Հունվարի 15-ին, Փարիզում միջազգային կոնֆերանս էր հրավիրվել, որի նպատակը իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացը վերսկսելն է: Կոնֆերանսին մասնակցում էին 70 պետությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բայց ոչ Իսրայելի ու Պաղեստինի ինքնավարության: Փարիզում ընդունում են, որ կոնֆերանսը սիմվոլիկ նշանակություն ունի ու կոնկրետ որոշումներ չեն լինելու: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները աջակցություն են հայտնել միջազգային կոնֆերանսին, Իսրայելը որակել է «խաբեություն» և դեմ է հարցի միջազգային լուծմանը: Իսրայելի իշխանության կարծիքով՝ խնդիրը կարելի է լուծել միայն կողմերի ուղղակի բանակցություններով: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարեց, որ կոնֆերանսի միակ նպատակն է «ողջ վճռականությամբ հայտարարել, որ երկու պետությունների համակեցությունը միակ հնարավոր լուծումն է»: Էյրոյի կարծիքով՝ այդ լուծումը հիմա սպառնալիքի տակ է՝ «ամեն օր կոնֆլիկտի կարգավորման հեռանկարն ավելի է հեռանում»: Կոնֆլիկտի գոտում լարման նոր մեծացումը սկսվել է 2015-ի աշնանը: Այդ ժամանակից բռնությունների հետևանքով զոհվել են 250 պաղեստինցի և 40 իսրայելցի: Փարիզի կարծիքով՝ կոնֆերանսը պետք է հաստատի 70-ամյա կոնֆլիկտի կարգավորման ընդհանուր սկզբունքները և ցույց տա համաշխարհային հանրության շահագրգռվածությունը խաղաղ գործընթացի վերսկսմամբ: Իսրայելի ու Պաղեստինի ուղղակի բանակցությունները ընդհատվել են 2014-ի ապրիլից: Կոնֆերանսի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասաց. «Ես հստակ գիտակցում եմ՝ ինչ կարող է այս կոնֆերանսը տալ: Խաղաղություն կարող են կնքել միայն իսրայելցիներն ու պաղեստինցիները, և ուրիշ ոչ ոք: Արդյունք կարող է լինել միայն երկկողմ բանակցություններում»:
Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված կոնֆերանսի որոշումները պարտադիր ուժ չունեն: Բացի այդ՝ կոնֆերանսն անցնում է տարածաշրջանում ծայրահեղ լարվածության մթնոլորտում՝ ահաբեկչություններ Իսրայելի տարածքում, հոկտեմբերի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած որոշումը, որտեղ կրոնական սրբավայրերը նշված էին բացառապես արաբական անուններով և Իսրայելի վրդովմունքը հարուցած ՄԱԿ-ի դեկտեմբերի 23-ի հայտարարությունը, որ դատապարտում էր Իսրայելի շինարարությունը արևելյան Երուսաղեմում ու Հորդանանի արևմտյան ափին: Կոնֆերանսից հինգ օր անց ԱՄՆ Սպիտակ տանը աշխատանքը կսկսի նոր նախագահ Դոնալդ Թրամփը, որ խոստացել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրել: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները խոստացել են այդ դեպքում վերանայել Իսրայելի ճանաչման հարցը: «Ոչ միայն ԱՄՆ-ը այդպիսով կկորցնի լեգտիմությունը կոնֆլիկտի կարգավորման գործում, այլև երկու պետությունների համակեցության հնարավորությունը կզրոյանա»՝ հայտարարել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը Le Figaro-ի էջերում:
RFI
Հ.Գ. RFI-ին նաև հաղորդում է, որ նույն կիրակի օրը՝ հունվարի15-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, երբ ձախերի պրայմերիզների երկրորդ ռաունդն էր ցուցադրվում հեռուստատեսությամբ, մշակույթի նախարար Օդրի Ազուլի հետ թատրոն է գնացել՝ Միշել Դրյուկերի մոնոներկայացմանը: Օլանդին հասկանալ կարելի է՝ նա քաղաքական թատրոնից գերադասում է իրական թատրոնը: Ի վերջո, դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ 2017-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի դնելու, և հիմա հանգիստ ու ֆրանսիացուն վայել՝ հաճույքով, գլորում է նախագահության վերջին ամիսները: Նրա ինչի՞ն են պետք ձախերի (կամ աջերի) պրայմերիզները: Վարչապետ Մանուել Վալսը հրաժարական տվեց և մասնակցում է պրայմերիզներին, որ կորոշեն ձախերի նախագահի թեկնածուին: Մեկնաբանելով նախագահի վերաբերմունքը հեռուստաբանավեճին, Մանուել Վալսը Europe 1-ին ասել է, որ Օլանդը դեբատների տեսագրությունն է նայել: Լրագրողի հարցին՝ նախագահի երեկոն անցկացնելու ձևի ընտրությունը վիրավորական չէ՞ր՝ նախկին վարչապետը պատասխանել է, որ քննարկման ավելի հետաքրքիր թեմաներ կան: Оլանդի շրջապատից Reuters-ին ասել են, որ նախագահն իրոք նայել է պրայմերիզների տեսագրությունը և չի պատրաստվում մեկնաբանել նախագահական ընտրությունների հարցերը մինչև պրայմերիզների արդյունքները հայտնի չդառնան: Ի՞նչ իմաստ ունի փչացնել տրամադրությունը կամ հարաբերությունները: Ամենայն հավանականությամբ՝ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է խաղաղ հեռանալ՝ ի տարբերություն Բարաք Օբամայի, բայց սիմվոլիկ կոնֆերանսներ ու հանդիպումներ կազմակերպելուն դեմ չէ: Գուցե նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այդպես էլ չկայացած հանդիպումը Փարիզում: Պետք է, չէ՞, հուշերում գրել, որ հնարավորն արեց, բայց ավելին տրված չէր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ