Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում, հատկապես այնպիսի ընտրությունների ֆոնին, որոնք լուծում են նոր իշխանության ձևավորման հարց:
Սերժ Սարգսյանի միջազգային օրակարգը հավասարապես կարևոր է` թե արտաքին քաղաքականության, և թե նոր իշխանության կոնֆիգուրացիայի ձևավորման համատեքստում: Անցած օրերին Սարգսյանը Բրյուսելում էր և նշանակալից հանդիպումներ ունեցավ ԵՄ և ՆԱՏՕ ղեկավարության հետ` կարծես թե քանդելով անվստահության այն պատը, որ Հայաստանի և արևմտյան կառույցների միջև ձևավորվել էր 2013-ին: Բրյուսելում հայտարարվեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ: Սա, ըստ էության, Հայաստանի իշխանության հռչակած «եվ, եվ»-ի քաղաքականության լեգիտիմացումն է, որը կարող է ներքաղաքական հարթության մեջ` ամրացնել գործող նախագահի դիրքերը: Կասկածից վեր է, որ այս անգամ Մոսկվան չի խոչընդոտելու ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:
Այս ամսվա առաջին կեսին Սերժ Սարգսյանը հյուրընկալվելու է նաև Փարիզում ու Մոսկվայում` արժանանալով նախագահներ Օլանդի ու Պուտինի ընդունելությանը: Այնպիսի տպավորություն է, որ գործող նախագահը մեկ տարի հետո ոչ թե իշխանություն է հանձնելու, այլ նախապատրաստում է նոր կառավարման մեկնարկ:
Այս փաստը չէր կարող չնկատվել իշխանության այն գործիչների կողմից, ովքեր փորձում են ներիշխանական ստատուս քվո փոխել` վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով: Պատահական չէ, որ հարցազրույց տվեց մյուս Կարեն Կարապետյանը` ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, ու քննադատեց ռեյտինգային քվեարկությունը, հայտարարեց, թե ՀՀԿ անդամակցությունը բացասաբար է ազդում իր վարկանիշի վրա:
Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, որոշեց պահպանել ներիշխանական բալանսը, նաև` իշխանության միասնականության պատրանքը, և Էդուարդ Շարմազանովի շուրթերով հայտարարվեց, թե Հանրապետականի քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Իհարկե, ՀՀԿ խոսնակի հայտարարությունը երկակի է, որովհետև Կարապետյանի գլխավոր դերակատարությունն ընդգծվում է ոչ թե ապագա իշխանության լիդերի, այլ սոսկ 2017-ի վարչապետացուի համատեքսում: Այսինքն, դարձյալ բաց է մնում 2018-ի թեման:
Մյուս կողմից, ներիշխանական բախումներն իրենց արտահայտությունը գտնում են այլ հարթակներում:
Դարձյալ աճում է շաքարավազի գինը, և փորձագետները կարծում են, թե այդ ոլորտի մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ «ձեռնոց է նետում» վարչապետին: Ի դեպ, Կարեն Կարապետյանի արձագանքը չի ուշացել. նա երեկ խորհրդարանում հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները կարող են չափավորել գերիշխող բիզնեսի ախորժակը:
Այսպիսով, իշխանության հարցը սրվում է, և խորհրդարանական ընտրություններով ընդամենը տրվում է դրա մեկնարկը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ