Երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, հայաստանյան քաղաքական և լրատվական դաշտերում անմիջապես խոսակցություններ ծավալվեցին, թե նա անմիջականորեն Մոսկվայի որոշակի շրջանակների հովանավորյալներից է։ Հասկանալի է, որ նման մտայնության բոլոր հիմքերը, կարծես, կային. Կարեն Կարապետյանը երկար ժամանակ «Գազպրոմի» տարբեր կառույցների ղեկավարներից էր։ Սակայն կային նաև կարծիքներ, թե այդ նշանակումը, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանական վերնախավի, մասնավորապես, Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի իշխանությունների որոշումների համադրության արդյունք է։ Բնականաբար, այդտեղ յուրաքանչյուրն ունի իր շահը։ Եվ համարվում էր, որ վարչապետն ունի Ռուսաստանի հզոր աջակցությունը, ինչը նրան թույլ կտա Հայաստանում ամրապնդել իր դիրքերը, դրանք զարգացնել և լուրջ դերակատարում ունենալ ապագա իշխանական կոնֆիգուրացիայում։
Թե կոնկրետ ինչ դերակատարում, երևակայությունը բավականին լայն է, սակայն, ամեն դեպքում, բոլորը հանգում են այն եզրակացության, որ այդ ամենի մասին, այնուհանդերձ, հնարավոր չէ խոսել, քանի դեռ Սերժ Սարգսյանը վերջնականապես չի հայտարարել, թե 2018 թվականից՝ իր պաշտոնավարման երկրորդ շրջանի ավարտից հետո, ինչով է ցանկանում զբաղվել։
Ամենագլխավոր վարկածներից մեկն այն էր, որ, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանին գցել են մի մեծ օվկիանոս, և եթե կարողանա դիմադրել ալեկոծություններին, նորմալ աշխատի և արդյունքներ արձանագրի, այդ ժամանակ միայն ապագայի մասին երաշխիքներ կտան։ Ընդ որում, չի բացառվում, որ այդ որոշումը նույնպես ՀՀ և ՌԴ իշխանական վերնախավի ընդհանուր հայտարարի արդյունք է լինելու։ Ըստ էության, ենթադրվում է, որ պրոցեսն ընթանում է փուլ առ փուլ։
Ինչևէ, Կարեն Կարապետյանը երկար ժամանակ անվերապահորեն համարվում է ռուսական աշխարհաքաղաքական կենտրոնի «նախագիծ», որն ունի հզոր հենարան ՌԴ-ում, ինչպես նաև համարվում է, որ վերջինիս աջակցելու համար հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվացվել են ռուսաստանաբնակ հայտնի գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և այլք։ Բնականաբար, այս պարագայում շատերն ակնկալում էին, որ աշխարհաքաղաքական այս նրբերանգը կարող է հանգեցնել Հայաստանում նրան, որ Արևմուտքը համապատասխան վերաբերմունք կունենա ռուսամետ համարվող վարչապետի և, ընդհանրապես, նոր կառավարության նկատմամբ։
Եվ երբ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, որտեղ բոլոր ատրիբուտները գրեթե նախագահական ընդունելության շուք էին ապահովում, է՛լ ավելի ակտիվացան խոսակցությունները, թե Ռուսաստանը ցույց է տալիս իր ուղղակի համակրանքն ու աջակցությունը ՀՀ գործող վարչապետին։ Այս պարագայում նույնիսկ զարմանալի չէր, որ որոշակի նյարդային շարժումներ սկսվեցին ռուսաֆոբ հանրության մեջ։ Սակայն դրան հաջորդեցին շատ հետաքրքիր զարգացումներ։
Շատերի, առաջին հերթին հենց հայաստանյան արևմտամետ սեգմենտի համար բավականին անսպասելի թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն ակտիվացրին իրենց շփումները ՀՀ կառավարության և անձամբ Կարեն Կարապետյանի հետ։ Այստեղ, իհարկե, կա նախապատմություն։ ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում որպես համագործակցության պայման միշտ նշում էր Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի, մենաշնորհի վերացումը։ Միայն այդ դեպքում նրանք կերաշխավորեին իրենց գործարարների համար կայուն ներդրումային դաշտ Հայաստանում։ Այս խնդրի լուծմամբ էր պայմանավորվում ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական ծրագրերի մեկնարկը մեր երկրում և ամերիկյան, օտարերկրյա այլ կապիտալի ներհոսքը։ Բնականաբար, տեսնելով, որ լուրջ քայլեր չեն կատարվում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ, ներդրումների վերաբերյալ խոսակցությունները մնում էին ընդամենը խոսակցություն, և գործը տեղից չէր շարժվում։ Անգամ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը փորձեց շատ կոնկրետ քայլերի դիմել և նույնիսկ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ֆինանսավորեց կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան ծրագրերը մոտ 750 հազար դոլարի չափով, այդ ծրագրերը ոչնչի չէին հանգեցնում, քանի որ արդյունքները գոհացուցիչ չէին։ Նույնը վերաբերում էր Եվրամիության դիրքորոշմանը։ Բազմիցս Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կտրուկ ելույթներ է ունեցել և իրենց վարած տնտեսական քաղաքականության հնարավորությունները կապել կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարի հետ, սակայն ոչ թե իմիտացիոն, այլ իրական։
Եվ ահա Կարեն Կարապետյանի մոսկովյան այցից, այնտեղ բարձր կարգի ընդունելության արժանանալուց և գործարար շրջանակների ու գուցե նաև կուլուարային բանակցություններից հետո վարչապետը հայտարարեց, որ, բացի ներդրումային ծրագրերից և խոստումներից, բավականին լուրջ նախադրյալներ կան, որ Վրաստանի միջոցով երկրորդ ճանապարհը կբացվի դեպի Ռուսաստան։ Եվ ահա այս ֆոնին բավականին անսպասելիորեն ակտիվացան այլ աշխարհաքաղաքական բևեռի պաշտոնական ներկայացուցիչները: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը սկսեցին հաճախակի լինել Կարեն Կարապետյանի հյուրը կառավարությունում։ Այդ հանդիպումներին հետևում էին բավականին հետաքրքիր և գուցե զարմանալի հայտարարություններ։ Մասնավորապես, Սվիտալսկին շատերի համար անսպասելի լավատեսություն հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության ներկայիս կառավարության խորքային ընկալման կապակցությամբ: «Մենք ականատես ենք լինում այս կառավարության կատարած կոնկրետ գործողություններին, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ գործակալություն ստեղծելու հարցում։ Անկեղծ կարող եմ ասել ձեզ, որ նախորդ տարիներին այս հարցով ՀՀ կառավարության հետ մեր երկխոսությունը չէր ստացվում, փորձում էինք համոզել, որ այդ գործակալության ստեղծումը լավագույն լուծումն է։ Եվ այժմ, ի դեմս այս կառավարության, մենք ունենք լավ գործընկեր»,- հայտարարել է Սվիտալսկին:
Այս հայտարարությունից արդեն պարզ էր, որ Արևմուտքի քաղաքական կուրսում հստակեցում է մտցվել։ Մոսկովյան այցից հետո Արևմուտքում սկսեցին հստակ պատկերացում կազմել, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխության նշաններ կան և, որպես պրագմատիկ քաղաքականություն վարող կողմ, որոշեցին իրենք էլ խաղադրույքներ կատարել։
Նույնը, թերևս, կարելի է ասել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի մասին, որի հայտարարությունները թեև դիվանագիտական առումով այդքան էլ միանշանակ չէին, բայց, այնուամենայնիվ, զգացվում էր, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն էլ կարծես հստակեցվում է և մեղմացվում։ Մի քանի հանդիպումներ կայացան դեսպանի և Կարեն Կարապետյանի միջև։ Ռիչարդ Միլզի հետ վերջին հանդիպումներից մեկում ներկա էր նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կատարած քայլերին և ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողություններն այդ առնչությամբ: Ռիչարդ Միլզը նշել է, որ դեռևս անելիքներ կան, և ԱՄՆ-ը պատրաստ է իր ռեսուրսներով աջակցելու ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն սկսում է աջակցել վարչապետի տնտեսական քաղաքականությանը, մեծ հաշվով նաև՝ նրա քաղաքական հեռանկարներին։
Ավելի խոսուն էր Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին այցը կառավարություն՝ եվրոպական երկրները ներկայացնող ընկերությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Այստեղ նույնպես ուղղակիորեն աջակցություն հայտնվեց կառավարության ջանքերին, իսկ եվրոպական երկրների բիզնեսի ներկայացուցիչների ներկայությունը վկայում էր, որ Սվիտալսկին մի քայլ առաջ է գնացել՝ կատարելով ժամանակին տված իր խոստումը՝ հառակոռուպցիոն լուրջ ծրագրերի դիմաց ապահովել ներդրումներ։ Արվեցին մի շարք հայտարարություններ մաքսային, հարկային բարեփոխումների ոլորտում։ Այս տնտեսական քաղաքականության աջակցման հետևում, այնուամենայնիվ, հստակ զգացվում է, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան, ի լրումն Ռուսաստանի կոնկրետ աջակցության, մտնում են խաղի մեջ։ Այս համատեքստում տնտեսական տերմին մտցվեց. կարծես թե Կարեն Կարապետյանի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս է ձևավորվում։ Այսինքն, վարչապետի կամ կառավարության շուրջ սկսվել են ընդհանուր գործողություններ, որոնք ակնհայտորեն ամրապնդում են կառավարության և վարչապետի դիրքերը, փորձում են հեռանկարային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նույնիսկ աչք փակելով այն բանի վրա, որ հակակոռուպցիոն ծրագրերը շատ կոնկրետ արդյունքներ դեռևս չունեն, ընդամենը միտումներ են, հայտարարություններ։ Ակներև է, որ բոլոր շահագրգիռ կողմերն ամեն ինչ անում են՝ նոր վարչապետի դիրքերն ամրապնդելու համար։ Սա նշանակում է, որ քաղաքական լուրջ ուժային կենտրոններում կանխատեսում են նաև մոտալուտ քաղաքական տրանսֆորմացիաներ իշխանության մեջ, և արդեն իսկ երևում է, որ բոլոր կենտրոնները սկսում են որոշակի խաղադրույքներ կատարել:
Եթե հաշվի առնենք այն, որ գործող վարչապետը, կարծես, գործնական հարաբերություններ է ձևավորում նաև Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ, չի բացառվում, որ մոտ ապագայում այց կլինի Իրան՝ կոնկրետ ծրագրերի շուրջ բանակցելու, և վարչապետի շուրջ ձևավորվող կոնսենսուսը կարող է է՛լ ավելի ընդլայնվել։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ