ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԵԿՆ Է
Խոսքս հիմնականում վերաբերում է հեռուստատեսային լրագրությանը, որի դերի կարևորությունը գիտեն և հիմնականում դա էլ օգտագործում են իշխանությունների յուրաքանչյուր քայլը ունկնդիրներին նպաստավոր լույսի տակ ներկայացնելու համար: Դրանցից առաջինը և ամենակարևորը նախագահի անձի գովազդն է: Ճիշտ է, այդ գործընթացն իրականացվում է շատ տեսանելի թերություններով, բովանդակային պարապությամբ, ինչը, սակայն, փոխհատուցվում է այդ նյութերի առատությամբ: Հանդիպումներ ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ, այցելություն սահմանամերձ գյուղի բնակիչներին, նորից հանդիպումներ մշակույթի գործիչների հետ, երիտասարդության ներկայացուցիչների հետ, հանրապետություն ժամանած գործարարների հետ, որոնք արևային տեխնոլոգիաներ են ուզում ներդնել մեր տնտեսությունում... Խոստումներ, խոստումներ առաջիկա տարիների համար: Այնպիսի տպավորություն է, թե իշխանություններն այրվում են բոլորի խնդիրները լուծելու ցանկությամբ: ՈՒզում ես հավատալ, որ սա կապ չունի գալիք ընտրությունների հետ: Բայց ի՞նչ կարող ես անել, եթե այդպես մտածել չի ստացվում: Մեր իշխանություններն այդքան շռայլ չեն եղել մինչ նախընտրական այս շրջան մտնելը:
Այս իրավիճակը մի պատմություն հիշեցրեց ՀՀՇ-ական իշխանության տարիներից: Այն ժամանակներն էին, երբ իշխանությունը հողը տվեց գյուղացուն, մտածելով, որ կատարեց գյուղացու պատմական երազանքը: Այդ իրադարձությանը գյուղացին ուրիշ անուն տվեց. «գյուղացուն հանձնեցին հողին»:
Ցուրտ, խավար տարիներն էին: Իր հողակտորի վրա ցորեն ցանելու հնարավորություն էլ չուներ գյուղացին, որովհետև գյուղտեխնիկան այնպիսի մեկին էին վաճառել, որ ոչ միայն դրա աշխատեցնելը չգիտեր, այլև այդպիսի նպատակ էլ չուներ՝ միայն վերավաճառել: Իսկ գյուղացին չուներ այդ փողը իրեն անհրաժեշտ տեխնիկան գնելու համար: Դրան գումարած վառելիքի աստղաբաշխական գները: Եվ որպես հետևանք մարդիկ իրենց հանապազօրյա հացը ճարելու խնդրի առաջ էին կանգնել: Մարդիկ ժամեր էին անցկացնում հացի հերթերում, եթե հաջողվում էր հաց գնել, ձեռքբերում էր, եթե ոչ, դեմ չէին անգամ խմորը գնելուն, տանը վառարանի վրա թխելու հույսով: Այդպիսի մի օր մի շրջապատում նեղսրտեցի ստեղծված իրավիճակից, իշխանություններից, որ գյուղացուն զրկեցին աշխատելու հնարավորությունից և այլևս դրա մասին մտածելու ցանկություն էլ չեն դրսևորում: Ներկաներից մեկը, որ արդեն մտել էր մերձիշխանական տարածքներում պտտվող փողերի հորձանուտը, քմծիծաղով պատասխանեց, որը գրական հայերենով վերաձևակերպելու դեպքում այսպես է հնչում. «Եղբայր, ալյո՞ւր է պետք: Այսօր տվեք փողը և ամենաշատը մեկ շաբաթից ալյուրը Հայաստանում թափված կլինի: Թե չէ՝ վարե՜լ, ցանե՜լ... Ինչի՞ մասին եք խոսում»: Փաստորեն, այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, մտածողության մեջ մի չնչին առաջընթաց էլ չի կատարվել: Պարզ է, չէ՞, աշխարհի վրա բազում հեռու ու մոտիկ կետեր կան, որտեղ «թափված» են այն ապրանքները, որոնց կարիքը, դժբախտաբար, մենք էլ ունենք: Նրանք, ովքեր ունեն փողն ու իրավունքը այդ ապրանքները մեր երկիր հասցնելու, տնօրինում են նաև մեր պահանջներն ու իրավունքները: Այսքան երկար ու ձիգ տարիների ընթացքում նրանք բերում են, և մենք գնում ենք: Իսկ մենք, հայտնի անեկդոտի պես, պահարանում փող չունենք անընդհատ գնելու և ապրելու համար: Հետևաբար, այդ փողի հետևից գնում ենք այլ երկրներ՝ աշխատելու, ծառայելու: Չէ՞ որ այստեղ այդ հնարավորությունը չկա, և այսպես մտածել շարունակելու դեպքում չի էլ լինելու:
Եվ հիմա երկիր են հրավիրում արևային տեխնոլոգիաների ոլորտում տարբեր ասպեկտներում մասնագիտացած ընկերությունների, որոնք պիտի իրենց արտադրանքը գովազդեն, իրացնեն մեր երկրում: Ի՞նչ է, այդ գործը կազմակերպողների ականջները խո՞ւլ են, չե՞ն լսում մեր երկրում ապրող մասնագետների խոսքը, տեղյակ չե՞ն նրանց արած աշխատանքներից: Իհարկե խուլ չեն: Լսել են: Գիտեն: Մոտավորապես, իհարկե, պատկերացնում են, որ կարող են ունենալ գրեթե նույն արդյունքը, ինչ-որ առաջարկում են դրսից եկածները: Բայց դրա համար պետք է «վարել, ցանել»: Իհարկե, արտադրության ստեղծումը, կազմակերպումը ինքն իրենով միայն «վարել, ցանելու» խնդիր չէ: Այն պահանջում է ձևավորում, մտածողության և գործելակերպի որոշակի չափանիշներ, որոնք դրա ձեռնարկողին ներքաշում են պարտավորությունների փոխկապակցված շղթայի մեջ: Իսկ մեր իշխանությունները այդպիսի պարտավորություններ ստանձնելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ սովորություն:
Պաշտպանության նախարարի միջոցով փորձում են նոր գաղափար ներդնել և դրանով ուժեղացնել ազդեցությունը թե՛ բանակի, թե՛ հասարակության վրա: Ազգ-բանակ: Պիտի կարծել՝ արդեն մի քանի ամիս է, մենք ազգ-բանակ ենք, բայց կարծես թե մեզ վրա չի զգացվում, բացի հազար դրամների բեռից: ՊՆ-ի կողմից ձեռնարկվող քայլերը շատ ավելի գովազդվում են: Ի՞նչ է կատարվում, կամ կատարում են այս, ներկայացնում մի այլ բա՞ն, ոչ ոք չգիտի: Մեծ մասամբ այն հիմնավորումով, որ դրանք գաղտնիք պարունակող տեղեկություններ են, նաև այն պատճառով, որ, ինչպես իշխանական մյուս պրոյեկտները, միտված են հետևանքների էֆեկտ ստեղծելուն, ոչ թե բուն գործը անելուն: Այդ ենթատեքստում մենք ոչ մի առարկայական մեկնաբանություն չստացանք, թե որն է ազգ-բանակ կոնցեպցիայի իմաստը, բացի հրապարակախոսական, զգայական մի քանի ձևակերպումների բարդբարդումից:
Ներկայացնում են, որ հսկայական աշխատանք է կատարվել զինվորների պաշտպանվածությունն ապահովելու ուղղությամբ, գիշերային տեսանելիության սարքերով են ապահովել, մոբիլիզացրել են ՏՏ ոլորտի մասնագետների հնարավորությունները պաշտպանություն իրականացնող, հարձակողական, տեսանկարահանող և այլ զինատեսակների ստեղծման կամ տեխնոլոգիական վերազինման նպատակով, բայց դեռևս ոչ մի բան չունենք: Գոնե կարելի է անվանել, թե մենք ինչպիսի տեխնիկական հնարավորություններ ունեցող զինատեսակներ կարող ենք ստեղծել կամ եղածը ինչպիսի նորույթներով զինել: Ամեն ինչ արվում է, բայց դեռ ոչինչ չունենք, այն դեպքում, երբ առանց առանձնապես մեծ ծախսերի կարելի է բոլոր հրետանային զինատեսակները դարձնել ավտոմատ նշանառությամբ, այսինքն, այդ նշանառության մեխանիկական մասը հավելել ավտոմատիկայով, որը հետևող, տեղորոշող, բնութագրող սարքերից ստանալով տվյալները՝ անընդհատ ռեժիմով կիրականացնի վերանշանառություն և վերադասավորումներ, կբացառի հանկարծահասության հնարավորությունը, ինչպես նաև նվազագույնի կհասցնի մարդկային գործոնի դերը: Զինվորի անձնական զենքն անգամ կարելի է դարձնել այնպիսին, որ զգուշացնի նրան վտանգի մասին, հուշի անելիքը: Չեմ խոսում նոր մշակումների մասին, որոնք որքան էլ գաղտնի են, թույլատրելի մասով ներկայացնում և գովազդում են այսօր այդպիսի զենքեր ստեղծող երկրները, ասենք ՌԴ-ն, Իսրայելը: Ազգը բանակ դարձնելու համար, բազում կարևոր բաներից զատ, յուրաքանչյուր չափահաս ՀՀ քաղաքացի պիտի ապահովված լինի անձնական զենքով, բավարար զինամթերքով, պարբերական հավաքների և զինօգտագործման օգնությամբ պահի զենքի հետ առնչվելու իր հմտությունները, ծանոթանա, յուրացնի նորույթները: Մեզ մոտ անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչները չունեն այդպիսի զենք և դրա կրելու թույլտվությունն անգամ: Շփման գծում մեր զինվորներին հրամանատարության կողմից պասիվության պարտադրանքը նույնպես մեծապես պայմանավորված է զինամթերքի սղությամբ:
Սրանք հնարավորություններ են. որոնց բացակայության պատճառը մեկն է՝ երկրի տնտեսական թուլությունը և ներկա իշխանությունների անկարողությունը տնտեսություն ստեղծելու, քանի որ նրանց պատկերացումները տնտեսության մասին և այդ տնտեսությունից նրանց ակնկալիքները բոլորովին չեն մտնում մեր սպասումների տիրույթ: Այսինքն, անգամ եթե մենք՝ հասարակության անդամներս, ազգի ներկայացուցիչներս առանձին-առանձին պատրաստ էլ լինենք ընդգրկվելու ազգ-բանակ տեսլականի գործառույթներում, դրանք տեսանելի արդյունքների չեն հասցնելու, որովհետև այսօր ա՛յս գործի համար փող չկա, վաղը՝ մյուսի, և այդպես շարունակ: Իսկ դրսից մեզ արդեն փող չեն տալիս, որովհետև ստացված ահռելի գումարները փոշիացվել են և հսկայական արտաքին պարտքի ստվերով կախվել մեր սերունդների ապագայի վրա:
Վարչապետի հետընտրական շրջանում պաշտոնավարելու հնարավորության մասին: Այսօրվա նրա տարվածությունը իր աշխատանքով խոսում է այն մասին, որ՝ 1. լավ աշխատելու դեպքում նրան խոստացել են նման հեռանկար, 2. որ նա այնքան էլ չի հավատում այդ խոստմանը և մտադիր է նախագահին փաստի առաջ կանգնեցնելու: Անկախ ամեն ինչից, նա իր գործողություններով գովազդում է գործող իշխանություններին: Այս իշխանությունների պարտության դեպքում, հավանաբար, ոչ մի կուսակցություն կամ կոալիցիա, որն ապագա խորհրդարանում կունենա այդպիսի լիազորություններ, նրան չի առաջարկի շարունակել պաշտոնավարել: Այսինքն, նա պայքարում է այս իշխանությունների վերարտադրության համար, մինչ այդ այնպիսի հիմքեր գցելով վարչապետական իր գործունեությամբ, որ ՀՀԿ-ի հնարավոր հաղթանակի դեպքում ինքը դառնա անփոխարինելի՝ վարչապետի թեկնածության հարցում, Սերժ Սարգսյանին թողնելով իր «գերիշխանությունը» հաստատելու համար ընտրել կուսակցության կա՛մ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, կա՛մ էլ համատեղել դրանք: Դրա համար վարչապետը ջանք չի խնայում, անում է այն և այնպես, ինչը և ինչպես կարողանում է՝ չմոռանալով դրանք ուղեկցել գովազդով: Ո՞րն է գովազդը: Առաջինը, որ արվող գործողությունները ներկայացվում են որպես հնարավոր ամբողջը: Այսինքն, գործն արվում է ողջ ծավալով և ամենայն լրջությամբ: Մինչդեռ դա բոլորովին էլ այդպես չէ: Համայնքների հետ վարչապետի կողմից տարվող աշխատանքի բնույթը նման է ֆուտբոլային թիմի մարզչի աշխատանքին, որը շատ հանգամանալից, ոգևորված բացատրում է ֆուտբոլիստներին, թե ինչպես, ինչ տեխնիկական հնարքներով պիտի կատարել հարվածներն ու փոխանցումները: ՈՒնկնդիրների հայացքում հասկացված լինելու փայլն ու խանդավառությունը չնկատելով՝ նա նեղսրտում է: Իրավիճակի մեխն այն է, որ թիմը գնդակ չունի: Այդ հանդիպումներում համայնքների անդամներին կոչ անելով բիզնես ծրագրեր ներկայացնել և պատրաստ լինել համաֆինանսավորման, նա գոնե չի՞ տեղեկանում, որ դրանցում բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով շունչ չի մնացել:
Համայնքները վերակենդանացմա՛ն կարիք ունեն, ի՞նչ բիզնես ծրագիր, ի՞նչ համաֆինանսավորում: Ի՞նչ արժեր նրա այցը Գյումրի, օդանավակայանի ապագայի և դրա մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին նրա երազկոտ հայացքը. «Մոսկվան կդարձնենք Նոր Վասյուկի»: Չեմ չարախնդում, Աստված մի արասցե, բայց այլ համ չի զգացվում, բացի իշխանության համար պայքարի: Բոլոր միջոցներով:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀՐՄՇՏՈՑԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀԿ ղեկավար մարմնի նիստից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր այն բնական կուսակցական գործընթացների մասին, իր կանխորոշած, որոնք սկսվեցին իշխանությունների նախաձեռնությամբ իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո: Մի քանի կուսակցություններ, ինչպես առվակները, միավորվում են, վերածվելով գետերի: Ասել է՝ կուսակցությունները խոշորանում են: Բազմաթիվ մանրերի փոխարեն մենք կունենանք մի քանի խոշոր կուսակցություններ, որոնք էլ կմտնեն իշխանության համար պայքարի մեջ: Ակնհայտորեն դա դուր էր գալիս նախագահին: Դա իր իսկ նախաձեռնած կուսակցաշինության գործընթացի գնահատականն էր սեփական շուրթերով:
Ակնհայտ է, որ բազում անձ-կուսակցություններն ու գրասենյակ-կուսակցությունները որևէ միջոցի չեն տիրապետում՝ նախընտրական գործընթացներում ներգրավվելու իրենց անհագուրդ ցանկությունը բավարարելու համար: Ի՞նչ է անում նախագահը: Ստեղծում է մեկ-երկու «հեռակառավարվող» կուսակցություններ, որոնք ներկայանում են իրենց հակաիշխանական հավակնություններով, դրանով ավելի գրավիչ դառնալով թե՛ մանր կուսակցությունների, թե՛ ընտրազանգվածի համար: Սրանք իրենց «ապրանքանիշը» գրանցելուց կամ հայտարարելուց հետո անմիջապես լրացնում են, որ բաց են բոլոր մերձեցողների համար: Քննարկումների՞, փոխադարձ գաղափարական զիջումների պարագայում միավորման, համախմբմա՞ն համար: Ինչ անուն ուզում եք տվեք: Առաջիններն ստեղծվել են երկրորդներին կլանելու նպատակով ցանկացած պարագայում, իսկ երկրորդները միշտ կգտնեն իրենց քայլը հիմնավորելու պատճառաբանություն:
Ինչ է տալիս սա: Բոլոր այդ մանր-մունր օղակները, որոնք ոչ միայն հակաիշխանական խոսքի նվիրյալներ են, այլև վատ թաքցված երազանք ունեն իշխանության մասը կազմելու, դրանք բոլորը խմբավորվում են մեկ-երկու կուսակցությունների շուրջ կամ ներսում, որոնք ոչ միայն հեռակառավարվող են, այլև իրենց գիտակցությունում ունեն ավտոպիլոտի չիպը՝ հաստատված նախագահականում: Ըստ մեզ, այդ կուսակցությունների թվում են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի շուրջ հավաքված կուսակցություններին ու ՀԿ-ներին, եթե անգամ դրանք նույն սցենարով չեն էլ գնում, ապա դրանից իշխանությունները վախ չունեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ Արթուր Բաղդասարյանի հավակնությունները միշտ էլ սակարկելի են: Ավելի լավ ի՞նչ կարելի է պատկերացնել: Այդքանով էլ տեղին է նախագահի գոհունակությունը:
Ազդեցության շրջագծից դուրս ովքե՞ր են մնում: Նրանք, ովքեր իրենց դուրս են դնում այդ շրջագծից ոչ միայն խոսքով, այլև գործով: Ինչ պիտի անեն նրանք հասարակությանը, ընտրողին համոզելու համար, որ իրենց խոսքն ու գործը համապատասխանում են: Նախ՝ ուրվագծել այն պատկերը, դեպի ուր առաջարկում են տանել երկիրը: Երկրորդ՝ հնարավորինս հագամանալից ներկայացնել դրանց իմաստը և դրանց հասնելու ճանապարհները:
Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի մասին: Կարծիքը, թե Սեյրան Օհանյանը դիրքավորվել է հակաիշխանական ճամբարում, ծուռ իրականություն է: Այդ մասին է խոսում, առաջին հերթին, նրա գործակցությունը Վիկտոր Դալլաքյանի հետ: Երկրորդ. նրան մոտիկից ճանաչող մի անձ «Հայելու առաջ» ժխտեց այդպիսի հնարավորությունը: Ժխտման բովանդակությունը մոտավորապես հետևյալն էր. Սեյրան Օհանյանը իրեն այլընտրանք կարող է համարել, բայց ոչ ընդդիմություն: Ո՞րն է հնարավոր իրականությունը: Մինչ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում հրավիրելը, այդ պաշտոնի միակ թեկնածու էին համարում Սեյրան Օհանյանին: Երկար-բարակ բանակցելուց հետո նրան անգործ թողեցին, փոխարենը այդ պաշտոնը վստահելով Կարեն Կարապետյանին: Հավանաբար, նախագահի կարծիքով, Օհանյանը չունի այն վարչապետական հնարավորությունները, որոնք նա նկատել է Կարապետյանի մոտ, չնայած նվիրվածությանը և ծառայելու պատրաստակամությանը: Ինտրիգի իմաստը հետևյալն է: Նախընտրական բեռը կտանի Կարեն .Կարապետյանը իր ողջ մենեջերական ¥արդեն նաև՝ անձնական¤ հնարավորություններով՝ նպաստավոր հող ստեղծելով իշխանությունների վերարտադրության համար: Այնուհետև, եթե հաջողությունը ուղեկցի նրանց և կարողանան իշխանությունը պահել իրեց ձեռքում, այ, այն ժամանակ նախագահը կասի իր վճռական խոսքը: Եվ բոլորովին պարտադիր էլ չէ, որ այդ խոսքը համապատասխանի մինչ այդ արված պայմանավորվածությանը:
Ասենք, Կարեն Կարապետյանին թողնել վարչապետի պաշտոնում կամ Սեյրան Օհանյանին նշանակել նոր վարչապետ: Ամեն ինչ կախված կլինի պահի բովանդակությունից: Իհարկե, թե՛ մեկ, թե՛ մյուս որոշման օգտին միշտ էլ բավարար փաստարկներ կգտնվեն: Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր բարեփոխումները, բայց դրանք իշխանությանն այլևս պետք չեն լինի, և դրանց հետևելու ջանքերից ազատվելու համար նրան պարզապես կարող են ասել՝ ցտեսություն: Իսկ Սեյրան .Օհանյանը նրանց կծառայի այնպես, ինչպես ծառայում էր բանակում: Նրա խնդիրն այժմ ընդդիմադիրի կեցվածք ընդունելը և իշխանության համար քողարկված ձայներ հավաքելու առաքելությունն է: Կախված նրանից, թե դա ինչպես կհաջողվի նրան, նույնպիսին էլ կլինեն նրա հետագա հավակնությունները:
Առանց Վիկտոր Դալլաքյանի Սեյրան Օհանյանը հազիվ թե կարողանար անփորձանք նավարկել միջկուսակցական հորձանուտներում, դրա համար էլ Դալլաքյանը, իրեն հատուկ ոճով «կամուրջներն այրելով», «լքեց» նախագահականը: Թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վիկտոր Դալլաքյանը, որ մինչ այդ «վարում» էին, համապատասխանաբար, բանակում և աշխատակազմում, այժմ էլ «կվարեն» կուսակցական «խոպաններում»: Բնական է ենթադրել, որ Դալլաքյանը Օհանյանի հետ այդ լուծը կրելու փորձությանը հենց այնպես չի գնում:
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ