Դեռ չէինք մարսել Gallup International Association հայաստանյան կազմակերպության հարցման արդյունքները, մեզ մատուցում են նորը՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փորձագետներն են սոցհարցում անցկացրել: Եվ ստացել են համարյա նույն արդյունքները: Հետխորհրդային տարածքում չկայացած շատ իրողություններ կան, որ ժամանակ առ ժամանակ հատկապես ցցուն են դառնում՝ ինչպես սոցհարցումների մեխանիզմը ընտրություններից առաջ: Գործնականում այդ հարցումները ոչ թե իրական պատկերն են ուսումնասիրում ու ներկայացնում, այլ՝ գործող իշխանության ծրագրերը: Եվ բոլորը դա գիտեն ու հասկանում են, բայց հարցումները շարունակվում են ու այդ հարցումների հիման վրա եզրակացություններ են արվում: Նպատակը՝ հիմքեր ստեղծել ընտրություններից հետո նախատեսված արդյունքը ընդունելի դարձնելու համար: Իհարկե, դա իրականության մեջ նվազագույնը ծիծաղելի է, եթե լինեն հետընտրական գործընթացներ, բայց լավ պաշտպանական մեխանիզմներ են միջազգային դիտորդների համար, որ, ինչպես ընդունված է իրենց երկրներում, հիմքեր չունեն չհավատալու սոցհարցումներին: Կա միջազգային տարածված պրակտիկա, որ կիրառվում է ԱՄՆ-ում ու Արևմուտքում, կան ժամանակի մեջ հղկված ու ձևավորված, հանրության վստահությունը վայելող գործընթացներ, որոնք նախատեսում են ընտրություններից առաջ, ընտրարշավի յուրաքանչյուր շաբաթվա վերջին, ընտրությունների նախօրեին հարցումներ ու տվյալների հրապարակում, իսկ ընտրությունների օրը՝ էկզիտ պոլ: Մեկից- երեք տոկոս տարբերությամբ այդ հարցումների տվյալները համընկնում են արդյունքների հետ:
Նման հարցումները մի նպատակ ունեն՝ ընտրարշավի քաղաքականությունը ճշտել, մարտավարությունը համապատասխանեցնել ընտրողների ակնկալիքների հետ ու ապահովել ցանկալի արդյունք: Որևէ նման հարցում ի սկզբանե չունի ուղղորդման նպատակ և չի արտահայտում ոչ իշխանության, ոչ ընդդիմության ցանկություններն ու կամքը: Այդ նպատակին ծառայում են նախընտրական այլ տեխնոլոգիաներ: Հայաստանում ևս արվում են անկողմնակալ ուսումնասիրություններ, բայց տվյալները երբեք չեն հրապարակվում: Սոցիոլոգիական հարցումների մեխանիզմը փաստացի ունի երկակի կիրառություն՝ լեգալ ու անլեգալ: Լեգալը դառնում է քարոզչական գործիք, անլեգալը օգտագործվում է քաղաքականություն որոշարկելու համար:
Ի՞նչ են մեզ ներկայացնում ռուս սոցիոլոգները՝ հայաստանցիների 78 %-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ամեն երկրորդի (51 %) կարծիքով, իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։ 72 %-ը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Հայաստանցիներն ամենից շատ դժգոհել են գործազրկությունից՝ 45 %-ի կարծիքով աշխատանք գտնելը շատ դժվար է, 22 %-ը բողոքել է ճանապարհներից, 13 %-ը՝ աղքատությունից։ Այս տվյալների հավաստիությունը կասկածի տակ է առնում, որ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը դրական է գնահատել 77, բացասական միայն 12 %-ը։ Եթե այդքանը դրական են գնահատում, ինչո՞ւ են դժգոհ:
71 %-ը ուշադրությամբ հետևում է նախընտրական քարոզարշավին: Հարցումն անցկացվել է 1600 հայաստանցիների շրջանում, հանրապետության տարբեր բնակավայրերում, փետրվարի 22-26-ին։ Այսինքն՝ ոչ մի տոկոսն էլ չէր կարող քարոզարշավին հետևել, որովհետև քարոզարշավը սկսվել է մարտի հինգին և ոչ մի հարցում չէր կարող փետրվարի 22-26-ին պարզել, թե քանի՞ տոկոսն են ուշադրությաբ հետևում չսկսված քարոզարշավին: Կարող էր հետևել նախընտրական գործընթացներին, բայց ոչ քարոզարշավին: Հասնենք կոնկրետ տվյալներին՝ ВЦИОМ-ի հարցման արդյունքներով՝ ամենաբարձր վարկանիշն ունի «Ծառուկյան» դաշինքը՝ 26 %, երկրորդը ՀՀԿ-ն է՝ 19 %: «Ինտերֆաքս»-ը արձանագրում է, որ հարցման պահին «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը 7 կետով բարձր էր ՀՀԿ-ի վարկանիշից, բայց ռեյտինգային կարգով ընտրությունների պարագայում վարկանիշները գրեթե հավասարվում են, «Ծառուկյան» դաշինք՝ 25 %, ՀՀԿ՝ 23 %: Իսկ հիմա համեմատեք՝ Gallup International Association հայաստանյան կազմակերպության հարցման արդյունքների հետ՝ «Ծառուկյան» դաշինք՝ 26,4 %, ՀՀԿ՝ 22,8 %: Այսինքն՝ միանգամայն համադրելի արդյունքներ, որոնք հաստատում են միմյանց հավաստիությունը:
Հայերը 4,3 % են տվել «Ելք»-ին, 3,9 %՝ ՀՅԴ-ին, 3,4 %՝ «Ազատ դեմոկրատներին», 2,7 %՝ ՀՎԿ-ին, 2,6 %՝ ՀԱԿ-ՀԺԿ, 1,8 %՝ ՕՐՕ-ին, 1 %՝ ՀԿԿ-ին: Այսինքն` ԱԺ էին «թողել» ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին, ՀՅԴ-ին և «Ազատ դեմոկրատներ»-ին, բայց իրենց տվյալներում նշել էին, որ ռեյտինգայինը հաշվի չեն առել: Հարցումն արել էին 1146 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 23-ից մարտի 2-ը, մարզերում և Երևանում: Եվ այս դեպքում՝ 80 %-ն էր տնտեսական վիճակը գնահատել վատ կամ շատ վատ՝ շատ վատ՝ 34,6 %-ը, վատ` 37,3 %-ը: Տնտեսական վիճակը շատ լավ էր համարել 0,7 %-ը: Զարմանալի զուգադիպությամբ երկու հարցումներում էլ հարց էր եղել վարչապետի աշխատանքի վերաբերյալ ու ըստ հայերի՝ 81 %-ը դրական է գնահատել՝ լիովին դրական՝ 22,4 %-ը, ավելի շուտ դրական՝ 58,6 %-ը, ընդհանրապես բացասական՝ 3,8 %-ը: 81 %-ը՝ ընդհանուր առմամբ դրական:
Կցանկանա՞ն, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ, հարցվողների 34,6 %-ը պատասխանել է՝ «միանշանակ` այո», 47,6 %-ը՝ «ավելի շուտ` այո», 82,2 %-ը դրական է պատասխանել:
Ռուսները խորհրդարան են «թողել» «Ելք»-ին ու ՀՎԿ-ին:
ՈՒ՝ ի՞նչ: Դատեք ինքներդ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անհամբերությամբ սպասում եմ Gallup International Association հայաստանյան կազմակերպության հարցման արդյունքներին, թե 2018-ի նախագահական ընտրություններից առաջ ՌԴ ընտրողների քանի՞ տոկոսն է գոհ ՌԴ նախագահի արտաքին, տնտեսական, սոցիալական քաղաքականությունից, քանի՞ տոկոսն ինչպե՞ս է գնահատում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը: Կարծում եք, որ չե՞մ տեսնի այդ արդյունքները, իսկ ի՞նչ գործ ունի ВЦИОМ-ը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ: Հարցումը կատարվել է Հայաստանի կառավարությա՞ն պատվերով, այդ դեպքում արդյունքները հասկանալի են ավելի քան, թե՞ սեփական նախաձեռնությամբ, այդ դեպքում ո՞վ է վճարել ծառայության դիմաց և ի՞նչ գործ ունեն ռուսները անկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու նախընտրական տրամադրությունների ուսումնասիրության հետ: Ի վերջո՝ Կրեմլի տրամադրություններն ու նախըտրությունները հասկանալու համար մենք վաղուց արդեն չունենք ВЦИОМ-ների միջամտության կարիքը՝ ամեն ինչ լավ էլ երևում է՝ պարզ ու հասկանալի: Իսկ եթե ВЦИОМ-ը ուզում է օգնել հայ ընտրողին՝ թող հրապարակի նաև ընտրությունների վրա ծախսված ու ծախսվող գումարների, այդ գումարների ծագման ու պատկանելության ուսումնասիրությունը: Հասարակությանը կեղծ թվերով ուղղորդելու քաղաքականությունը ևս վաղուց սպառել է իրեն, մեզնից յուրաքանչյուրը խոհանոցի սեղանին կարող է նման վերլուծություններ հեղինակել՝ խոտանի գրեթե զրոյական տոկոսով:
Ինչո՞ւ խոհանոցի: Խոհանոցում առավել հիշվող են մթերքների գները ու դրանք համադրությունը աշխատավարձի և կենսաթոշակի հետ: Իսկ եթե խոհանոցում հեռուստացույց ունեք՝ նաև վարվող հրապարակային քաղաքականության հետ: Նախընտրական շրջանում հեքիաթներ են պատմում բոլորը՝ ի՞նչ իմաստ ունի ներգրավել սոցիոլոգիական ուսումնասիրությունների հեքիաթասացներին: