Դեռևս 2015 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Միջազգային խաղաղության «Կառնեգի» հիմնադրամում, ուշագրավ հայտարարություն էր արել։ Ասվել էր հետևյալը. «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը: Երկրորդը՝ վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»։
Ըստ էության, իշխանական և քաղաքական խարդավանքների դաշտում հսկայական փորձ ունեցող նախագահը ի սկզբանե կանխատեսում էր, որ իր իրավահաջորդ համարվող ցանկացած մարդու շուրջ, մեղմ ասած, ոչ խաղաղ մթնոլորտ է ձևավորվելու։ Ընդ որում, նա շատ լավ հասկանում էր, որ այդ դժոխային իրավիճակը ոչ այնքան ընդդիմադիր դաշտի կողմից է ձևավորվելու, այլ, որ ավելի հավանական է, հենց իշխանական համակարգի ներսից։
Ավելի քան երկու տարի առաջ երկրի ղեկավարի ասած խոսքերն ապացուցվում են արդեն ստեղծված իրավիճակով և այսօր փաստացի ժառանգորդի կարգավիճակում հայտնված գործող վարչապետի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։
ԱԺ ընտրություններից հետո մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում որքան զարգանում են գործընթացները, այնքան որոշակի ուղղվածության և վերահսկելի մամուլի մակարդակով, ինչպես նաև շահագրգիռ շրջանակներում շատ ավելի ահագնանում են ապագա վարչապետի հարցի շուրջ հուզումներն ու ալեկոծումները։ Ընդ որում, նկատելի է, որ էապես ակտիվացել է ինֆորմացիոն պատերազմը գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ։ Եթե պաշտոնական լրատվամիջոցների մակարդակով այդ ամենն ակնառու չէ, քաղաքական դուետի, վարչապետ-նախագահ տանդեմի գաղափարն ընդհանուր առմամբ պահպանվում է, ապա իշխանական այս կամ այն թևի կողմից վերահսկվող տպագիր լրատվամիջոցներով որոշակի բացասական նրբերանգներ նկատվում են։ Օր չկա, որ այդ որոշակի լրատվամիջոցները Կարեն Կարապետյանին ուղղակի ու անուղղակի հարվածներ չհասցնեն։ Ընդ որում, նկատելի է, որ այդ ամենն արվում է համակարգված և հետևողականորեն՝ համապատասխան քաղտեխնոլոգիաների ու գործիքների կիրառմամբ:
Այս պահի դրությամբ հարձակումը և վարչապետի կյանքը «դժոխքի» վերածելու գործընթացը հիմնականում երեք ուղղությամբ են ընթանում։
ՈՒղղություն առաջին՝ ցանկացած երևույթում անընդհատ տեսնում են հակադրություն վարչապետի և նախագահի միջև։ Յուրաքանչյուր խոսք, մեկնաբանություն դիտարկվում են որպես անհամաձայնություն այս երկու պաշտոնյաների միջև։ Ամեն ինչ դիտարկվում է խարդավանքների և ենթատեքստերի պարտադիր առկայության հարթության մեջ: Մասնավորապես, նախագահի պարտականությունների կատարումը, այցելությունները մարզեր, նախարարների ընդունելությունը դիտարկվում են այդ տեսանկյունից՝ իբրև թե երկրի ղեկավարը առնվազն կրկօրինակում է վարչապետի գործառույթները՝ չվստահելով կառավարության ղեկավարին և ուղղակիորեն աշխատելով նախարարների հետ։ Այնպիսի տպավորություն է, թե նախկինում նախագահը դրանով չէր էլ զբաղվում: Կամ նույն կերպ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթապահ հայտարարություն է անում, թե այս պահին 2018 թ. ապրիլից հետո վարչապետի հարցը ոչ մի կերպ արդիական չէ, բնականաբար, վարչապետ նշանակելը ՀՀԿ-ի մենաշնորհն է, քանի որ խորհրդարանական համակարգի պարագայում ընտրություններում հաղթած ուժը մոտակա 5 տարվա համար ստանում է վարչապետ նշանակելու իրավունքը։ Եվ ԱԺ փոխնախագահի այդ հայտարարությունը դիտարկվում է, թե ՀՀԿ-ն արդեն կատարել է իր ընտրությունը։ Թեև շատերը շատ լավ գիտեն, որ որպես կանոն հանրապետականներին նման ընտրությունների, որոշումների ու նշանակումների մասին իրականում տեղեկացնում են միայն վերջին պահին։ Եվ ինչպես նշեցինք, հրամցվող լուրը մատուցվում է որևէ իշխանավորի հետ ասոցացվող լրատվամիջոցների կողմից։ Սովորաբար գեներացվում է գաղափարը, շատ դեպքերում ֆեյքային, և լրատվամիջոցները, կատարելով վերաթողարկողի դեր, իրենց էջերում տարածում են տեղեկությունը՝ մամուլի տեսությունների տեսքով։
Երկրորդ ուղղությունը՝ փորձում են հնարավորինս հեղինակազրկել վարչապետի նշանակած կոնկրետ պաշտոնյաներին։ Դրա վկայությունն էր պետեկամուտների կոմիտեի վրա ինֆորմացիոն հարձակումը։ Հազիվ 500 կգ-ի հասնող ադրբեջանական մաքսանենգ խնձորի պատմությունը, որն իր էությամբ սովորական քրեական բացահայտում էր, ուռճացվեց՝ դառնալով մեծ պատմություն։ Որպես կանոն, մաքսանենգները թաքցնում են բոլոր հետքերը, մինչդեռ այս դեպքում ամեն ինչ արված էր շատ արագ բացահայտվելու համար. քիչ էր մնում նույնիսկ Ալիևի նկարը փակցնեին վաճառքի հանված խնձորների և դրանց արկղերի վրա։ Պարզ է` սա սովորական մաքսանենգության գործ չէր։ Այսպիսով, փաստորեն, հարված էր հասցվում Կարեն Կարապետյանի գլխավոր հենարաններից մեկին՝ ՊԵԿ-ին, և անձամբ նրա ղեկավար Վարդան Հարությունյանին։ Եվ այս պատմությունը եզրափակվեց Բավրայի մաքսակետի պետի աղմկահարույց ձերբակալմամբ։ Շահագրգիռ որոշ լրատվամիջոցներ այս կապակցությամբ աղմուկ բարձրացրին, որ համակարգում ոչինչ չի փոխվել, բարեփոխումների մասին հայտարարությունները հիմնականում մնում են PR մակարդակում և գործնական կիրառում չեն ստանում։
Հաջորդ նման զարգացումն առողջապահության նախարարի հետ էր առնչվում։ Ծխախոտի թանկացման և ծխելու սահմանափակման հետ կապված՝ նախարարի չափազանց անհաջող հայտարարությունը լարեց շատերին։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ շատ լավ գաղափար կարելի է վատ մատուցման պատճառով փչացնել, սակայն պարզ է, որ դա, այնուամենայնիվ, տեխնիկական խնդիր էր, բայց լրատվամիջոցները և սոցցանցերի որոշ օգտատերեր դա դարձրին մատի փաթաթան` համապատասխան ռեսուրսներով, սոցիալական ցանցերով գեներացնելով հակավարչապետական արշավը և հարվածելով վերջինիս կադրերին։
Հարձակման երրորդ ուղղությամբ շեշտադրվում է այն թեզը, թե գործող վարչապետը նեղացկոտ, թույլ պաշտոնյա է։ Եվ հենց դժվարություններ են հանդիպում, հրաժարականի դիմում է ներկայացնում։ Մամուլում լուրեր են տարածվում, թե Կարեն Կարապետյանն արդեն մի քանի անգամ հրաժարականի հարց է բարձրացրել, սակայն Սերժ Սարգսյանը համոզել է մնալ։ Սակայն եթե ԱԺ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանն այլևս պետք չէ ՀՀԿ-ին, «մավրն իր գործը կատարել է, մավրը կարող է հեռանալ», ապա հասկանալի չէ, թե երկրի ղեկավարն ինչու պետք է նրան համոզի, եթե իրականում կան հակասություններ։
Շրջանառության մեջ է դրվում նաև ներդրումային ծրագրի սնանկ լինելը։ Նույնիսկ սկսել են խաղալ աշխարհաքաղաքական սպեկուլյացիաների վրա. իբր թե Կարեն Կարապետյանը Ռուսաստանի միջոցով փորձում է փակել արևմտյան կողմնորոշման և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցներ։ Այսպիսով՝ աշխատում են ոչ միայն իշխանության ներսում, հանրության շրջանում կասկածի մթնոլորտ մտցնել վարչապետի նկատմամբ, այլև ցանկանում են ներգրավել նաև դրսի ուժերին։
Նկատվում է նաև, որ առայժմ գոնե քարոզչական առումով չկա հակազդեցություն նման արշավներին։ Այսինքն՝ վարչապետն առանձնապես չի էլ մտահոգվում նման խնդիրներով։ Շատ հնարավոր է, որ անտեսման քաղաքականությունն ավելի է նյարդայնացնում լրատվական խարդավանքների հետևում կանգնածներին։ Այդ պատճառով արտահոսքերն աստիճանաբար ավելի ու ավելի նյարդային բնույթ են սկսում կրել։
Գուցե դրանով է պայմանավորված, որ ընդամենը օրերս նախագահ Սարգսյանը, տեսնելով, որ բավականին թեժանում են Կարեն Կարապետյանի շուրջ խոսակցությունները, ինքն անձամբ փորձեց հանգցնել կրակը՝ այս հարցի շուրջ հատուկ հայտարարությամբ։ Նախագահը բառացիորեն ասաց. «Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի։ Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»։ Ըստ էության, պարզ երևում է, որ նախագահը բոլոր ասպեկտներով հանդես է գալիս որպես բուֆեր վարչապետի և այլ ուժերի միջև։ Նա անընդհատ փորձում է հնարավորինս փափկեցնել իրավիճակը։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս հայտարարությունն ընդամենը որոշ ժամանակով «կհանդարտեցնի կրքերը», իսկ ինֆորմացիոն պատերազմները կշարունակվեն ընդհուպ մինչև 2018-ի ապրիլը:
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ