ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Յուրաքանչյուրն առայժմ խաղում է իրեն հատկացված դաշտում

Յուրաքանչյուրն առայժմ խաղում է  իրեն հատկացված դաշտում
02.03.2017 | 23:57

Երկու օրից մեկնարկելու է նախընտրական արշավի վերջին փուլը՝ պաշտոնական քարոզարշավը։ Հասկանալի է, որ դա մեծ քաղաքական խորքային պրոցեսի միայն տեսանելի մասն է, գուցե նաև՝ ակնկալիքներ պարունակող, քանի որ այն շատ դեպքերում ընտրողների համար վերածվում է շոուի։


Ցավոք, Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, ընտրություններին, որպես կարևոր քաղաքական միջոցառման, լուրջ չեն վերաբերվում։ Ընդ որում՝ ընտրությունների նկատմամբ որքան անպատասխանատու են քաղաքական ուժերը, նույնքան էլ, եթե ոչ ավելի, ընտրողները։ Եվ քանի որ ընտրողները չեն ձևավորում գաղափարական ծրագրերի պահանջ, բնականաբար, ընտրվողներն էլ չեն ներկայացնում համապատասխան առաջարկ։ Ներկայացվում է այն առաջարկը, որը պահանջում են ընտրողները։ Իսկ ընտրազանգվածի մի մասը գոնե (30-35 տոկոսը), վաղուց արդեն գաղտնիք չէ, միայն մի պահանջ ունի ՝ ընտրակաշառք։ Այդ մոտավորապես 35 տոկոսի վրա գրեթե ոչ մի դեպքում որևէ այլ փաստարկ ազդեցություն չի ունենում։ Երկրում ընտրակաշառքի նկատմամբ իշխանությունների և հասարակության վերաբերմունքը շատ հանդուրժողական է. իշխանության և ընդդիմության անունից հանդես եկող իշխանական պրոյեկտների տեսակետից դա հասկանալի է. վերջիններս ուղղակիորեն օգտվում են։ Քաղաքագետների, իմիջմեյքերների և այլ մասնագետների հետ աշխատելու փոխարեն նրանց վրա ծախսվելիք գումարների կեսը բաժանելով որպես ընտրակաշառք, գրեթե բոլոր հարցերը լուծվում են։
Շատ դժվար է արդարացնել ընտրակաշառք վերցնողներին, և այս պայմաններում բոլորս էլ հասկանում ենք, որ նրանց՝ իբր «ընտանիք պահելու» պատրվակն ընդամենն արդարացում է, և դա ցույց է տալիս այսօրվա հասարակության մի մասի քաղաքակրթական դեգրադացիան։ Այսուհանդերձ, սա է իրավիճակը։ Ընտրական սեզոն է, ինչը շատ փորձագետներ ընտրողների համար զուտ գումար հավաքելու շրջան են համարում։


Այն, որ գաղափարախոսությունը պահանջարկ չունի, քաղաքական ուժերն էլ շատ լավ հասկանում են։ Այդ իսկ պատճառով առանձնապես ճիգեր չեն գործադրում։ Դա երևում է նաև քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսներից։ Որպես կանոն, ցանկացած արշավում կարգախոսներն ամենակարևոր բաղադրիչներից են և երկու հիմնական խնդիր են լուծում։ Նախ՝ դրանք, ըստ էության, բրենդի «ռասկրուտկան» են կատարում։ Կարգախոսի միջոցով շատ դեպքերում բրենդը ճանաչելի է լինում, և սովորաբար այստեղ միշտ կրեատիվ մոտեցումներ են ցուցաբերվում։ Եվ երկրորդ՝ կարգախոսի միջոցով հասարակությանը հիմնական մեսիջն է ուղարկվում, թե տվյալ քաղաքական ուժն ընտրություններին ինչ նպատակով է գնում։


Կարգախոսի ընտրությունն ամբողջ աշխարհում կարևոր գործընթաց է։ Այն բավականին լուրջ դերակատարում ունի ամբողջ քաղաքական պրոցեսում, մասնավորապես, քարոզչության ընթացքում։ Կարգախոսներով նույնիսկ ընտրություններ են հիշում։ Հայաստանում նույնպես եղել են կարգախոսների բավականին հաջողված տարբերակներ, որոնք դառնում էին մեմեր, քննարկման առարկա։ Այս ընտրարշավում, սակայն, ինը քաղաքական ուժերի ներկայացրած կարգախոսները բավականին դժվար է հիշել։ Մեծ ճիգեր պետք է գործադրել՝ մտաբերելու համար, թե որն ումն է։ Դրանք բավականին պարզունակ են և, ըստ էության, ընտրողի մեջ ոչ մի էմոցիա չեն առաջացնում։ Գրեթե բոլորի մեջ առկա է ստանդարտ «փոփոխություն» բառը, մեկումեջ էլ՝ «նոր» բառը։ Եվ այն, որ մարդկանց մեջ չեն տպավորվում, նշանակում է, որ այդ կարգախոսները կարող էին նաև չլինել։ Ինչ-որ չափով, մեծագույն վերապահումներով ՀՀԿ-ի կարգախոսում՝ «Անվտանգություն և առաջընթաց», կարելի է գաղափարախոսություն նկատել։ Եվ հետաքրքիր է, որ այդ կարգախոսի ենթատեքստում նկատելի են ՀՀԿ հենց այն գործիչները, որոնք ներգրավված չեն ընտրական ցուցակում. Սերժ Սարգսյանը համարվում է անվտանգության խորհրդանիշը, Կարեն Կարապետյանը՝ առաջընթացի երաշխավորը։ Եվ իհարկե, ֆորմալ առումով «անվտանգության» որոշակի գործառույթ կարելի է վերագրել նաև ՀՀԿ ցուցակի առաջին համարին՝ Վիգեն Սարգսյանին։ Ամեն դեպքում, սովորաբար իշխանության կարգախոսներն աչքի չեն ընկնում մեծ կրեատիվությամբ։ Նրանց համար կարևոր է ոչ այնքան կարգախոսը, որքան իրենց արածի հաշվետվությունը։


Թերևս, ուշագրավ է նաև «Ազատ դեմոկրատների» կարգախոսը՝ «Մենք կարող ենք», սակայն դա էլ ասոցացվում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգախոսի հետ՝ «Yes, we can»։ Այս առումով, բնական է, որ արևմտամետ, մասնավորապես ամերիկամետ համարվող «Ազատ դեմոկրատները» որոշակիորեն պետք է ասոցացվի Արևմուտքի հետ։ Գուցե այս առումով արդարացված է նաև նրանց կարգախոսը։
Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրարշավի՝ մինչ օրս ընթացող միտումներին, կարծես թե հաստատվում են այն կանխատեսումները, որ իշխանական բացահայտ ու քողարկված բևեռները ավելի շատ մրցելու են միմյանց հետ։ Իշխանական բևեռ ասելով՝ նկատի ունենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն դուետը և «Ծառուկյան» դաշինքը։ Արդեն երևում է, հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը հիմնականում պահպանում են իրար չխանգարելու մասին համաձայնությունն ու պայմանավորվածությունը։ Գոնե այն լրատվամիջոցները, որոնք ունեն բացահայտ հանրապետական և ծառուկյանական տանիքներ, այդ պայմանավորվածությունները չեն խախտում։ Սրանից, ամենայն հավանականությամբ, բխում է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած խաղի կանոններում ամրագրված է իրար չխանգարելու դրույթը, քանի որ հայտնի չէ, թե ապրիլի 2-ի ընտրություններից հետո ինչ համաձայնություններ կկայացվեն, չի բացառվում նաև՝ ապագա իշխանություն ձևավորելու հարցում։ Ընդ որում՝ այստեղ բոլորովին նշանակություն չունի՝ «Ծառուկյան» դաշինքը կլինի իշխանակա՞ն ձևաչափում, թե՞, այսպես կոչված, ոչ իշխանական, սակայն բավականին վերահսկելի ֆորմատում։ Այդ պայմանավորվածությունները տեսանելի, պաշտոնական մակարդակում պահպանվում են, սակայն հասկանալի է, որ այն, ինչ ամենաբարձր մակարդակներում է որոշվում, ոչ մի երաշխիք չկա, որ ներքևի՝ թաղի տղաների տիրույթում նույն անդորրը կպահպանվի։ Այնպես որ, չեն բացառվում որոշակի բախումներ։
Ինչպես և կանխատեսվում էր, ընդդիմադիր հատվածը հիմնականում զբաղված է իրար դեմ գործելով։ Խոսել այն մասին, որ ընդդիմադիր դաշտում կկարողանային մի մեծ ընդգծված բևեռ ձևավորել, նույնիսկ տեսական մակարդակում լուրջ չէ և թերևս անիրատեսական է։ Բոլորը հասկանում են, որ խորհրդարանում կա սահմանափակ ընդդիմադիր դաշտ, որից ոչ իշխանական ուժերը պետք է փորձեն հնարավորինս շատ տոկոսներ պոկել։ Արդեն իսկ նկատելի են ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բախումներ ՕՐՕ դաշինքի և «Ելքի» միջև։ Նույն «Ելքը» բախվում է «Ծառուկյան» դաշինքի հետ։ Եվ ամեն մեկը ի դեմս մյուսի տեսնում է իր գլխավոր մրցակցին ու փորձում է իր պատկերացրած բողոքող ընտրազանգվածին դեպի իրեն ձգել։ «Ելքը» համարում է, որ բացահայտելով Ծառուկյանի կապերն ու խաղերը՝ կփորձի մարդկանց իր մոտ բերել։ Եվ այսպես բոլորը միմյանց նկատմամբ ինչ-ինչ նկրտումներ ունեն՝ սկսած միջանձնայինից մինչև կուսակցական հակասություններ։


Այս օրերին հաճախակի հարց է հնչում՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմադիր սեգմենտը, որ կարողանա իրավիճակը որոշակիորեն փոխել։ Փորձագետների գերակշռող մասի կարծիքով՝ ամենագլխավոր խնդիրը, որ ծառացած է ընդդիմության առջև, այն է, որ նա պետք է ինչ-որ կերպ կարողանա ընտրազանգվածին համոզել, որ ինքը, ինչպես ասվում է, իշխանությունների հերթական «հաճախորդը» չէ։ Եվ սա հասկանալի է, քանի որ, ինչպես հայտնի է, մեր հանրության լայն զանգվածների մեջ տոտալ անվստահություն կա, շատ դեպքերում արդարացված, երբեմն նաև՝ սուբյեկտիվ։ Առավել ևս, որ այդ կասկածները մշտապես ստվերային կամ բացահայտ ձևով տաքացվում են առաջին հերթին հենց մրցակից ուժերի կողմից։


Բայց նույնիսկ եթե կարողացել ես իսկապես համոզել, որ ընդդիմություն ես, ոչ թե «հաճախորդ», պետք է կարողանաս ապացուցել, որ դու իրոք այլընտրանք ես իշխանությանը, այլընտրանք և՛ գաղափարախոսության, և՛ կարողությունների, և՛, ի վերջո, վճռականության տեսակետից, ու ինչպես մեզ մոտ հաճախ է եղել, ամենապատասխանատու պահին չես գնա տուն թեյ խմելու կամ ոստիկանապետի հետ աղոթելու։
Խորհրդարանական համակարգի պայմաններում, որտեղ գլխավոր դերակատարություն ունեցող անձը վարչապետն է, ընտրողների վրա զգալիորեն ազդում է տվյալ ուժի վարչապետի թեկնածուն։ Եթե նույնիսկ քաղաքական ուժը երևան չի հանում իր ապագա կաբինետը՝ նախարարներին, ապա գոնե վարչապետը պետք է մատնացույց արվի, քանի որ մարդիկ ոչ միայն քաղաքական ուժին պետք է ընտրեն, այլև կոնկրետ անձի, որն առաջիկա տարիներին պետք է ղեկավարի մեր երկիրը։ Մարդիկ իրենց քվեարկությունն ասոցացնում են առաջնորդի ընտրության հետ։


Քաղաքական, քաղտեխնոլոգիական և քարոզչության տեսակետից դա չանելը թերևս կոպիտ սխալ է։ Ընտրություններում ներգրավված ուժերից միայն 3-4-ն են հայտարարել իրենց վարչապետի թեկնածուի մասին։ Հանրապետականները վաղուց են ասել, որ իրենց վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, «Ազատ դեմոկրատների» թեկնածուն Հրանտ Բագրատյանն է, իսկ ՕՐՕ-ինը՝ Սեյրան Օհանյանը։ Բնականաբար, վարչապետի թեկնածու է նաև ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանը:
Ընդդիմության նշած գոնե այս երեք կետը պետք է կատարվի։ Իհարկե, ամենադժվարն անվստահության սառը պատը հալեցնելն է։ Սա ցույց է տալիս, որ ընդդիմադիր կոչված շատ քաղաքական ուժերի մեջ, մանավանդ դաշինքներում, ընդհանուր առմամբ դեռ պատկերացում չկա, թե ով ինչ դեր է կատարելու։ Սա թուլացնում է ուժերի դիրքերը։ Ընտրողը տեսնում է, որ կոնսոլիդացված, կուռ կառույց չեն, և ի վերջո իրավունք ունի կասկածելու, որ այդ ուժերն իրականում հույս էլ չունեն, թե ընտրություններում լուրջ արդյունքի կարող են հասնել։
Հիմնվելով վերոնշյալ հանգամանքների վրա՝ փորձագետները կարծում են, որ այս անգամ գոնե ընտրության մեխանիզմով իշխանափոխության հոտ չի գալիս։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ