Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմաստ չունի Նորքի 10-րդ զանգվածում, որևէ 10-հարկանի շենքի 10-րդ հարկում հայ բժշկության թանգարան ստեղծել»

«Իմաստ չունի Նորքի 10-րդ զանգվածում, որևէ 10-հարկանի շենքի 10-րդ հարկում հայ բժշկության թանգարան ստեղծել»
09.09.2014 | 11:24

Շուրջ 15 տարի հայ բժշկության պատմության թանգարան-հավաքածուն անհրաժեշտ տարածք չունի: Թանգարանի տնօրեն, հոգեբույժ, բժշկապատմաբան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ դիմումները համապատասխան մարմիններին անարձագանք են մնում: Իսկ այ նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, ինչպես լրագրողներին տեղեկացրեց Հ. Մինասյանը, բժշկության թանգարաններ կան. մեծ մասը առողջապահական նախարարությունների ենթակայության տակ է, մի մասն էլ` մշակույթի նախարարության, բժշկական ինստիտուտի կամ որևէ հիվանդանոցի։ Նշված բոլոր տարբերակներին հայ բժշկության պատմության թանգարանի տնօրենը համաձայն է: Նրա խոսքով` քաղաքում շատ լավ շենքեր կան, որ իրենց դարն ապրել են և կարող են վերածվել թանգարանների: Օրինակ, ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 100 տարի առաջ ու եղել է անվանի բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-հիվանդանոցը: Բոլշևիկները 1923 թվականին ազգայնացրել են բժշկի անձնական սեփականությունը: «Լավ առիթ է, շենքը բժշկությանը կվերադարձնենք, թանգարանն էլ կկոչենք անվանի բժշկի անունով: Ես ուսումնասիրել եմ, այդ շենքում ամբողջ կահույքն ու սարքավորումները բերվել են Եվրոպայից: Դա եղել է Անդրկովկասի լավագույն հիվանդանոցներից մեկը: Հիվանդների համար մեկ օրը արժեցել է մեկ ոսկի, աղքատներին բուժել են անվճար»,- ասաց բանախոսը, նշելով, որ էլի կան պատմական, գեղեցիկ շենքեր, օրինակ, առաջին հիվանդանոցը, որ 100 տարի առաջ է կառուցվել և չի ծառայում որպես հիվանդանոց:
Կարևոր է թանգարանի ստեղծումը, բայց պակաս կարևոր չէ տարածքի խնդիրը: «Ես կարծում եմ, իմաստ չունի Նորքի 10-րդ զանգվածում, որևէ 10-հարկանի շենքի 10-րդ հարկում հայ բժշկության թանգարան ստեղծել: Գոնե Կենտրոնին մոտ պետք է լինի, հասանելի հանրությանը,- ասաց բանախոսը:- Պակաս արտառոց չէ Շիլաչի թաղամասում գտնվող բնության թանգարանի պատմությունը: Թանգարանի աշխատողներին երբեմն այցելուները հարցնում են` ձեր թռչունների խրտվիլակները կենդանացե՞լ են: Գաղտնիքը որն է. թանգարանի վերևում երաժշտական դպրոց է, երեխաները թռվռում են, ներքևում թանգարանի ծիտիկները թևերը սկսում են «թափահարել»»: Հ. Մինասյանի կարծիքով` գոնե այդ դպրոցը կարելի է վերածել բժշկության թանգարանի. և թեմայով մոտ է բնության թանգարանին, և դպրոցն ավելի տրամաբանական վայր կտեղափոխվի: Նա ընդգծեց, որ տեղեր կան, ցանկություն չկա. թանգարանը համարում են եկամուտ չհետապնդող կազմակերպություն, իսկ մեր չինովնիկները շահագրգռված են, որ յուրաքանչյուր տարածքից օգուտ քաղեն: Թանգարանի տնօրենը բաց նամակ է գրել աշխարհի հայ բժիշկներին, խելամիտ է համարում մեծահարուստներին դիմելը: Գուցե ավելի առատաձեռն լինեն մեր կառավարությունից: «Բայց մեծահարուստների մոտ էլ այլ մոլուցք կա. բոլորը եկեղեցիներ են կառուցում, ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի ամեն մի գյուղում: Մինչդեռ կարելի է Հայաստանում դպրոցներ կառուցել, կամուրջներ և մեկ հատ էլ հայ բժշկության թանգարան»,- նկատեց։ Անդրադառնալով «Իրատես de facto»-ի՝ «Որտե՞ղ են պահվում թանգարանի շուրջ 30 հազար ցուցանմուշները» հարցին` ասաց, որ մոտ 5000 ցուցանմուշով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի իր աշխատասենյակներից մեկում ստեղծել է փոքրիկ թանգարան, մնացածը արկղերի մեջ պահում է իր բնակարանում, ավտոտնակում, պարտեզում: Հավաքածուն ընդգրկում է քարե դարից մինչև 20-րդ դարի ցուցանմուշներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ