Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց, բայց կարող է վերադառնալ

Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց, բայց կարող է վերադառնալ
31.10.2019 | 11:38

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց: Արդեն երկու շաբաթ ամբողջ երկիրը զանգվածային բողոքի ցույցեր էր անում, որի մասնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականը, կոռուպցիայի դեմ իրական պայքար, կենցաղային ծառայությունների բարելավում ու քաղաքական համակարգի փոփոխություն: Տարերային սկսված բողոքները ընդգրկեցին երկրի բոլոր շրջանները, որ անսովոր է Լիբանանի համար, որտեղ քաղաքական համակարգն ու զանգվածային ժողովրդական շարժումները ավանդաբար հիմնված են կրոնական պատկանելության վրա: Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 17-ին իբրև բողոք կառավարության հարկային քաղաքականության դեմ, ավելի կոնկրետ՝ WhatsApp-ի հավելվածով և այլ մեսինջերներով զանգերի ամսական 6 դոլար հարկ սահմանելու: Հետո այդ որոշումը բեկանվեց, սակայն բողոքի շարժումը շարունակվեց: Սաադ Հարիրին հայտարարեց, որ Լիբանանը մտել է փակուղի և անհրաժեշտ են ճգնաժամից դուրս գալու քայլեր: Լիբանանի պետական պարտքը ամենամեծերից է աշխարհում: Բողոքների պատճառով բանկերն արդեն 10 օր փակ են: Փակ են նաև շատ ընկերություններ, դպրոցներ ու համալսարանները:

Ցուցարարների դեմ է արմատական իսլամիստական Հեզբոլահ շարժումը, որի կողմնակիցները արդեն մի քանի անգամ հարձակվել են բողոքողների վրա: Երեքշաբթի օրը սև հագնված Հեզբոլահի կողմնակիցները, շիայական ՙԱմալ՚ խմբի անդամները քանդել են Բեյրութի կենտրոնում ցուցարարների վրանային ճամբարները, այրել են վրանները, ծեծել ցուցարարներին, գրոհել են նրանց կառուցած բարիկադը: Ոստիկանությունն ու բանակը ջանացել են բաժանել խմբերին՝ արցունքաբեր գազ կիրառելով:
BBC


Հ.Գ. Լիբանանի նախագահ Միշել Աունը Սահմանադրության համաձայն՝ պետք է ընդունի վարչապետի հրաժարականը, բայց կարող է վերստին Սաադ Հարիրիին նշանակել վարչապետ՝ կազմավորելու նոր, թերևս, արդեն տեխնոկրատների կառավարություն, որ նոր նախարարները ելքներ գտնեն տնտեսական ճգնաժամից: Եթե հաշվի առնենք, որ մինչև Սաադ Հարիրիի կառավարությունը, Լիբանանում 3-4 տարի չէին կարողանում կառավարություն կազմավորել, Միջերկրականի ափերին գտնվող պետությունում, որտեղ իրավիճակը վատացավ հարևան Սիրիայում սկսված պատերազմի պատճառով, կարող է սկսվել շատ ավելի մեծ փակուղի, քան հիմա է:


Պատահաբար չէ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել, որ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ավելի կխորացնի ճգնաժամը Լիբանանում: «Լիբանանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում: Երկու շաբաթում երկրում, որն առանց այն էլ փխրուն է տարածաշրջանային իրավիճակից ելնելով, տեղի է ունեցել բնակչության մոբիլիզացիա, լարվածություն և վստահության ճգնաժամ է առաջացել: Վարչապետ Հարիրին հենց նոր հրաժարական է տվել և դա ավելի կխորացնի ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Նա ավելացրել է, որ Ֆրանսիան վստահություն է պահպանում երկու հարցում. «Առաջինը, պետք է անել ամեն ինչ, և պետք է ուղղորդել Լիբանանի իշխանություններին անել ամեն ինչ, որ պահպանվի պետական ինստիտուտների կայունությունն ու Լիբանանի ամբողջականությունը: Երկրորդ, կայունության պայման է իշխանությունների ցանկությունը՝ լսելու ժողովրդի ձայնն ու պահանջները»,- եզրափակել է Ժան Իվ Լե Դրիանը: Հավանաբար՝ նկատի ունենալով Էմանուել Մակրոնի կազմակերպած համաֆրանսիական դեբատները, որ լիցքաթափեցին դեղին ժիլետների շարժումը՝ իր պիկի պահին: Բայց Ֆրանսիան չունի տնտեսական խնդիրները, որ պիտի լուծի Լիբանանը: Գլխավորը հիմա մարդկանց փողոցներից տուն ուղարկելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ