Մամլո ասուլիսում, որ ավելի ֆարսի էր նման, Դոնալդ Թրամփը ցույց տվեց իր բոլոր վատ կողմերը՝ գրում է Die Zeit-ում Ռիկե Խավերցը: Նա ինքն իրեն գերազանցեց, ծաղրելով Հիլարի Քլինթոնին, վիրավորելով լրագրողներին, օգտագործելով ամենապարզունակ հնարքներ: Նրա իմաստային բովանդակությունից զուրկ հայտարարությունները, որտեղ նոր ոչինչ չկար, պատի շինարարության, առողջապահության անտանելի բարենորոգման ու ԱՄՆ-ի մեծության մասին, նման էին գրոտեսկային թատերայնության: Թրամփն իրեն պահում էր՝ ճիշտ ինչպես նախընտրական արշավի օրերին, որ ստիպում է ցնցվել՝ մտածելով մոտեցող հունվարի 20-ի մասին: Մամլո ասուլիսում Թրամփը չկարողացավ իրավիճակը վերահսկել և նորից ցուցադրեց ինքնուրույն գործելու իր անկարողությունը:
Նա, ով ի վիճակի չէ հանգիստ արձագանքել լրագրողների քննադատական դիտարկումներին, գերադասելով խոսքից զրկել CNN-ի լրագրողին, որովհետև նրա հեռուստաալիքը, իբր միայն ֆեյքային նորություններ է հրապարակում, ինքն իրեն ծիծաղելի է դարձնում: Թրամփի մամլո ասուլիսը, ինչպես նրա շատ ելույթներ, ի հայտ բերեց նրա անտեղյակությունն ու անքաղաքավարությունը: Պե՞տք է անընդհատ հուզվել այդ պատճառով: Իհարկե, հնարավոր չէ անվերջ գտնվել մշտական զայրացածության վիճակում Դոնալդ Թրամփի առաջիկա նախագահության պատճառով: Սակայն թերագնահատումը՝ խառնված վատի ձգողականությանը, մյուս գործոնների համադրությամբ թույլ տվեց նախագահի թեկնածու Թրամփին նախագահ դառնալ: Ո՞վ գիտի, գուցե Թրամփի վարչակազմին հաջողվի դրական քայլեր անել: Բայց չորեքշաբթի օրվա նրա ելույթը ստիպում է խիստ կասկածել: Ի վերջո, ապագա նախագահը մտադիր է վերակառուցել իր երկիրը, թեպետ լրջորեն չի մտածել հետևանքների մասին: Լավագույն դեպքում՝ ԱՄՆ-ում կձևավորվի հասարակական ընդդիմություն և Կոնգրեսի հաջորդ ընտրություններում պետք է սպասել դեմոկրատների զանգվածային հաղթանակին, որ ի զորու են սահմանափակել Թրամփի իշխանությունը: Առայժմ Թրամփը նետվում է դեպի ֆարս, և դա չի կարելի անտեսել: Նման ելույթները աղետ են և պետք է ստանան իրենց ճիշտ անունները:
Ռիկե ԽԱՎԵՐՑ, Die Zeit
Հ.Գ. BBC-ին հաղորդում է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին մամլո ասուլիսում Buzzfeed տեղեկատվական կայքն անվանեց «աղբակույտ», իսկ CNN-ը՝ «սարսափելի կազմակերպություն»: ՈՒ ընդհանրապես լրագրողների սուր հարցերին նա պատասխանում էր մեղադրանքներով, որ կեղծում են նորությունները: ԱՄՆ-ի ընտրված նախագահի ասուլիսը գուցե այդքան սուր քննադատության չարժանարար, եթե նույն օրը Չիկագոյում իր հրաժեշտի ելույթը չունենար ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ի ընտրողները հիանալի հնարավորություն ունեին համեմատելու՝ ով է գալիս ումից հետո: Բոլոր դեպքերում առաջիկա չորս տարիները Դոնալդ Թրամփինն են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ