Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում մենք ականատես ենք մի վտանգավոր և ցավալի երևույթի՝ անվերջ փոխադարձ պիտակավորման և բաժանումների։ Այն դեպքում, երբ մեր իրական թշնամիները հետևողականորեն թիրախավորում են մեր պետության վերջին հենասյուները։
Տարիներ շարունակ.
*քայքայեցին մեր կրթական համակարգը,
*տկարացրին մեր բանակը,
*և այժմ ուղղակի թիրախավորել են մեր հոգևոր ինքնության հենասյունը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։
Սա պարզապես ագրեսիվ հռետորաբանություն չէ թշնամաբար տրամադրված հարևան կառավարիչներից։ Սա հայ ազգի բնաջնջման համակարգված ծրագիր է։
Իսկ այդ ընթացքում մեր երկրի ներսում դեռ շարունակվում է անպատասխանատու գզվռտոց՝ ով է լավը, ով՝ վատը։
Պետք է հասկանալ, որ միմյանց քարկոծելուց շահում են բոլորը, բացի Հայից ու Հայաստանի Հանրապետությունից։
Մենք չենք կարող մատնվել անգործության և ապավինել միայն հրաշքին։
Ինչպես ասվում է Սուրբ Գրքում.
«Հիսուսը նրանց ասաց՝ լցրեք սափորները ջրով․․․» (Հովհ․ 2:7)։
Այդ հրաշքը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ մարդիկ սկսեցին գործել։
Այսօր էլ մենք պետք է գործենք, որ Աստված էլ իր անելիքն անի։
Ինչ դու չես կարող անել՝ Աստված կանի։
Բայց քո անելիքը դու պետք է անես։
Այս ամբողջ համատեքստում՝ մեր պայքարը, մեր գործնական քայլերը, մեր հավատը և ապավինությունը Աստծուն պետք է ուղեկցվեն իրական պատասխանատվությամբ և գործողությամբ։
Առանց մեր մասնակցության՝ ոչ հրաշք կլինի, ոչ հաղթանակ։
Այդ խոսքը կրկնակի կարևոր է պատմության համատեքստում հենց այս օրերին՝
*Ապարանի հերոսամարտի, Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին,
*Մայիսի 26-ին, երբ հիշում ենք Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց սխրանքը,
*և մայիսի 28-ին, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրումը՝ 1918 թվականի փառահեղ հաղթանակով։
Եվ հենց այս օրերին է տեղի ունեցել նաև վճռական ճակատամարտը՝ Սարդարապատը, որտեղ վճռվում էր ողջ ազգի գոյությունը։
Այդ բոլոր ճակատամարտերում հաղթանակը տրվել է հավատով, խիզախությամբ, ազգային համախմբման արդյունքում։
Այսօր մենք այդ նույն պատմության ժառանգորդներն ենք։ Եվ նույն ուժն ու միասնությունն են մեզ կրկին անհրաժեշտ։
Ցավոք, մենք դասեր չքաղեցինք, և պատերազմ լինելու է։ Մենք վերապրելու ենք Ավարայրի ճակատամարտը ոչ միայն որպես հիշողություն, այլ որպես իրականություն։
Եկեղեցին թիրախավորելը հենց դրա նախանշանն է։ Սա լինելու է պայքար «ՎԱՍՆ ՀԱՎԱՏԻ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»։
Ասում եմ ձեզ՝ պատրաստվե՛ք պատերազմի։ Հոգեպե՛ս, քաղաքականապե՛ս, գաղափարապե՛ս։
Մեր պայքարը պետք է լինի ոչ թե իրար դեմ, այլ հանուն Հայ մարդու, Հայ Եկեղեցու և Հայաստանի։
Միասնական, ուժեղ և արժանապատիվ Երկիր՝ հավատով և գործուն քայլերով, բայց ոչ պասիվ սպասմամբ։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ։
Թող յուրաքանչյուր հաղթանակ՝ անցյալում կամ գալիք, հաստատի մեր հավատը, մեր պետականությունն ու ազգային արժանապատվությունը և որ Հայն ապրի և արարի խաղաղ ու պաշտպանված՝ իր Հայրենիքում։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ