Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լուծումներ կարելի է գտնել այնպես, որ ծխողը չհայտնվի փակուղում»

«Լուծումներ կարելի է գտնել այնպես, որ ծխողը չհայտնվի փակուղում»
14.02.2019 | 18:04

Առողջապահության նախարարության կողմից մշակված՝ ծխելու դեմ պայքարի նոր նախագիծը շարունակում է մնալ հանրության քննարկումների թիրախում: Շատերի կարծիքով՝ նախագիծը թերի է մշակված և վերահսկողության մեխանիզմներ չկան:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ հակածխախոտային օրենսդրությունը առողջապահական ոլորտի բարդագույն ռեֆորմներից մեկն է, և կամայական բարդ ռեֆորմ իրականացնելու համար կարելի է ունենալ ցանկալի արդյունք, եթե իրականացվում է հաշվի առնելով ամեն մանրուք. «Կարող է թվալ, որ խնդիրները տեխնիկական են, բայց իրականում մանրուքները հանրագումարով ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ նախագիծը կյանքի չի կոչվում: Մեզ անհրաժեշտ չէ այնպիսի օրենսդրություն, որը չի վերահսկվելու և կյանքի չի կոչվելու»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կարևոր է, որ օրենքը աշխատի ամբողջ ուժով հավասարությունը պահելու համար, որպեսզի չլինեն կոռուպցիոն ռիսկեր. «Այնպես չլինի, որ մեկը օրենքը պահում է, մյուսը՝ խախտում, բայց պատասխանատվության չի ենթարկվում: Այս ամենը հնարավոր կլինի միայն մի դեպքում, եթե որոշակի հնարավորություններ ստեղծվեն, որոնք մարդուն կստիպեն չխախտելու օրենքը: Իսկ երբ մարդուն որևէ շանս չի տրվել օրենք չխախտել, բայց նաև սեփական իրավունքը կարողանալ իրացնել, բնականաբար նա գնալու է օրենքի խախտման»,- վստահ է Պիպոյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է գիտակցել, որ Առողջապահության նախարարությունից զատ, նախագիծ տվողը լինելու է գործադիր իշխանությունը. «Գործադիր իշխանությունը բաղկացած է տարբեր նախարարություններից, և մի նախագիծ, որն ըստ էության ներկայացրել է Առողջապահության նախարարությունը, այլ հարթության մեջ է, սրա մշակումը Էկոնոմիկայի, Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կողմից՝ այլ»: Բաբկեն Պիպոյանի բնորոշմամբ՝ նորմալ է, եթե Առողջապահության նախարարությունն ուղղակի ասի՝ ծխելն արգելում ենք ամեն տեղ և վերջ, որովհետև հասկանում է, որ ծխելը վատ բան է, և իր գործն է արգելել. «Նշված նախարարությունները պետք է հասկանան, որ ամբողջական ազդեցության գնահատում և համապատասխան այլ լուծումներ գտնել է պետք, որպեսզի լավ բանը լավ էֆեկտ ունենա: Ինձ պետք չէ օրենք, որը չի պահվելու»,- նշեց մեր զրուցակիցը:
Արդյոք նախագիծը ոտնահարում է ծխողի իրավունքը. Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ կամայական չծխող ունի անծուխ միջավայր ունենալու իրավունք. «Օրենսդրություն, որը հնարավորություն է տալու անծուխ միջավայր ունենալու, անհրաժեշտ է, բայց պետք է հասկանանք, որ լուծումներ կարելի է գտնել այնպես, որ փակուղում չհայտնվի ծխողը, մյուս կողմից՝ պաշտպանված լինի չծխողի՝ ծխից հեռու լինելու իրավունքը»:


Հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ թեև դեմ է արգելքների կիրառմանը, սակայն, կարծում է, որ այս հարցում արգելքն արդարացված է.
«Ընդհանրապես, հոգեբանական տեսանկյունից ցանկացած փոփոխության, կենսակերպի վերանայման հարցերում ցանկալի է, որ անձը գիտակցի դրա անհրաժեշտությունը և համապատասխան քայլեր ձեռնարկի ինքնակամ: Այդպես պետք է լինի նաև ծխելուց հրաժարվելու պարագայում: Պատահական չէ, որ նախքան արգելքի կիրառումը հաճախ իրականացնում են աշխատանքներ տվյալ խնդրի շուրջ` բնակչության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»: Ըստ հոգեբանի՝ արգելքը վերջին հնարավորությունն է մարդուն այդ վնասակար սովորությունից հեռացնելու համար, սակայն, կարելի է ասել, արդարացված արգելք է, քանի որ ծխելու վնասը կրում է ոչ միայն ինքը` ծխողը, այլ նաև բոլոր նրանք, ովքեր չեն ծխում, բայց ակամայից հայտնվում են ծխողի միջավայրում:


Հոգեբանական տեսանկյունից ճի՞շտ է մարդուն արգելել ծխել, արդյոք դա ավելի չի խթանի ծխելու ցանկությունը: Սոնա Հարությունյանի համոզմամբ՝ արգելքը կարող է խթանիչ լինել այն դեպքերում, երբ չի բացատրվում արգելքի նպատակը, լիարժեք լուսաբանված չեն վնասակարության մեխանիզմները, կամ երբ ծխախոտը «փոխհատուցում» է հոգեբանական որոշ խնդիրներ` ինքնահաստատվելու, ուշադրություն գրավելու, սեփական ազատությունը ի ցույց դնելու, նյարդայնությունը մեղմելու և այլն: «Վերջիններիս դեպքում ծխախոտից հրաժարվելու առաջնային և անհրաժեշտ տարբերակը հոգեբանական աշխատանքն է. երբ մարդը գտնում է իր ներքին խաղաղությունը, ներդաշնակ է դառնում ինքն իր հետ, ապա սկսում է գնահատել կյանքը, առողջությունը և ընտրում է բարեկեցության ճանապարհը»,- ամփոփեց հոգեբանը:


Անի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ