ՀՀ քաղաքական դաշտում արտաքուստ սպասողական իրավիճակ է։ Նաև ակնհայտ է, որ որքան հետաձգվում է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, այնքան ավելի ու ավելի շատ «թեժ» թեմաներ և ասեկոսեներ են սկսում արծարծվել։ Մասնավորապես, քննարկվում են իշխանական կոալիցիայի, դրա հնարավոր կազմին առնչվող հարցեր։ Մի կողմից՝ դրանք տեղեկատվական «սովից» բխող մտացածին լուրեր են, մյուս կողմից՝ թերևս կազմակերպվող արտահոսքեր, որոնք տրամադրություններ շոշափելու նպատակ են հետապնդում։
Փաստը, սակայն, այն է, որ խորհրդարանական ընտրություններից ավելի քան 25 օր է անցել, բայց մինչ այս պահը նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների կազմը հայտնի չէ։ Առաջին երկու տեղերը գրաված քաղաքական ուժերը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը, դեռևս որևէ պարզություն այս հարցում չեն մտցրել։ Ընդ որում՝ խոսքն այդ քաղաքական ուժերի թե՛ համամասնական, թե՛ ռեյտինգային ցուցակներով ընտրություններին մասնակցած թեկնածուների մասին է։ Այսինքն, տեղեկացված լինելու տեսակետից մենք ապրիլի 3-ի համեմատ, թերևս, որևէ սանտիմետր առաջ չենք գնացել։
Հասկանալի է, որ նման պայմաններում ամեն տեսակի լուրեր կարող են տարածվել։ Մի կողմից՝ դրանք կարող են անտեղյակության, տարբեր ենթադրությունների հետևանք լինել, մյուս կողմից՝ ուղղորդված, որոնք կրում են քաղաքական դրդապատճառներ կամ բխում են այս կամ այն մարդկանց՝ պաշտոններ, քաղաքական դիրքեր գրավելու ամբիցիաներից, որոնք էլ տարածում են իրենց ցանկալի լուրերը։
Բնականաբար, եղած ինֆորմացիոն վակուումը լցվում է նման ասեկոսեներով։ Այս պահին հիմնական շրջանառվող թեմաները երկուսն են՝ կկազմվի՞ արդյոք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա, և երկրորդ՝ դաշնակցությունը ցանկանո՞ւմ է ընդլայնել իր սահմանները կոալիցիայի կազմում։
Անդրադառնանք այս երկու թեմաներին առանձին-առանձին։
Ի սկզբանե քաղաքական շրջանակներում արձանագրում էին, թե հանրապետականին սկզբունքորեն պետք չէ կոալիցիա, քանի որ այն միայնակ ունի կայուն մեծամասնություն և առանց որևէ մեկի օգնության կարող է իր խնդիրները լուծել ու որոշումներ կայացնել։ Նաև ակնհայտ է, որ դասական առումով հնարավոր կոալիցիայի ձևավորումը ցանկացած դրդապատճառ կարող է ունենալ, բայց ոչ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելը։ Նույնիսկ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից հետո, թե պատրաստվում է կոալիցիայի համաձայնագիր, և ՀՅԴ-ի հետ քննարկվում են փաստաթղթի մանրամասները, նման խոսակցությունները շարունակվում են։ Սա, կարելի է ասել, այն դեպքն է, երբ նկատվում է որոշակի ուղղորդում։ Ընդ որում՝ ուղղորդում հենց համաձայնագրի կողմ հանդիսացող ուժերի կողմից։
Ինչպես նշվեց, թոփ թեմաներից է նաև դաշնակցության նկրտումների և ախորժակի հարցը։ Եվ այս համատեքստում հիմնական շեշտադրումն այն է, թե վարչապետը ցանկություն չունի կառավարությունում համագործակցելու ՀՅԴ-ի հետ։ Ինչ վերաբերում է վարչապետին, ապա քիչ հավանական է, որ նա մտնի քաղաքական համաձայնագրի տիրույթ։ Գործադիր իշխանության ղեկավարը շատ լավ հասկանում է, որ դաշնակցությունը և հանրապետականը քաղաքական կոալիցիայի հուշագիր են ստորագրել, ընդ որում՝ անժամկետ, և վերջին ընտրությունների ժամանակ էլ այս երկու կուսակցությունները, թեև անջատ-անջատ, սակայն իրականում հանդես են եկել մեկ թիմով։ Նույնիսկ ամբողջ վարչական ռեսուրսի առջև խնդիր էր դրված ոչ միայն ապահովել հանրապետականների կայուն մեծամասնություն ունենալու արդյունքը, այլև օգնել, որ ՀՅԴ-ն իր նվազագույն ծրագիրը կատարի՝ անցնելով խորհրդարան։ Հասկանալի է, որ ի սկզբանե դա արվում էր հեռուն գնացող ծրագրերից ելնելով, այն է՝ որ այս երկու քաղաքական ուժերը հետագայում համատեղ ստանձնեն երկրի կառավարումը։
Պարզ է, որ վարչապետն այդքան բան հասկանում է, և դժվար թե նա փորձեր նման նուրբ թեմայի մեջ խրվել։ Ամենայն հավանականությամբ, նման խոսակցություններ տարածում են այն ուժերը, որոնք աշխատում են կառավարության ղեկավարի դեմ։ Եվ դա գուցե հենց հանրապետական արմատներ ունի, ընդ որում՝ ազդեցության այն խմբերի կողմից, որոնք ամեն գնով ցանկանում են թուլացնել Կարեն Կարապետյանի դիրքերն իշխանական վերնախավում։ Ըստ էության, նման լուրեր տարածելով՝ վերջիններս հակավարչապետական ճակատի մեջ փորձում են ներգրավել նաև դաշնակցությանը։ Սակայն այստեղ խնդիրը ոչ թե գլոբալ քաղաքական է՝ կազմե՞լ կոալիցիա, թե՞ ոչ, այլ այն, որ Կարեն Կարապետյանը կարող է հարցեր դնել այս կամ այն անձի շուրջ։ Իհարկե, կոալիցիան՝ կոալիցիա, սակայն վարչապետը պետք է կարողանա աշխատել կոնկրետ նախարարների հետ, ուստի անհրաժեշտ է կառավարության կազմում ընդգրկել իր պատկերացրած և իր տեմպին դիմացող նախարարներ։ Առավելագույն խնդիրը, որ կարող է վարչապետն առաջացնել ՀՅԴ-ի համար, այս կամ այն դաշնակցական նախարարին այլ դաշնակցականով փոխարինելն է կամ կառավարության պորտֆելներում որոշակի ռոտացիա կատարելը, ինչպես ժամանակին արվեց էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների պարագայում։
Ինչ վերաբերում է դաշնակցականների նկրտումներին և աճող ախորժակին, ապա դրանք պետք է որ ինչ-որ բանով հիմնավորված լինեն։ Պարզ է, որ դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններում չի վերցրել բարձր տոկոսներ, ինչի արդյունքում նրանց քվոտան կարող է ավելանալ։ Մանավանդ այն պարագայում, որ դաշնակցականները հասկանում են՝ կայուն մեծամասնություն առանց իրենց էլ կա, բացի այդ, եթե իրենց հետ չէ, ապա ՀՀԿ-ն ցանկության դեպքում կարող է կոալիցիա կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ, որը միշտ աչքի է ընկել փափուկ ընդդիմադիր կեցվածքով և անհրաժեշտ պահին քվեարկել է այնպես, ինչպես անհրաժեշտ է եղել հանրապետականին։ Այս պարագայում դաշնակցությունը մանևրելու մեծ հնարավորություն չունի։ Եթե անգամ ամբիցիաները շատ մեծ լինեն, ՀՀԿ-ն կարող է ոչ միայն առանց ՀՅԴ-ի յոլա գնալ, այլև շատ ավելի ուժեղ ու հզոր այլընտրանք գտնել՝ ի դեմս «Ծառուկյան» դաշինքի։
ՀՅԴ-ն, եթե անգամ ինչ-ինչ նկրտումներ ունի, ապա նման լուրերի տարածմամբ գուցե փորձում է կառավարության ձևավորման գործընթացում և խորհրդարանում դիրքերն ամրապնդելու համար ընդլայնել սեփական բանակցային ռեսուրսը։ Նման խոսակցությունները, իհարկե, հիմնականում թեթևակի շանտաժի նպատակ ունեն։ Սակայն ՀՅԴ-ն շատ լավ գիտակցում է նաև, որ զգուշորեն պետք է դա անի և չպետք է անցնի սահմանային գիծն ու հանկարծ հայտնվի կոալիցիայից դուրս։
Այս համատեքստում շատ հետաքրքրական էր Ծիծեռնակաբերդի բարձունքում Գագիկ Ծառուկյանի հետընտրական առաջին հարցազրույցը, որտեղ նա, ըստ էության, ընդունել է ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե ժողովուրդն ինչ ընտրել է, այն էլ ունենք։ Նա հրապարակայնորեն հաստատում է ընտրությունների լեգիտիմությունը։ Ծառուկյանը նշում է, որ գործելու են ընդդիմադիր դաշտում, սակայն դա չի նշանակում անընդհատ սևացնել իշխանություններին, նույնիսկ լրագրողներին է խորհուրդ տալիս կրքերը շատ չբորբոքել։ Ասել է թե՝ լինելու են փափուկ, կառուցողական ընդդիմություն։ Այսինքն, Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության դուռը այս պահին կիսաբաց է թողնում։
Նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքի երկրորդ-երրորդ պլանի դեմքերը բարձրաձայնում էին, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա երբեք չեն կազմի, սակայն հիմա արդեն հռետորաբանությունն ավելի քան համագործակցությանն է ուղղված։
Այս օրերին ընթանում է գլոբալ առևտուր, և տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում միտված են 2018-ի վերադասավորումներին։ Այս պահին ցանկացած քայլ, ցանկացած նշանակում ոչ թե մոտակա ամիսների համար է, այլ, հավանաբար, նախագահ Սերժ Սարգսյանի, գուցե նաև վարչապետ Կարեն Կարապետյանի պատկերացումներում կա ընդհանուր կոնֆիգուրացիա, և ցանկացած որոշում դիտարկվում է այդ տեսլականի և համայնապատկերի մեջ։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ