Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրքի ընկեր»

«Գրքի ընկեր»
29.12.2013 | 15:47

Տարվա ընթացքում գրական իրադարձությունների պակաս չունեցանք` գրական հանդիպումներ, ընթերցանության ժամեր, գրական մրցույթներ և այլն: ՈՒշադրությունից դուրս չմնացին անգամ լրագրողները, որոնք սովորաբար «մեղադրվում են» գրական կարևոր իրադարձությունները շրջանցելու, գրողական ընտանիքի վեճուկռիվը հանրայնացնելու մեջ: Տարեվերջին «Անտարես» հրատարակչությունը մի շարք լրատվամիջոցների ու լրագրողների պարգևատրեց «Գրքի ընկեր» շնորհակալագրերով:

Տարվա տխուր լուրը. փոքր գրախանութները, հրատարակչությունները փակման վտանգի առաջ են կանգնած: Մայրաքաղաքի գործող գրախանութներում անցկացված հարցումների արդյունքում էլ պարզեցինք, որ գիրք գնողները աստիճանաբար պակասում են:
Մեր ընթերցողները քիչ են ու բազմաճաշակ: Առավել պահանջված գրքերի ցուցակում կարող են տեղ գտնել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Միլերի «Խեցգետնի արևադարձը», Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել նրանց վրա» ձեռնարկը, Կոելիոյի «Ալքիմիկոսը», ժամանակակից հայ հեղինակների գրքերը: Սակայն ամենապահանջված գրականությունը մանկականն է:
Ստվերում չե՞ն մնում արդյոք արժեքավոր գրքերը, որոնց մասին ինչպես հարկն է իրազեկված չէ ընթերցողը:
Ի՞նչ կարդալ: Խորհուրդ են տալիս գրողներն ու գրականագետները` պատասխանելով irates.am-ի հարցին` «ի՞նչ են կարդացել տարվա ընթացքում և ի՞նչ են առաջարկում կարդալ ընթերցասերներին»:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանն առաջարկեց կարդալ Քնյութ Համսունի «Սովը»: Բանաստեղծ Արա Ալոյանն ասաց, որ ամեն տարի մշտնջենական այժմեականությամբ վերընթերցում է Աստվածաշունչը, բացահայտում, վերծանում է խորաշերտերը Սուրբ Գրքի: «Հայ գիրք» գրախանութների ցանցի տնօրեն, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը վերջերս է ավարտել Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», տպավորված է Ջորջ Օրվելի «1984»-ով:
«Տարվա ընթացքում շատ գրքեր եմ կարդացել, բայց անցյալ տարվա սկզբին կարդացի Էրիկ Էմանուիլ Շմիթից մի քանի գործ (ցավոք, ռուսերենով), որոնցից կառանձնացնեմ «Օսկարը և վարդագույն տիկինը»: Բացառիկ գործ է, կառաջարկեի, որ բոլորը կարդան: Հիվանդությամբ դատապարտված երեխայի վերջին օրերն են... և նրա նամակներն Աստծուն»,- ասաց բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը:
Հավելենք, որ Facebook սոցցանցի «Գրքեր, որ պետք է կարդալ», «Ինչ գիրք կարդալ» և այլ էջերի միջոցով գրասերները, գրական աշխարհի մարդիկ իրազեկում են իրենց կարդացած լավ գրքերի մասին: «Փոխանակում ենք գրքեր», «Գրաքամոլ» և այլ խմբերի շնորհիվ ոչ միայն առաջարկվում, այլև փոխանակվում են լավ գրքերը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ