Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ախտորոշում է վարչապետը

Ախտորոշում է վարչապետը
14.01.2017 | 14:14

Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամլո ասուլիսով ամփոփեց իր կառավարության սիմվոլիկ հարյուր օրը: Դա երկար ու անհավասար խոսակցություն էր, տեղ-տեղ ընդհանրապես երկու խուլի խոսակցություն, բայց սկիզբը խիստ խոստումնալից էր: Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր կառավարության կատարած աշխատանքը՝ պայմանականորեն բաժանելով ախտորոշման ու տեսլականի: Ախտորոշվեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգը, թեև խոշորածավալ չէ, սակայն ունի բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան, հաճախ հատվածային, ոչ համարժեք կարգավորումներ տարբեր ոլորտներում, նոր գործառույթների առանձնացման և դրանց համար այս կամ այն մակարդակի մարմինների ստեղծման ու ուռճացման միտում, որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասությունների և պարտականությունների անհամաչափ բաշխման դրսևորումներ, հաշվետվողականության և պատասխանատվության կոլեկտիվ տարրալուծման միտում:


Առողջապահության համակարգում ախտորոշվեց, որ կա պետության երաշխավորած բուժօգնություն ու սպասարկում ստացող շահառուների շրջանակի, նրանց մատուցվող բժշկական ծառայությունների ծավալի անհամապատասխանություն բյուջեից հատկացվող միջոցներին, հատկացվող բյուջետային միջոցների և ստացված արդյունքների անհամաչափություն, առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի անհամաչափ բաշխում, որակյալ բուժօգնության և սպասարկման միասնական ստանդարտների բացակայություն, առողջապահական ծառայությունների նպատակայնության, հետագծելիության ապահովման, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման, որակի կառավարման գործուն մեխանիզմների արդյունավետության ցածր մակարդակ, պայմանավորված ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի բացակայությամբ, նույն բժշկական ծառայության համար բազմակի գներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկեր, բարձր ստվերայնություն առողջապահական հաստատություններում:
Արդարադատության ոլորտում ախտորոշումը եռաստիճան էր՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգ, պետության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցում:


Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նշվեց կոռուպցիայի ցուցանիշների ընկալման բարձր մակարդակը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագիր ներկայացնելու համակարգի անկատարությունը, հայտարարագրման ոլորտում խախտումների համար պատասխանատվության բացակայությունը, դատավորների անկախության ոչ բավարար մակարդակը, արդարադատության ոչ պատշաճ իրականացման համար դատարանի և դատավորների պատասխանատվության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, դատական գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննության պահանջներից շեղումը: Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում նշվեցին դատական ակտերի հարկադիր կատարողի որոշումների վերաբերյալ ծանուցումների թերի մեխանիզմը, ԴԱՀԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը՝ պայմանավորված հարկադիր աճուրդների կազմակերպման թերի մեխանիզմներով, կատարողական գործողությունների արդյունքում անօթևան դարձած քաղաքացիների բնակարանային հարցի լուծմանն ուղղված մեխանիզմների բացակայությունը: Համարվեց, որ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բավարար մատչելի չեն:


Ենթակառուցվածքների ոլորտում ախտորոշվեցին տրանսպորտի ոլորտի և ճանապարհային ակտիվների պետական կարգավորման ոչ բավարար մակարդակ, ուղևորափոխադրումների ժամանակակից կառավարման համակարգի բացակայություն, ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման արդյունավետ համակարգի բացակայություն, ՏՀՏ ոլորտի հետագա զարգացումը խթանող պետական ծրագրերի և միջոցառումների ոչ բավարար մակարդակը, ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման իրավահարաբերությունների բացակայություն, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում խթանիչ ծրագրերի և միջոցառումների սակավություն, խմելու ջրի ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտություն, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտի անկատար օրենսդրական դաշտ:


Արտահանման, գործարար միջավայրի և ներդրումների ոլորտում ախտորոշվել է, որ արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ, կենտրոնացման մեծ աստիճան: «Գործարարությամբ զբաղվելը» Համաշխարհային բանկի զեկույցի հիմք հանդիսացող գնահատման տասը ցուցանիշներից չորսի մասով (էլեկտրականության միացում, շինարարական թույլտվությունների ստացում, սնանկության ճանաչում և հարկերի վճարում) Հայաստանի միջին դիրքը շարունակում է մնալ բավական ցածր: Վարչարարություն իրականացնող մարմինների կողմից օրենսդրության պահանջների անհամաչափ և անհավասար կիրառություն: Ցածր է դատական համակարգի արդյունավետությունը՝ վարչական կամ քաղաքացիական վեճերի, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հանգուցալուծման գործում: Օտարերկրյա ներդրումների ներհոսքը խիստ անբավարար է:


Գյուղատնտեսության ոլորտում ախտորոշվել է հանրապետության պարենային անվտանգության ցածր մակարդակ, գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացի ոչ արդյունավետ համակարգ, գյուղացիական տնտեսությունների գործունեության կոոպերացիայի ցածր մակարդակ, ապահովագրական համակարգի բացակայություն, ժամանակակից ֆերմերների խավի ձևավորման խիստ ցածր տեմպ, ձևավորմանն աջակցող կառույցների և գործընթացների անբավարարություն, սուբսիդավորման մեխանիզմների ցածր արդյունավետություն, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի գոյություն, ինտենսիվ գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների ոչ բավարար տարածվածություն, տնտեսավարողների ժամկետանց վարկերի գոյություն, գյուղատնտեսության մեքենայացման ցածր մակարդակ:
Վարչապետի և նրա կառավարության Հայաստանի Հանրապետության ախտորոշումներն այսքանով ավարտվում են: Հաջորդիվ առաջարկվոմ են ոլորտների զարգացման տեսլականները, որ պակաս հետաքրքիր չեն: Օրինակ՝ պետական կառավարման ոլորտում առաջարկվում է դասական բյուրոկրատիայի հետխորհրդային տարբերակից անցնել ճկուն, արդյունավետ և նախաձեռնող պետական կառավարման համակարգի: Զբոսաշրջության ոլորտում առաջարկվում է համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային պրոդուկտի մրցունակության շարունակական բարձրացման միջոցով զբոսաշրջիկների քանակի շարունակական երկնիշ աճ և համաչափ տեղաբաշխում ամբողջ հանրապետությունում: Ենթակառուցվածքների ոլորտում՝ ՀՀ-ում համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան, որակյալ, բանուկ և անվտանգ կենսական ենթակառուցվածքների առկայություն և շարունակական զարգացում՝ ժամանակակից ինովացիոն գործիքների կիրառմամբ և միջազգային համագործակցության ծրագրերում ակտիվ մասնակցությամբ: Արդարադատության ոլորտում՝ ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում արդար, վստահելի և արդյունավետ դատական համակարգի: ԴԱՀԿ համակարգում՝ ցածր վարկանիշ ունեցող, դանդաղ գործող ԴԱՀԿ համակարգից անցում վստահելի, արագ և արդյունավետ ԴԱՀԿ համակարգի:

Նոտարական համակարգում՝ ռիսկային նոտարական համակարգից անցում վստահելի և պատասխանատու նոտարական դատական համակարգի: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեսլականն է՝ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, այնպիսի օրենսդրական մեխանիզմներ, որոնք թույլ կտան արդյունավետ կանխարգելել կոռուպցիան և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը: Առողջապահության ոլորտում՝ գործող բարձր ստվերայնությամբ, ոչ շուկայական մեխանիզմներով իրականացվող գնման համակարգի ցանցում նպատակայնության, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների վրա հիմնված առողջապահական համակարգի ձևավորում: Մշակույթի ոլորտում՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայկական մշակույթի ավելի լայն մասշտաբներով հանրահռչակում՝ ՀՀ-ում և արտերկրում, մշակութային ժառանգության պահպանում և տարածում: Սոցիալական ապահովության ոլորտում՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ճկուն, արդյունավետ, թափանցիկ կառավարման համակարգի կատարելագործում: Սննդամթերքի անվտանգության ոլորտում՝ արդյունավետ և նախաձեռնող պետական կարգավորման քաղաքականություն՝ հայրենական արտադրանքի խրախուսմամբ:


Իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանը գրավոր ու բանավոր ներկայացրեց հարյուր օրում կառավարության կատարած աշխատանքը ևս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չգիտեմ դուք ինչպես, ես, որ մեկ տասնամյակ աշխատել եմ պետական կառույցում ու լավ տեղյակ եմ փաստաթղթաշինարարությանը, այս բառահոսքից հասկացա, որ վարչապետին պարտադիր պետք է կախարդական փայտիկ, որ հանրապետությունում չեն արտադրում, և մեծ, շատ մեծ հեքիաթ, որ գոնե իր համար պարզի՝ ազգը մանրիկ քայլերով միայն տեղում դոփում է, իսկ տեղապտույտի ժամանակը սպառված է, արդյունաբերությունն է պետք վերականգնել, կառավարությունը քաղաքական որոշումներ պետք է կայացնի արդյունաբերության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման ու արտագաղթի կանխման համար: Թե չէ այս բոլոր ախտորոշումներն ու տեսլականները կմնան կառավարության գզրոցներում ու կազմողների անձնական արխիվներում: ՈՒ ընդհանրապես՝ պարբերաբար այն զգացողությունն է, որ վարչապետի ախտորոշողներն ու տեսանողները ոչ թե Հայաստանում են ապրում, այլ մոդելային բիզնես երկրում, որտեղից պատրաստի սխեմաներ են արտահանում՝ մեզ զարգացնելու:

Դիտվել է՝ 1711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ