Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄԷ-ի ավանդական սպորտաձևերը

ԱՄԷ-ի ավանդական սպորտաձևերը
28.03.2014 | 15:44

ԱՄԷ-ն այսօր կազմակերպում է ժամանակակից սպորտաձևերի մրցաշարեր, ընդ որում, բարձր մակարդակով և պետության անմիջական մասնակցությամբ: Սակայն դրա կողքին անուշադրության չեն մատնվում ավանդական սպորտաձևերը, և պետությունն առավել մեծ հոգատարությամբ ու ջանադրությամբ է զբաղվում դրանց քարոզչությամբ: Այս սպորտաձևերի մրցաշարերը ևս կազմակերպվում են բարձր մակարդակով: Սա սեփական ժառանգությունը ներկայացնելու և բոլորի համար ընդունելի դարձնելու ԱՄԷ-ի հատուկ քաղաքականությունն է: Ավանդական սպորտաձևերի թվին են պատկանում ուղտերի վազքարշավը, ձիարշավը, բազեների, «Սալուկիշների, «Դաու» նավակների մրցույթները: Այս մրցաշարերը բավական դիտարժան են:
Այսօր ԱՄԷ-ն կարող է հպարտանալ մեքենաների ամենավերջին և շքեղ մոդելներով, որոնց շնորհիվ երկրի փողոցները ավտոսրահ են հիշեցնում, իսկ նախկինում հիմնական փոխադրամիջոց են ծառայել ուղտերը: Վերջիններս շատ հարգի կենդանիներ են արաբական աշխարհում: «Անապատի նավերի» մասին մինչև այսօր էլ բանաստեղծություններ և երգեր են հյուսվում, քանի որ նրանք անապատից սերած այս ժողովրդի կյանքի անբաժանելի մասն են։ ՈՒղտերի վազքարշավը հնագույն ժամանակներից եղել է ԱՄԷ-ի տարածքում բնակվող ցեղախմբերի զվարճանքներից մեկը: Մրցաշարին մասնակցող ուղտերին նստեցնում էին մանկահասակ տղաների, սակայն ժամանակի ընթացքում հասկանալով, որ երեխանեերի սեռական օրգանները լուրջ վնասվածքներ են կրում, որն ազդում է նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա, մեր օրերում նրանց փոխարինում են հեռակառավարվող ռոբոտները: Ուղտերի վազքարշավով հետաքրրքվում են ոչ միայն հասարակ մարդիկ, այլ նաև երկրի իշխող ընտանիքների ներկայացուցիչները: Ի դեպ, ուղտերի մրցարշավն անվճար է: Նաև դրանով է այն տարբերվում երկրում մեկ այլ հայտնի սպորտաձևից՝ ձիարշավից: Այս սպորտաձևը ԱՄԷ-ում համարվում է արքայական: Պետք է նշել, որ Դուբայի միջազգային գավաթի մրցանակային գումարը կազմում է 10 մլն դոլար: Այսօր Դուբայում է գտնվում աշխարհի լավագույն ձիաբուծարաններից և վազքուղներից մեկը: Վերջերս էլ կառուցվել է «Մեյդան» վազքուղին: Ձիերը ևս այստեղ բնակվող ցեղախմբերի անբաժանելի բարեկամն են եղել: Ձիերի սիրահար և հայտնի հեծյալ էր երկրի առաջին նախագահ Շեյխ Զայեդ Բին Սուլթան Ալ Նահյանը: Առաջին պաշտոնական ձիարշավը երկրում տեղի է ունեցել 1981թ., իսկ Դուբայի «Միջազգային գավաթի մրցաշարը»՝ 1996 թ.: Վերջինս ամենամյա է և այստեղ է բերում աշխարհի լավագույն ժոկեյներին ու ձիարշավի սիրահարներին: Ձիարշավային ակումբներ կան նաև Աբու Դաբիում, Շարժայում: Հաջորդ հայտնի սպորտաձևը որսի թռչունների՝ բազեների մրցույթն է: Ժամանակի ընթացքում բեդվինների զվարճանք հանդիսացող որսի թռչունների մրցույթը վերածվել է իսկական սպորտաձևի, որն ունի իր խիստ կանոնները: Բազեն այսօր վերացող տեսակ է, այդ պատճառով մեծ խնամքով և հոգատարությամբ է բազմացվում և պահպանվում: Երկարատև և աշխատատար գործընթաց է թռչունին վարժեցնելը: Տերը որսում է իր սեփական թռչունը, նրա գլխին հագցնում հատուկ գխարկ: Սկզբում բազեին քիչ է կերակրում, որպեսզի հեշտ վարժեցնի: Երբ թռչունը սովորում է իր տիրոջը, նրան ավելի շատ ազատություն է տալիս և ամեն թռիչքից հետո կերով է խրախուսում: Վարժանքի հիմնական փուլը սկսվում այն պահից, երբ տիրոջ և բազեի մեջ փոխադարձ վստահություն է ստեղծվում: Տերը սովորեցնում է թռչունին որսալ և չուտել որսը: Դժվար է պատկերացնել այդ գայթակղությանը դիմադրող գիշատիչ թռչուն: Մրցույթների ժամանակ թռչունները հանրությանը հիացնում են իրենց ձեռք բերած այս և բազմաթիվ այլ հմտություններով; Երկրի հայտնի սպորտաձևերից է նաև «Սալուկի» կոչվող որսաշների մրցույթը: Սալուկիները սերում են Արաբական թերակղզուց և, առասպելի համաձայն, այդպես են կոչվել ի պատիվ Յեմենի ցեղախմբերից մեկի: Սա արագաշարժ, խելացի և շատ հավատարիմ ցեղատեսակ է: Ճանաչելի է երկար ու բարակ ոտքերի, խոշոր և ընդգծված կրծքավանդակի շնորհիվ նախկինում Սալուկիներով որսը բավական հայտնի է եղել ԱՄԷ-ում, սակայն այսօր, քանի որ ոչ լիցենզավորված որսը անօրինական է համարվում, նրանց վարժեցնում են միայն մրցույթների և ցուցահանդեսների մասնակցելու համար: Ավելացնենք, որ մրցաշարերին մասնակցելու համար որսաշունը պետք է գրանցված լինի «Սալուկիի արաբական կենտրոնում»: Աբու Դաբիի ցուցահանդեսային կենտրոնում անցկացվում է Սալուկիի ամենամյա գեղեցկության մկրցույթ, որտեղ շների տերերը հնարավորություն են ստանում ցուցադրել իրենց կենդանու բոլոր կարևոր հատկանիշները. գնահատվում է կենդանում բնավորությունը, որսալու և պահպանելու հմտությունները, հոգեկան վիճակը: Սալուկի շները որպես ԱՄԷ-ի պատմության անբաժանելի մաս ցուցադրվում են նաև «Քասր Ալ Հոսն» ամենամյա փառատոնի ժամանակ:
ԱՄԷ-ն, ծովափնյա երկիր լինելով, բնականաբար, պետք է ունենա նաև նավագնացության ավանդույթներ: Ինչպես հայտնի է երկրի առևտրի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել մարգարտի դուրս բերումը ծովից և դրա վաճառքը : Մարգարիտներ փնտրելու համար ծով են դուրս եկել «Դաու» կոչվող փայտե նավակներով: Հետագայում այդ նավակները, դուրս գալով գործածությունից չեն մոռացվել: Այժմ երկրում մեծ ոգևորությամբ են անցկացվում «Դաու» նավակների մրցաշարերը: Հայտնի են «Աբու Ալ Աբյադի» և «Մարվայի» ավանդական մրցաշարերը, որոնց մասնակցում են 12-18 մ երկարություն ունեցող դաուները: Յուրաքանչյուր նավակ ունենում է տասը և ավելի անդամից կազմված անձնակազմ: Նավակներից հաղթում է ամենաարագը, իսկ արագությունն ապահովելու համար ֆիզիկական ուժ է հարկավոր: Այս մրցաշարում երիտասարդ մարզիկները հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց ֆիզիկական կարողությունները:
ԱՄԷ-ի ավանդական սպորտաձևերը վկայում են այն մասին, որ նույնիսկ անապատում մարդիկ իրենց կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու մեծ ցանկություն են ունեցել և ամեն բան արել են այդ ուղղությամբ: ԱՄԷ այցելելու դեպքում անպայման ժամանակ գտեք մասնակցելու այդ մրցաշարերից որևէ մեկին, իսկապես մեծ հաճույք կստանաք:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ