չնչին են. պարզվել է, որ քրդերի մեջ ամենևին վատ չէ գենային և էթնիկ հիշողությունը: Եվ նրանք ավելի լավ հիշում են թուրքերից ու արաբներից կրած զրկանքները, քան այն, թե «Իրանը քրդերին դեմ է»: 2007-2009 թթ. նույնիսկ լուրեր եղան, թե իրանական կրոնական շրջանակներին հաջողվել է մի շարք քրդական ցեղերի համոզել, թե սուննի հոգևորականները, առաջին հերթին նրանք, ովքեր բազավորված են Արաբական թերակղզում, գործում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դավադիր դաշն կնքած, դավաճանելով հարյուր միլիոնավոր դավանակիցների, դավաճանելով Պաղեստինին: Վերջերս Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) միավորումը Իրաքի շիական «Հաշիդ աշ-Շաաբի» աշխարհազորի մարտական շարքերին (որոնց կառավարում են իրանական ռազմական խորհրդականները- խմբ.) և այն, որ PKK-ի քրդերը իրաքյան Բաշիկա քաղաքավանը «մաքրել» են թե՛ իսլամիստներից, թե՛ թուրք զինվորականներից, որոնք իրենց օպերատիվ շտաբն ունեին Բաշիկայում, ապացուցում են, որ Իրանն իրոք հաջողությամբ չեզոքացնում է իր հակառակորդի ձեռքին եղած «քրդական խաղաքարտը»:
Իսլամական աշխարհում խամաճիկ երկրների դեմ ռազմաքաղաքական արշավը Իրանը, իհարկե, սկսել է 2014 թ. Իրաքում, Սիրիայում ու Եմենում: Իսկ ահա մուսուլմանների շրջանում կոնկրետ «հեղափոխություն» նախապատրաստել սուննիական Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի դավանական վերակողմնորոշման նպատակով, Թեհրանն սկսել է 2015-ից: Հենց անցած տարվա աշնանը Իրանն առաջին անգամ ընդհանուր գծերով նշեց, թե ինքն ինչ նկատի ունի: Այն ժամանակ Իրանի նախագահի խորհրդական և հետախուզության նախկին նախարար Ալի Յունեսին հրապարակայնորեն հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայում ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը կարող էր նախապատրաստած լինել իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությունը, և դա տեղի է ունեցել սաուդցիների թողտվությամբ: Հիշեցնենք, Մեքքայում՝ Մինայի հովտում, հրմշտոցի ու կոխկրտման պատճառով զոհվեցին հարյուրավոր ուխտավորներ, այդ թվում՝ տասնյակ իրանցի ուխտավորներ: Ավելին, «կորան» Իրանի մի շարք նախկին և գործող դիվանագետներ, որոնք ևս մասնակցում էին ուխտագնացությանը: Իսկ Մեջլիսի (խորհրդարանի) փոխխոսնակ Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Աբու Թորաբի Ֆարդն ընդգծել է, որ Մինայի հովտի ողբերգական իրադարձությունը կդառնա «փոփոխությունների սկիզբ մուսուլմանական աշխարհում»: Ի զարգացումն այդ մտքի, 2015 թ. հոկտեմբերի 12-ին իսլամական մազհաբների (շարիաթի իրավունքի դպրոցների- խմբ.) մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար այաթոլլահ Մոհսեն Արաքին մուսուլմանական գիտնականներին կոչ արեց ստեղծել իսլամական երկրների միություն: Այսինքն, վերանայել Արաբական թերակղզու արաբների և Թուրքիայի անդեմ «առաջատար դիրքերը» մուսուլմանական աշխարհում, որոնց Իրանը վաղուց մեղադրում է ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին ծառայելու մեջ: Եվ հենց նույն օրը Իրանի Գերագույն առաջնորդի ուխտագնացության գործերի գծով խորհրդական Ալի Ասգար Կազին կոչ արեց... բարեփոխել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող ամենամյա ուխտագնացության կառավարումը, քանի որ սաուդցիներն «ընդունակ չեն կառավարելու այն»:

Այսպիսով, Թեհրանն իրոք հող է նախապատրաստում հեղաշրջման կամ, եթե կուզեք, «մուսուլմանական աշխարհում իրական հեղափոխության» համար: Վերջապես, 2015 թ. հոկտեմբերի 13-ին ինքը՝ այաթոլլահ Խամենեին, հրապարակավ հայտարարեց, որ Արևմուտքը շարունակում է Իրանի դեմ «մեղմ պատերազմ» մղել, և այս առումով Մինայի հովտի ողբերգությունը Թեհրանի դեմ ուղղված «մեղմ պատերազմի» ընդհանուր շղթայի օղակներից մեկն է:


Արդեն այն ժամանակ տաք հետքերով այն տեսակետն էր հայտնվում, որ եթե Իրանը իրոք ուխտագնացությունը «խլի» Սաուդյան Արաբիայից, ապա ԱՄՆ-ի ևս մեկ խամաճիկ կկորցնի երբեմնի ազդեցությունը իսլամական աշխարհի վրա: 2015 թ. նոյեմբերի 10-ին ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպաներից մեկը՝ բրիգադային գեներալ Հոսեյն Սալյամին, հայտարարեց. «ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը թաղվեց Սիրիայում»: Նա հիշեցրեց, որ Եվրոպան և ԱՄՆ-ը կանգնած են եղել ամբողջ պատմության ընթացքում մուսուլմանական երկրներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մեծ մասի թիկունքում: Նրանք բռնապետերին օգնել են կառավարելու մուսուլման ժողովուրդներին, ու նաև տարածաշրջան մտցրին իսրայելական վարչակարգը: Սալյամին Սաուդյան Արաբիային մեղադրեց «մուսուլմաններին դավաճանելու» մեջ և այլն: Եվ ահա արդեն նաև գեներալ-մայոր Սեֆևիի 2016 թ. հայտարարությունը: Վերոհիշյալ բոլոր մեջբերումներից ու արտահայտություններից միանգամայն ակնհայտ է դառնում, թե ինչու են արաբական երկրների սուննիական վարչակարգերը վերստին անհանգստացած, սակայն, ինչպես կարող է թվալ, բնավ նկատելի չէ, թե ինչու են անհանգստացած Թուրքիայում: Բայց դա հասկանալու համար պետք է հիշել նույն գեներալ-մայոր Սեֆևիի ընթացիկ տարվա ապրիլի 28-ի հայտարարությունը, երբ նա, արձագանքելով Անդրկովկասում ու Սիրիայում Թուրքիայի քողարկված ու բացահայտ քայլերին, հայտարարեց. «Իրանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական համակարգի հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն: Պետք է նաև որոշակի կարգավորում կատարել, քանի որ Անկարան որպես ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև որոշ արաբական երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականությանը համապատասխան»: Միանգամայն տրամաբանական կլինի համարել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ Թուրքիային գեներալ-մայոր Սեֆևիի ուղղած մեղադրանքները հար և նման են «մուսուլմաններին դավաճանելու» մեջ Սաուդյան Արաբիայի հասցեին բրիգադային գեներալ Սալյամիի 2015 թ. նոյեմբերի 10-ի ավելի կոնկրետ մեղադրանքին: Մանավանդ, որ բոլորը և՛ Իրանում, և՛ առհասարակ Մերձավոր Արևելքում 100 տոկոսով գիտեն. եթե հրապարակայնորեն խոսում է գեներալ-մայոր Սեֆևին, ապա դա նշանակում է, որ այաթոլլահ Ալի Խամենեիի մակարդակով համապատասխան որոշում ընդունված և գործողության մեջ է դրված:

Ի դեպ, մի քանի խոսք էլ Սեֆևիի ապրիլի 28-ի հայտարարության մասին. նրա իրական ներգործության ապացույցներից մեկը դրսևորվեց գրեթե անմիջապես. Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնաթող արեց «նեոօսմանիզմի հայր», վարչապետ Դավութօղլուին, և Արևմուտքում այդ առնչությամբ գրեցին, որ Անկարայում հեռացրին «ԱՄՆ-ի մարդուն»: Իսկ ահա, մեր կարծիքով, երկրորդ ապացույցը դարձավ հենց քրդական PKK-ի փեշմերգայի միացումը «Հաշիդ աշ-Շաաբիի» շիական աշխարհազորին, այսինքն, միջնորդավորված կարգով, նրանց անցումն Իրաքում իրանական ռազմական խորհրդականների հրամանատարության տակ:


Հետազոտված փաստերն ու իրադարձությունները ստիպում են 2016-ի դեկտեմբերին էլ ուշադրությամբ ականջ դնել գեներալ-մայոր Սեֆևիի կարծիքին: Մանավանդ որ նա կանխատեսել էր ԱՄՆ-ի առաջիկա «հեռացումը», որը տեղի է ունենալու «քաղաքական և ռազմական մակարդակներով», ճիշտ է, առանց պարզաբանելու, թե արդյոք նա նկատի ունի հենց Մերձավոր Արևե՞լքը, թե՞ Թեհրանում համոզված են, որ ԱՄՆ-ի «հեռացումը», ասենք, տեղի կունենա նաև Աֆղանստանից, Միջին Ասիայից, Անդրկովկասից և այլն: Եվ եթե կողմնորոշվելու լինենք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշ արտահայտություններով, ապա, շատ հավանական է, գեներալ-մայոր Սեֆևին ոչինչ չի չափազանցում: Եվ այդ պատճառով «գլոբալ իսլամական կառավարության» ուրվականը՝ Իրանի առանցքով, իհարկե, պետք է վախեցնի ոչ միայն սուննիական արաբական վարչակազմերին, այլև Թուրքիային: Առավել ևս, որ թուրքերի մեջ Բաշիկայի շիական աշխարհազորի «հովանու ներքո» PKK-ի քրդերի ռազմական գործողության պատճառով, երևի, գալիք գլոբալ զգացողությունը նույնիսկ ավելի ուժեղ է, քան սաուդցիների կամ, ասենք, կատարցիների մեջ: Բնական է, որ տրամաբանական է թվում այն վարկածը, որ Իրանի դեմ պատժամիջոցները ևս 10 տարով երկարաձգելու իր որոշմամբ հենց ԱՄՆ-ն է Իրանին փաստորեն հարկադրել վերադառնալու իսլամական աշխարհը «վերափոխելու» իր սպառնալիքին: Նոյեմբերի 28-ից Իրանի ու ԱՄՆ-ի միջև բացահայտ տեղեկատվական-քարոզչական լեզվակռիվ է տեղի ունենում: Ամերիկացիներն Իրանին մեղադրում են Հորմուզի նեղուցում «ամերիկյան ուղղաթիռի վրա գրոհելու» համար: Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ընդգծել են, որ ԱՄՆ-ը ընկել է «անմիանշանակ նպատակներ հետապնդող քարոզարշավի» հետևից և որ «Պարսից ծոցում ամերիկյան ուժերի ներկայությունը պետք չէ» և ոչ մի արդարացում չունի: Ինչպես տեսնում ենք, գեներալ-մայոր Սեֆևիի հայտարարությունների հետ ամենաուղիղ կապն առկա է:


Այսպիսով, նկատելի է, որ պաշտոնական Թեհրանի տոնի կոշտացումը Իրանի դեմ «պատժամիջոցների» գծով ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի վերջին որոշումների պատասխանն է: Եվ լարվածությունը գնալով խորանում է. այսպես, Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ վերջերս ԱՄՆ-ի միակողմանիորեն ընդունած ակտը հակասում է աշխարհի տերությունների հետ Իրանի կնքած միջուկային գործարքին, միջուկային գործարքի ոգուն, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ պլան (ԳՀՀՊ կամ «Վիեննայի փաստաթուղթ), ինչպես նաև այլ երկրների ներքին և միջազգային գործերին չմիջամտելու ԱՄՆ-ի պարտավորությանը: Հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի բացառապես Վաշինգտոնի վրա, ընդգծեց Կասեմին: Նույն օրն իսկ է՛լ ավելի կոշտ արտահայտվեց Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար և դարձյալ ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհսեն Ռըզային «Instagram»-ի իր պաշտոնական էջում. «Պատժամիջոցներն ուղղված չեն լինի միայն Իրանի դեմ. ավելի շուտ դրանք կծաղրեն ԵՄ-ին, Չինաստանին, Ռուսաստանին: Դրանք նաև արհամարհանք կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հասցեին: Այսպիսով, մեր ձեռքերն ազատ են միջոցներ ձեռնարկելու ընդդեմ ԱՄՆ-ի, և մեր գործողություններն այս անգամ կլինեն ավելի արմատական ու զորեղ, դրանք կցնցեն ԱՄՆ-ը»:


Իրանի Մեջլիսի աշխատակազմի անդամ Աքբար Ռանջբարզոդան ասել է, որ Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները ևս 10 տարով երկարաձգելու ԱՄՆ-ի սենատում հավանության արժանացած օրինագիծը ԳՀՀՊ-ի և միջազգային իրավունքի խախտում է, և հիմա Մեջլիսը «հավանություն կտա միջուկային ակտիվության վերականգնման հույժ շտապ պլանին»: Նա IRNA գործակալությանը հայտնել է, որ միջուկային գործունեության վերականգնման «եռակի շտապություն» ունեցող պլանը կազմվել է արտակարգ պայմաններում՝ ԳՀՀՊ-ի գծով իր պարտականություններից ԱՄՆ-ի հրաժարվելուն դիմակայելու նպատակով: «Կրկնակի» կամ «եռակի շտապության» պլանների բնույթը կորոշի խորհրդարանը՝ խստագույնս գաղտնի ձևաչափով և ելնելով կոնկրետ պահանջներից: Ռանջբարզոդան նշել է, որ «կրկնակի շտապության» պլանը կավարտվի 72 ժամում և կվերածվի օրենքի: Երկրի ղեկավարության որոշմամբ, «կրկնակի շտապության» պլանն ի գիտություն է հայտնվել Արևմուտքի տերություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին: «Մենք կընթանանք մեր ուղիով, որպեսզի ժամանակ չկորցնենք, և կսկսենք աշխատել: ԱՄՆ-ի նախագահը առճակատման կուրս է վերցրել, մենք էլ մեր քայլերը կձեռնարկենք և «եռակի շտապության» պլանն ավելի հարմար է ամերիկացիներին ավելի արագ դիմակայելու համար»: Ռանջբարզոդան ամփոփել է. «ԱՄՆ-ը, նրա Կոնգրեսը ձեռնոց են նետել բոլորին, ոչ թե միայն Իրանին: Մենք աշխարհին մշտապես տեղյակ ենք պահել, որ ԱՄՆ-ը անօրինական քայլ է նախաձեռնել, ուստի մենք ընտրություն չունենք` բացի համարժեք պատասխան տալուց և պաշտպանություն ամրապնդելուց»:


Իրանի վերոհիշյալ պաշտոնատար անձանց հայտարարություններն ու գնահատականները, ինչպես, ի դեպ, նաև գեներալ-մայոր Սեֆևիի հայտարարությունը, անկասկած խոսում են այն մասին, որ Թեհրանն ամեն ինչ հիանալի իմացել է կանխավ և իր հնարավոր անհրաժեշտ հակաքայլերը հաշվարկել է, ըստ էության, Վիեննայում ԳՀՀՊ-ի ստորագրումից անմիջապես հետո: Եվ երբեք պատրանքներ չի փայփայել ԱՄՆ-ի պլանների ու հավակնությունների առումով, որոնց նպատակն է չսահմանափակվել միայն Իրանի միջուկային ոլորտի վերահսկողությամբ, այլ ձգտել վերափոխել և հսկողության տակ առնել ամբողջ Իրանը, նրա արտաքին քաղաքականությունն ու պաշտպանական ոլորտը և այլն: Հարցն այն է, որ Թրամփը, ինչպես հայտնի է, առհասարակ խոստացել է պատռել «Վիեննայի փաստաթուղթը», և այդ դեպքում Թեհրանը, «կրկնակի» թե «եռակի շտապության» միջոցների գործադրմամբ, անպայման հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի այն «ռազմակայաններին», որոնք, Իրանի կարծիքով, Ամերիկայի «թույլ օղակներն» են: Կասկած չկա, որ Մերձավոր Արևելքում իրադրության զարգացման ամբողջ տրամաբանության հաշվառմամբ, դա, առաջին հերթին, Թուրքիան է, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի մանր արաբական էմիրությունները: Այնպես որ, հավասարությունը դեպի գեներալ Սեֆևիի մարգարեություն, որն արտահայտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ընդունած որոշումների իմաստը, ինչպես նաև մատնանշում է այդ որոշումների իրացման սկիզբը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ