Դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը՝ Չանկայայում ժամանակակից արվեստների կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Մարդասպանը՝ Մևլութ Մերթ Ալթինթաշը, նախկին ոստիկան է, աշխատանքից ազատվել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին հաջորդած զտումների ժամանակ: Ականատեսների վկայությամբ` նա ութ փամփուշտ է արձակել դեսպանի վրա՝ «Ալլահ ակբար», «Հիշեք Հալեպը» բացականչություններով և սպանվել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ: Hurriyet-ը գրում է, որ զինված հարձակվողը սև կոստյումով ու փողկապով էր, նա թիկունքից է մոտեցել, նախ օդ է կրակել, ապա՝ դեսպանի վրա՝ Ինտերնետում հայտնվել են սպանության կադրերը:
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը հետևեց ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ Էրդողանը պատմել է սպանության հանգամանքները, այլ մանրամասներ զրույցից չհրապարակվեցին:
ԱՄՆ պետքարտուղարության մամլո քարտուղար Ջոն Քիրբին հայատարարեց. «Մենք դատապարտում ենք բռնությունը՝ որտեղից էլ բխի: Մեր մտքերը և աղոթքները Անդրեյ Կառլովի ու նրա ընտանիքի հետ են»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դատապարտեց դեսպանի սպանությունը՝ որակելով վախկոտ և հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ռուսաստանին հանցագործության հետաքննության մեջ: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը համակարծիք էր՝ նա հայտարարեց. «Ցնցված եմ Թուրքիայում ՌԴ դեսպանի ստոր սպանությունից և դատապարտում եմ այդ վախկոտ հարձակումը»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ իր դեսպանի սպանությունը Մոսկվան որակում է ահաբեկչություն: «Մենք կապի մեջ ենք Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ և ստացել ենք նրանց հավաստիացումը, որ կանցկացվի համակողմանի հետաքննություն: Մարդասպանները կպատժվեն: Այսօր ևեթ հարցը կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»՝ ասել է Մարիա Զախարովան:
Մոսկվայի Կառնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն անկեղծացել է. «Ես կարծում եմ, որ, ներեցեք արտահայտությանս համար, բայց Պուտինը միայն շահեց: Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց, որ մենք ունենք ընդհանուր թշնամի: Եվ այն բանակցությունների նախօրեին, որ անցկացվելու են վաղը, դա շատ ուժեղ հաղթաթուղթ է: Որովհետև երբ երիտասարդը վազում է ու բացականչում «Ալլահ ակբար», քրդերը չեն, ամերիկյան իմպերիալիզմը չէ, որից այդքան վախենում ենք, ահաբեկչություն է՝ ահաբեկչության դասական օրինակ: Իսկ մենք ո՞ւմ դեմ ենք կռվում: Ահաբեկչության դեմ: Եկեք համատեղենք մեր ուժերը բանակցություններում»:
ՌԴ ԳԱԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի Մերձավորարևելյան կոնֆլիկտների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Շումիլինը կարծում է, որ ռուսական կողմը կձեռնարկի ցուցադրական ուժային պատասխանի փորձ: Պատասխանը հիմնականում այդ հարթության մեջ կլինի.«Ո՞Ւմ խփել, վաղուց որոշված է: Բոլորը, որ դեմ են Ասադին, ահաբեկիչներ են: Բայց քանի որ այնտեղ կար կրոնական պատկանելության դրսևորում, հավանաբար հարված կհասցվի կրոնական հողի վրա խմբված ապստամբներին՝ «Ախրար աշ Շամին» կամ «Ան Նուսրային», եթե հնարավոր լինեն կետային հարվածները: ՄԱԿ-ի ԱԽ արդեն ուղերձ է ուղարկվել, հռետորական ուժեղ արձագանք կլինի, որ բոլորը ցավակցություններով կընդունեն, դա հասկանալի է: Թուրքիային իհարկե կմեղադրեն, բայց ոչ ուժեղ, քանի որ Թուրքիան Ռուսաստանի գլխավոր գործընկերն է դարձել բոլոր ուղղություններով, որ կապվում են սիրիական ճգնաժամի կարգավորմանն ու զարգացման հեռանկարներին»: Պետդումայի Անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գնահատականով՝ «Իհարկե, հայտարարություններ կլինեն ՄԱԿ-ի ԱԽ-ում, բայց գլխավորը, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունների նոր սառեցում չի լինի, որքան էլ ցանկանում են մեր ռազմավարական ընդդիմախոսները Անկարայում ու Արևմուտքում»:
ՌԴ Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը դեսպանի սպանությունն անվանել է «պատմություն Հալեպի շուրջ»: Ռոստուրիզմը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկներին հնարավորինս քիչ հայտնվել մարդկանց կուտակման տեղերում և չհեռանալ բնակության վայրերից: Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, որ Չանկայայում է, առժամանակ դադարեցրել է աշխատանքը և հայրենակիցներին կոչ արել՝ դեսպանատուն չգալ:
Դատելով ռուսական արձագանքներից և փորձագիտական գնահատականներից Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը իսկապես նոր փորձություն չի դառնա ռուս-թուրքական հարաբերություններում, հակառակը՝ կմիավորի նրանց ահաբեկչության դեմ պայքարում: Գլխավորը՝ թուրք ոստիկաններն արդեն սպանել են մարդասպանին և վերացրել ոճրագործության բացահայտման հնարավորությունները, դատավարության հնարավորությունը: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ նա մարդասպանը միայնակ վրիժառու էր, ում ուղղորդում է Ֆեթուլլահ Գյուլենը՝ դա Թուրքիային շատ ձեռնտու բացատրություն է: Թերևս ամենադիպուկ գնահատականը տվել է Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը. «Վեց ամիս առաջ սպանությունն Անկարայում կարող էր դառնալ նոր Սարաևո 1914: Հիմա հազիվ թե»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անդրեյ Կառլովը ծնվել էր 1954-ին: 1976-ին ավարտել էր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 1992-ին՝ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան: Դիվանագիտական ծառայության մեջ էր 1976-ից: 30 տարի աշխատել է Հյուսիսային Կորեայում ՝տարբեր պաշտոններում: 2001-ին նշանակվել է ՌԴ դեսպան ԿԺԴՀ-ում՝ անգերենից բացի լավ տիրապետում էր կորեերենին: ՎեՑ տարի դեսպան աշխատելուց հետո 2007-ին նշանակվել է ԱԳՆ-ի հյուպատոսական ծառայության տնօրենի տեղակալ, 2009-ից՝ տնօրեն: 2013-ի հուլիսի 12-ին նշանակվել է Թուրքիայում ՌԴ դեսպան: Աստված հոգին լուսավորի: