Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հոմս. Ռուսաստանի ու Իրանի դիմակայությունը

Հոմս. Ռուսաստանի ու Իրանի դիմակայությունը
06.01.2017 | 12:11

Չնայած փոխադարձ հետաքրքրվածությանն ու Ասադին աջակցության ռուս-իրանական համատեղ գործողությունների համակարգմանը, երկու երկրների միջև առաջին տեղ է գալիս Սիրիայում ազդեցության համար մրցակցությունը: Ով էլ այդ դիմակայության մեջ հաղթի, գլխավոր պարտվողը դառնալու է Բաշար Ասադը՝ նրա վրա ներգործելու են թե Ռուսաստանը, թե Իրանը: Այդ դիմակայությունը հստակ արտահայտվեց Հոմսում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ուզում է միայն իր գերիշխանությունը հաստատել: Հոմսը Սիրիայի գլխավոր քաղաքներից է՝ շահեկան աշխարհագրական դիրքով, որ թույլ է տալիս ամրապնդվել համանուն նահանգում ու ամբողջ երկրում: Հաշվի առնելով տարածքի կարևորությունը՝ անվտանգության կառույցների վերահսկողության համար մրցակցությունը դառնում է Հոմսում Իրանի ու Ռուսաստանի դիմակայության գլխավոր բաղադրիչը:


Իրանի դերի մեծացումը
Սուրիա.նեթ գործակալությունը հաղորդել է սիրիական բանակի բարձրագույն հրամանատարության անանուն աղբյուրից ստացված տեղեկությունները, որ Մոսկվան ցանկանում է կապերը խզել Ասադի ճամբարի մի քանի ուժային կառույցների հետ, այդ թվում՝ Պաշտպանության ազգային ուժերի ջոկատների, որոնց աջակցում է Իրանը: Պատճառը Ռուսաստանի մտադրությունն է՝ խոչընդոտել Իրանի դերի ուժեղացմանը Հոմսի նահանգում, հատկապես վարչական կենտրոնի հյուսիսային արվարձաններում: Վարչակարգին չեզոք թերթերի էջերում ամսվա սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ Հոմսի պետական անվտանգության ծառայության պետ Ակաբ Աբասը պաշտոնանկվեց ու նշանակվեց Իբրահիմ Դերվիշը, որ նույն գործն էր անում Համայում: Սուրիա.նեթի տեղեկությամբ` Ակաբ Աբասը, լինելով Հոմսի անվտանգության կոմիտեի անդամ, կարևոր դեր էր խաղում Իրանի շահերի պաշտպանության և այդ տարածքում Իրանի վերահսկողությունը հաստատելու մեջ: Կոմիտեն միավորում է առանցքային կառույցները, որ զբաղվում են ռազմական ու քաղաքական անվտանգության ապահովմամբ և համակարգում են նրանց գործունեությունը այդ տարածքում: Ակաբ Աբասը գլխավորում էր Պաշտպանության ազգային ուժերի զինված ջոկատները նախքան 2015-ի սեպտեմբերի վերջին սկսվեց ռուսական միջամտությունը Սիրիայում:


Ռուսաստանի շահերը
Սիրիայում գործողությունը սկսելուց հետո Մոսկվան ստեղծեց Հաշտության կենտրոն, որ տեղակայված է Լաթաքիայի Հմեյմիմ ռազմաբազայում: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը ստանձնել է Հոմսի ռազմական անվտանգությունը, նաև այն շրջանների, որ գտնվում են ընդդիմության ուժերի վերահսկողության տակ՝ այդ գործընթացից դուրս թողնելով աշխարհազորի Իրանի նկատմամբ չեզոք ուժերին: Միևնույն ժամանակ Մոսկվան փակել է այդ ջոկատների Իրանից ֆինանսավորման խողովակները: Ռուսաստանը մշտապես խոչընդոտում էր հաշտության ցանկացած նախաձեռնության, որ չէր գալիս Հմեյմիմի Հաշտության կենտրոնից՝ դա հաստատեց ընդդիմության պատվիրակության անդամներից մեկը, որ հանդիպել է Սիրիայի արաբական հանրապետության անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ Հոմսից հյուսիս՝ Ջավալիկ գյուղում: Ռուսական ԶԼՄ-ները այդ գործողությունները ներկայացրին իբրև կարևոր քայլ հաշտության ճանապարհին: Նա ասել է, որ բանակի հետ կապված սիրիական հատուկ ծառայություններից մեկի սպայի խոսքով՝ «ռուսները ձեռքները զարկերակին են պահում և ուղղակի վերահսկում են անվտանգության պետական կառույցները ընդդիմության հետ բանակցություններում՝ մասնակցելով բոլոր հանդիպումներին»: Երբ նրան հարցրել են Պաշտպանության ազգային ուժերի դերի մասին, պատասխանել է, որ «նրանք իրենց դիրքերում չեն մնա և կտեղափոխվեն Հոմսի արևելյան արվարձաններ, ի տարբերություն անվտանգության կառավարական ուժերի»:


Բանակցություններ Էլ Վայերում
Ռուս-իրանական դիմակայությունը դրսևորվեց և Էլ Վայերում (Հոմսի արևմտյան արվարձան) անցկացված բանակցություններում: Սուրիա.նեթի համար հաշտության ժամանակ իրավիճակը քաղաքում մեկնաբանած Ամար ալ Հոմսին ասել է, որ Պաշտպանության ազգային ուժերը զենքի ուժով արգելել են տրանսպորտի տեղաշարժը իրենց վերահսկած շրջաններում ու տեղի խաղաղ բնակիչներին պարբերաբար կամայականորեն ձերբակալել են: Նա նաև ասել է, որ Հոմսում պետական անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Դերվիշի նշանակումից հետո հանդիպում է կայացել Էլ Վայեր շրջանի ու վարչակարգի ներկայացուցիչների միջև՝ երեք ռուս սպաների ներկայությամբ, այդ թվում՝ Հոմսում Հաշտության կենտրոնի ղեկավարի, որ ենթարկվում է Հմեյմիմի կենտրոնին: Ամալ ալ Հոմսին ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների կատարումը և հրադադարի ռեժիմի պաշտպանությունը Ռուսաստանի համար հեշտացել է ծառայության իրանամետ ղեկավարի պաշտոնանկությունից հետո:


Ո՞վ է Իբրահիմ Դերվիշը
Սպան, որ ստանձնել է պետական անվտանգության ծառայության պետի դերը, մինչ այդ ղեկավարել է նույն կառույցը Համայում: Թվում է՝ Ռուսաստանը նրան ընտրել է Իրանին չեզոք Պաշտպանության ազգային ուժերի նկատմամբ ատելության համար: Անցած տարեկեսին զինված բախումներ եղան անվտանգության կառույցների և Պաշտպանության ազգային ուժերի ջոկատների միջև, որ գլխավորում էր Հայրալա շեյխ Ալին, որ Սիրիայում հեղափոխության սկզբից մշտապես մեկնում էր Իրան: Իրանամետ ոստիկանների ու Իբրահիմ Դերվիշի բախումները կրկնվում են, հիմա նաև Հոմսի ընդդիմության ենթակայության տակ գտնվող շրջաններում:


Ակնհայտ դիմակայություն
Ռուսաստանի ու Իրանի դիմակայությունը բացահայտ քննարկվում է սիրիական վարչակարգի կողմնակիցների սոցցանցերի էջերում, այդ թվում՝ «Հոմսի երիտասարդություն» ընկերակցության, որ տասնյակ հազարավոր մարդկանց է միավորում և այլ էջերում, որ կապված են Պաշտպանության ազգային ուժերի հետ: Նրանք գրում են, որ դիմակայության շարունակումը բացասաբար է ազդում Հոմսի իրավիճակի վրա:
Հոմսի արևելյան արվարձան Պալմիրայի և այդ շրջանի նավթային հանքերի համար վերջին կռիվներում ԻՊ-ի կողմնակիցների էջերում սոցիալական ցանցերում հաղորդվում էր, որ «ռուսները առաջինը կռվից հեռացան և օդից չպաշտպանեցին դիրքերում մնացած Պաշտպանության ազգային ուժերի ջոկատներին ու բանակին»: Այդ գործողությունները (կամ անգործությունը) նախաձեռնել էին Հոմսի պետական անվտանգության ուժերը, որ հանդես են գալիս Ռուսաստանի կողմում, Պաշտպանության ազգային ուժերի դեմ՝ նվազեցնելու համար նրանց դերը ու Իրանի դերը նահանգում: Գուցե դրանով է պայմանավորված նոր ռազմական կառույցի ի հայտ գալը՝ կամավորական «Հինգերորդ գրոհային կորպուսի», որի հիմնական նպատակն է նվազեցնել Իրանի ազդեցությունը Պաշտպանության ազգային ուժերի վրա և նրանց ենթարկել իրենց կորպուսին, անվտանգության ծառայությանը և վարչակարգի բանակին, ուրեմն՝ Ռուսաստանին:
Masr Alarabia, Եգիպտոս


Հ.Գ. ՈՒ ի՞նչ: Մոսկվան ու Թեհրանը Հոմսում են հարաբերություններ պարզում, Մոսկվան ու Անկարան Հալեպում էին հարաբերություններ պարզում: Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի միջև Սիրիան ազդեցության գոտիների բաժանումը իրականություն է, որ օրեցօր ավելի ակնհայտ է դառնում՝ արդեն ազդեցության գոտիների սահմանները վերաբաժանելու համար: Տուժողը Բաշար Ասադը կարող է լինել, բայց շահողը ԻՊ-ն է, որ առանց մարտերի վերցրեց Պալմիրան և նավթային շրջանները: Սիրիայում, այնուամենայնիվ, անհասկանալին ու հասկանալին խառնվել են իրար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ