Ապրիլի 4
Ես ամենագետ և ամենազոր եմ. Իմ ձեռքում են ձեր բոլոր գործերը: Այդ գործերը կատարելու համար Ես ներդրում եմ Իմ Աստվածային կարողությունը և Իմ Աստվածային զորությունը: Ամեն հրաշագործություն չէ, որ կարելի է կատարել մեկ վայրկյանում, ինչպես որ շատ հաճախ կարծում են մարդիկ:
Մի՞թե Իմ աշակերտ Պետրոսը մի վայրկյանում ձկնորսից փոխվեց ու դարձավ ուսուցիչ ու առաջնորդ. Ես նրան փոփոխում ու կերտում էի անգամ իր պարտության ժամանակ, որպեսզի նա լիներ այն, ինչ որ դարձավ:
Շատախոս, հախուռն խառնվածքով այդ հանդուգն մարդը, որ պատրաստ էր իր հետևից տանել մյուս աշակերտներին, չէր կարող դառնալ այս զորավոր մարդը, եթե չսովորեր ճանաչել իր տկարությունը: Ոչ ոք չի կարող փրկել, եթե չհասկանա մեղավորին:
Պետրոսը, որ ի վերջո հզոր ուժ դարձավ Ինձ համար. ով բոլորից ավելի հաստատեց Իմ Եկեղեցին, ի սկզբանե բնավ էլ այն Պետրոսը չէր, որ ասաց.
«Դու ես Քրիստոսը` Աստծո Որդին»:
Այլ այն Պետրոսն էր, որ ուրացավ Ինձ:
Նա, որ իր նվաստացումի ու զղջումի ժամին Իմ ներումի փորձությունը ապրեց, ամենից լավ կարող է խոսել Իմ մասին` իբրև Փրկչի:
Երկնքի արքայությունը կարող են քարոզել միայն նրանք, ովքեր սովորել են գնահատել արքայության հեղինակությունը:
Անհրաժեշտ էր, որ Իմ աշակերտները բազմակողմանի կրթություն ստանային:
ՈՒրեմն ուրախ եղեք ու ցնծացեք:
Սիրում եմ ձեզ:
Չեմ ենթարկի ձեզ անգամ մի ավելորդ փորձության: