Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Անընդհատ քայլում ենք գիշերների միջով, զարմանալիորեն դեպի նույն գիշերը»

«Անընդհատ քայլում ենք գիշերների միջով, զարմանալիորեն դեպի նույն գիշերը»
30.12.2013 | 13:33

«Մատներիցդ բառ է կաթում, ես բառի գիժ»

Ա. ԱԼՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, լրագրող ԱՐԱ ԱԼՈՅԱՆԸ հեղինակ է «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծական գրքի: Արժանացել է գրական, երաժշտական մի շարք մրցանակների: Պարբերաբար ներկայանում է գրական մամուլում:

-Արա´, Նոր տարին հին տարվա շարունակությունը չէ՞:

-Եռաչափության, ժամանակակից լեզվով ասած՝ Երեք D ընկալմամբ, նորը հնի, հինը՝ նորի, իսկ այդ երկուսը շարունակության մեջ են: Առհասարակ, մեծ հարց է, մե՞նք ենք շարունակում, թե՞ կրավորական է` մենք ենք շարունակվողը… Շարունակություն փնտրելիս կորստի փորձառություն, երազողի անհամեստություն, հուսախաբի տկարություն ու սխալվողի հավանականություն ունենք միաժամանակ: Սա՝ այլաբանորեն: Մասնավոր առումով՝ Նոր տարին դեռ տաք է խնդության ու ապերջանիկության արցունքի հանգույն:

-Ամանորի գեշերվա Ձեր երազանքի մասին որևէ մեկը գիտի՞:

-Որևէ մեկը, որ Միակն է՝ իբրև մարդաստեղծ, գիտե: Ընդհանրապես, ես աստվածերկյուղ մարդատեսակ եմ, ու իմ երազների մասին, այսպես թե այնպես, գիտեն շատերը իմ գրալի ներկայության շնորհիվ:

-Որտե՞ղ եք պահում երազները:

-Արդեն ասացի՝ բանաստեղծություններումս, բայց ոչ սոսկ բառերում կամ տաղաչափության ու խոսքամեղեդականության տիրույթ-մաշկերում:

-Վերջին անգամ ե՞րբ եք բարձի տակ նայել` Ձմեռ պապիկի անակնկալին սպասելով:

-Անահիտի ծնվելուն չորս տարի սպասելիս:

-Իսկ պատահե՞լ է, որ նա` Ձմեռ պապը, մոռացել է Ձեզ նվեր բերել:

-Հա, չորս տարի մոռացել է…

-Ձեր աղջնակին ի՞նչ եք նվիրելու այս տարի:

-Նոր տարում հին տարվա պես՝ Ձմեռ պապիկի գոյության ու մշտական այցելության նկատմամբ հավատը: Նյութական չափումներում, օրիգինալ չեմ եղել: Դասական հայրություն եմ արել ու մանկական նվերներ արել:

-Գիտե՞ք, որ երեխաները երբեմն չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, բայց ձևացնում են, թե հավատում են, որ ծնողներին չտխրեցնեն:

-Այո, մանուկները հայրություն-մայրություն են անում: Իրականում մենք ավելի ենք փոքրանում՝ իրենց ներկայությամբ: Իրենց ձևացնելը կենսական է, ապրեցնող, մերը՝ Մեծ փոքրերինս, անբովանդակ:

-Սիրուղին Ձեր հնարած արահե՞տն է:

-Բառաշինության հակումներ ունեմ: Ամենակարևոր բաները երբեմն բառեր են դառնում, բայց ոչ՝ հակառակը, այսինքն՝ բառն ամեն ինչ չէ:

-«Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես,

Կարևոր չէ՝ հեռվի՜ց, թե կողքիս»: Կարևոր չէ՞:

-Այո, բառացիորեն կարևոր չէ: Սիրով բաղադրվող բացակա ներկայությունն է կարևոր:

-Երբ սիրում ես, սիրելը քիչ է՞:

-Քիչը՝ չափման միավոր է: Իսկ սերը` չափանիշ:

-Սիրո՞ւմ եք գիշերը («Գիշերները ցած եմ կաթում անկողնու մեջ` որպես արցունք…»):

-Գիշերային եմ քանի տարի: Անընդհատ քայլում ենք գիշերների միջով, զարմանալիորեն դեպի նույն գիշերը, որովհետև.

Գիշեր ամենից հարմար հագուստն է

Սիրահարների մերկ մարմիններին,

Դրախտում, գուցե, գիշեր է եղել,

Գուցե, լոկ գիշեր…

Եվ քայլում ենք, որովհետև որոնելու հետ մեկտեղ թաքնվելու հանգրվաններ ենք փնտրում, քանզի այդպես էլ մինչև վերջ չենք ազատվել ցերեկների վախերից, տագնապներից:

-Ինչո՞ւ են բանաստեղծները հաճախ գրում Աստծո մասին: Որովհետև Սուրբ գրքի տողերը մի բառ այս կողմ, այն կողմ` դառնում են բանաստեղծությո՞ւն:

-Եկեք՝ իմ մասով վկայեմ. այն բանաստեղծություններում, որտեղ առերևույթ կամ անվանպես հիշատակվում է Բարձյալը, ես միայն դրանց համահեղինակն եմ՝ Աստծուց հետո, ես արտագրողն եմ: Մյուս դեպքերում, պակաս կամ ավելի տարբերությամբ նորեն տիրոջ ձեռագիրն է՝ իմ ՙտառասխալներով՚… Մենք խոսում ենք ճշմարիտ գրողների մասին, ոչ թե, ինչպես կասեր իմ սիրելի ընկերը՝ Ավագ Եփրեմյանը, ինչ-որ կասկածելի ժամանակակիցներ: Բայց ես ինքս իմ իսկ կասկածից վեր չեմ:

-Անունը ճակատագի՞ր է:

-Այո: Ավելի շուտ Ձեր նշածն է, քան Ճակատագիրն է անուն, անվանյալ, որովհետև այն ստույգ, եզակի չէ՝ որ կողմից էլ կուզեք, նայեք:

-Կոնսերվատորիան եք ավարտել, որպես դուդուկահար մրցանակների եք արժանացել, իսկ փորձե՞լ եք երգերի վերածել Ձեր բառերը:

-Այո: Իմ հեղինակած երգերը, ի դեպ, երգչախմբային կամ անհատական կատարումների մակարդակով էլ են հնչել: Չար ու բարի լեզուներն ասում են, որ իմ բանաստեղծություններում երաժշտականություն կա:

-«Սիրում են, որ արդարացնեն խենթությունը»: Խե՞նթ եք:

-Համարյա մահապարտի տեքստ եք ակնկալում ինձնից: Ես ի՞նչ ասեմ, որ խենթերն ինձ հասկանան, կամ խենթերին խենթ համարողները:

-Ձեր ստացած մրցանակներից ո՞րն եք առանձնացնում:

-1993-ի «Շնորհալիներ» համահայկական մրցույթ-փառատոնին 12-18 տարեկան դուդուկահարների մրցույթում գլխավոր մրցանակ ստանալը՝ որպես դուդուկահար, ի դեպ, 12 տարեկանս չբոլորած: Իսկ գրական մասով՝ Ռուբեն Սևակի անվան գրական ամենամյա մրցանակակիր դառնալը, ՙԿանչ՚ շաբաթաթերթի նախաձեռնությամբ, Ալեքսանդր Թոփչյանի նախագահությամբ, երջանկահիշտակ Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի բարձր հովանավորությամբ ու իր ձեռամբ պարգևաշնորհումով…1997-ին…

-Իսկ կոչումներից ո՞րը կառանձնացնեիք... երաժիշտ, մանկավարժ, լրագրող, բանաստեղծ, արձակագիր:

-Արտագրող… Այս խոստովանությամբ, միգուցե, ձեր նախորդ՝ խենթ լինել-չլինելու առնչությամբ հարցին պատասխանեմ հետահայաց: Տեսեք, դասական ընկալումներում արտագրող աշակերտը ճարպիկի համարում ունի, բայց ոչ օրինակելի, չէ՞: Բայց երանի ես Աստծո ուղերձի հմուտ արտագրողներից լինեի, որն է՝ Մարդ ու Բանաստեղծ:

-«Եվ չեմ կարողանում նույնիսկ խաչակնքել՝

Արդեն քանի տարի…»:

Նոր տարին առիթ է ազատվելու հին մեղքերի՞ց նաև:

-Ազատվես էլ, չես կարողանա թեթևությամբ խաչակնքել: Խաչն ինքը ծանրության, մեղքի հիշողություն ունի, Հիսուսի Խաչաժամանակյա դրվագ-ապրումն ավելի թեթև եղավ, քան մեր խաչանդին կյանքը:

-Ձեր տարվա վերջին բանաստեղծությունն ինչի՞ մասին է:

-Վերջին բանաստեղծությունը միշտ չի գրվում, արտագրվում: Բրոդսկին ասում էր, իսկ ճշմարիտը բանաստեղծությունն է, գրողը տանի: Իսկ քանի դեռ չեմ կարողանում խաչակնքել, ուրեմն դեռ վերջին բանաստեղծությունը չի գրվել:

-Ե՞րբ կլինի ձեր նոր գիրքը:

-Այս տարի, հուսամ ավելի շուտ, քան կդառնամ Հիսուսի երկրային կյանքի տարեկիցը: Գոնե հասակով համեմատվելուց առաջ մի հաշվետվություն ունենամ: Ընդհանրապես, մեր բոլոր ձախողումների, կցկտուրության, անկայունության պատճառը հաշվետու չլինելն է, որը չէ անպայման արդարացում կամ անսխալականություն: Պետք է հաշվետու լինել առհասարակ: Եթե գիրքս էլ հաշվետվություն չի լինելու, ապա զուր է ամեն ինչ: Ասված խոսքի համար պետք է պատասխանատու լինել: Ասված խոսքի, գրքի համար պետք է հաշվետու լինել՝ համրերի, լռողների, Աստծո փոխարեն նաև… ու նրանց առջև…

-Ի՞նչ կմաղթեիք աշխարհին:

-Աշխարհին… կյանք եմ մաղթում ու անաշխարհիկություն: Ամեն ինչ անկյանք է դարձել ու աշխարհիկ:

-Իսկ ինքներդ Ձե՞զ:

-1995-ին եմ գրել.

Ես աշխարհ եկա, որ իմ երգերի սերմերը շռայլ

Ցանեմ իմ մտքի չհերկված հողում,

Ու հետո, եթե Աստված կամենա,

Ո՛չ բախտս բերի,

Ես իմ ձեռքերի մատ-մանգաղներով բերքս շռայլեմ ճերմակ թղթերին….

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ