ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետախուզության ու հատուկ ծառայությունների տեսակետները լսել չցանկանալը: Նա խորհուրդ է տվել Թրամփին «մեծանալ»: РВС հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը ասել է. «Նախագահի համար չհավատալը հետախուզության բազում ծառայություններին՝ ռազմական հետախուզությունից մինչև ԿՀՎ, պատրաստ չլինել նրանց լսելը, բացարձալ խելահեղություն է»: «Բուն միտքը, որ դու կարող ես իմանալ ավելին, քան հետախուզությունը, նույնն է, թե ասես՝ ֆիզիկան ուսուցչիցս լավ գիտեմ: «Ես գիրք չեմ կարդում, ես պարզապես ավելի լավ գիտեմ»՝ բացատրել է Թրամփի պահվածքը Բայդենը և նրան հորդորել. «Մեծացիր, Դոնալդ, մեծացիր: Ժամանակն է, դու նախագահ ես: Գործ անելու ժամանակն է: Ցույց տուր՝ ինչի ես ընդունակ»: Ջո Բայդենն ընտրված նախագահին անվանել է «լավ մարդ»:
Վերջին մի քանի ամիսներին Թրամփը կասկածի տակ էր առնում ԱՄՆ հատուկ ծառայությունների հայտարարությունները կիբեռհարձակումներին Ռուսաստանի մասնակցության մասին, սակայն հինգշաբթի Թրամփն ասաց, որ հետախուզական գործակալությունների «մեծ երկրպագու» է: Հինգշաբթի նախագահ Բարաք Օբամային ներկայացվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավին դրսից միջամտության մասին զեկույցը:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին զեկույցի բովանդակության մասին կտեղեկացնեն ուրբաթ: Զեկույցի մի մասը, որ գաղտնի տեղեկություններ չի պարունակում, հաջորդ շաբաթ կհրապարակվի: Դեկտեմբերի վերջին ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հրապարակեց գաղտնազերծված զեկույցը՝ հաստատելու, որ Ռուսաստանի կառավարությունը գիտակցաբար ձգտել է առաջ մղել Թրամփի թեկնածությունը: Օբամայի վարչակարգը երկրից արտաքսեց ՌԴ 35 դիվանագետների և փակեց երկու նստավայրեր, որ, իբր, օգտագործել են ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Թրամփը այդ քայլերն անվանեց ծայրահեղ:
BBC
Հ.Գ. Բարաք Օբաման պաշտոնավերջին դիմում է ծայրահեղ քայլերի, փորձելով ի լրումի հասցնել իր վարած քաղաքականությունը: Փորձագետներից ոմանք այդ քայլերը որակում են ընտրված նախագահի դեմ, մասնավորապես ռուս դիվանագետների վտարումը երկրից, հատկապես, երբ ՌԴ-ն համարժեք քայլ չձեռնարկեց: Բայց, դեռ պաշտոնը չստանձնած, Դոնալդ Թրամփը հեռացող նախագահին չի զիջում ծայրահեղ քայլերի թվով ու որակով: Թվում է՝ Թրամփը համարում է, որ ծայրից ծայր փոխելու է ԱՄՆ-ը, գուցե նաև աշխարհը: Լավատեսությունը, սակայն, նրան կարող է վատ ծառայություն մատուցել: Համենայն դեպս, նրա վարչակազմը արդեն բոլոր դեսպաններին մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունը հրաժարական պահանջող նամակներ է ուղարկել, իսկ Վաշինգտոնը այդ գործընթացը անում է մի քանի ամսում՝ դեսպաններին ժամանակ տալով պաշտոնավարել մինչև նոր դեսպանների նշանակումն ու հաստատումը: Թրամփը սկսել է վերջից՝ գործողները կհեռանան, իսկ նորերը հետո կնշանակվեն: Որքանո՞վ է դա արդյունավետ և միջպետական հարաբերությունների ի՞նչ խնդիրներ կհարուցի, Թրամփին առանձնապես չի հուզում՝ նա այդպես է որոշել, ու՝ վերջ: Այդպես են, երևի, ստեղծում «Մեծ Ամերիկա»: Հաջողություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ