Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իսկական նկարչությունը երգ է, և այս կտավներում գույները երգ են դարձել թեթև վրձնահարվածներով»

«Իսկական նկարչությունը երգ է, և այս կտավներում  գույները երգ են դարձել թեթև վրձնահարվածներով»
23.09.2014 | 11:00

Նրա անունը լավ հայտնի է միայն մասնագետների նեղ շրջանակում և գործընկերներին: Հայտնի է ու սիրված և՛ որպես նկարիչ, և՛ որպես մարդ ու քաղաքացի:
Նա մեկն է 70-80-ականների այն փայլուն ներկայացուցիչներից, որոնց վիճակված էր շարունակել թե սարյանական, թե հետսարյանական գեղանկարչական դպրոցների ավանդույթները, միաժամանակ թողնել սեփական հետագիծը: Այս շրջափուլում զրնգուն անուններ կան, որոնք մեր մեղավոր աշխարհը թողեցին ստեղծագործական հղացումների և խմորումների բարդ, դժվարին, միաժամանակ գունեղ փուլում: Ինչո՞ւ. հայտնի է միայն երկնային Տիրոջը: Այս սերնդի նկարիչների գլխավերևում ասես Մինասի շունչն էր թևածում, վաղաժամ հեռացման շունչը: Անհասկանալի, ողբերգականորեն դաժան դիպվածն ընդամենը 37 գարուն տեսած Վարոսին տարավ, Վարոս Շահմուրադյանին: Սուրեն Շահվերդյանը սեփական արվեստանոցում, աշխատանքի պահին վախճանվեց: Նա 39 տարեկան էր: Հրաչյա Հակոբյանը` Սիրուն Հրաչը, դիմավորեց և ճանապարհ դրեց 47 ամառ և ձմեռ: Համեմատաբար երիտասարդ տարիքում կտավին բարի ճանապարհ մաղթեց Կարո Մկրտչյանը: Համլետ ՈՒդումյանն ապրեց 46 տարի...
Զարմանալի մի օրինաչափությամբ կերպարվեստից վաղաժամ հեռացածների կոհորտայում ոչ միայն հիանալի նկարիչներն են, այլև ոչ պակաս հիանալի մարդիկ: Եվ նրանց հեռացման կսկիծը կրկնապատկվում է։
Համլետին այսօր էլ հիշում են, հիշում են սիրով և հավատով: Թերևս մեջբերենք բուն նկարչական միջավայրում ընդունված բնութագրումը. «Շշմելու նկարիչ էր, նաև շշմելու մարդ էր»:
Հոգեկերտվածքով ՈՒդումյանը մայրաքաղաքի բնակիչ էր: Սակայն քաղաքացին հաղթում է երևանյան բոհեմին: Կրթվելով, նախ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական տեխնիկումում, այնուհետև հաջողությամբ ուսանելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում և չկորչելով բազմաթիվ օժտվածների բավականին մրցունակ միջավայրում, նա վերադարձավ Հոկտեմբերյան, իր փոքր հայրենիքը, ուր հիմնադրեց ու ղեկավարեց գեղարվեստի դպրոցը, իր թանկ ժամանակից օրեր, ժամեր, ակնթարթներ «կորզելով» և դրանք նվիրաբերելով սաներին: Նա 27 տարեկանում հիմնադրեց Հոկտեմբերյան քաղաքի (ներկայիս` Արմավիրի) գեղարվեստի դպրոցը: Այս տարիքում շատ շատերը հայրենիք ու ազգային արվեստ էին «կերտում» մայրաքաղաքի հռչակավոր կենտրոններում, «Նկարիչ», «Միջանցահովիկ» և այլ սրճարաններում։
Կամո Մարգարյան. «Նրա ստեղծագործություններում մի զարմանալի բան է նկատելի. սակավ բաղադրիչներով նա կտավը դարձնում է բավականին գրավիչ, չի ցնցում և չի հոգնեցնում դիտողին: Ազգային կերպարվեստի կոլորիտն այստեղ պահպանված է դարչնագույնով, օխրաներով, ներկի հաստ շերտերով նա շատ ներդաշնակ միջավայր է ստանում, և այստեղ, անկասկած, առկա է արվեստի մոգականությունը, նա զուսպ և ամփոփ միջոցներով մեծ արդյունքների է հասնում: Նա, իհարկե, իր ժամանակի նկարիչն էր, միաժամանակ իր աշխարհն ունի, անկրկնելի, զուտ ուդումյանական աշխարհը: Նա բնավ չուներ, այսպես ասած, կոմերցիոն հակումներ, չուներ հանրահռչակման ցանկություն: Նա նկարում էր և դասավանդում: Հիշում եմ, նստում էր մեր կողքին և ընդամենը մի քանի նրբագծով ուղղորդում էր մեզ: Այն տարիներին դա չէինք գիտակցում, սակայն այդ հատու և ամուր նրբագծերը հիմնարար նշանակություն ունեին մեզ համար: Մենք նկարիչ էինք դառնում: Նրա հոգին շատերիս մեջ է, նա սերմանեց մեր մեջ անհատականության ոգին, ինչպես որ ինքն էր: Ես Գերմանիայում եմ ապրում, հանապազօր հացս վաստակում եմ նկարելով և դասավանդելով: Եվ հաճախ եմ հիշում ուսուցչիս` Համլետ Ուդումյանին»:

1983-ին ֆրանսահայ ճանաչված նկարիչ Ռիշար Ժերանյանը այցելում է տակավին երիտասարդ Համլետի արվեստանոցը: Դիտում է, զրուցում և մի ուշագրավ, գեղաշեն ու խորիմաստ միտք է արտահայտում. «Իսկական նկարչությունը երգ է, և այս կտավներում հեղինակը մեղեդիներ է փնտրել, որ միայն իրենն են, գույներն այստեղ երգ են դարձել թեթև վրձնահարվածներով»: Ավելին ասելու կարիք, թերևս, չկա: Ավելին ասում են նրա կտավները:

Եվս մեկ բան է շահեկանորեն առանձնացնում Համլետ ՈՒդումյանին. նրա յուղաներկ գեղանկարչության հետ (թերևս թեթևակի խանդով) մրցակցում են գրաֆիկական գործերը, հատկապես ջրաներկ ստեղծագործությունները: Այստեղ հեղինակը համարձակ ու անսեթևեթ խախտում է գեղանկարչության և գրաֆիկայի միջև վաղուց գծված սահմանագիծը, մի բան, որը եզակիների մենաշնորհն է: Մենաշնորհ, որը ոտն ի գլուխ ծառայեցվել է նկարչությանը, հայ ազգային կերպարվեստին:
Ահա թե ինչպես է գնահատում նրա արվեստը արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Անուշ Հակոբյանը («Կերպարվեստ» պարբերական, թիվ 1-2, 2014 թ.). «Համլետ ՈՒդումյանի ստեղծագործական միջավայրը, տարածությունն ու էությունը իր սեփական ֆիլտրերով անցկացրած ոլորտ է, որտեղ ներկա է իր սերն այն ամենի հանդեպ, ինչը նկարել է: Հ. ՈՒդումյանը ստեղծել է ազգային արվեստ, արվեստ, որտեղ ամեն-ամենը` թեմա, ասելիք, զգայնություն, գույն, բույր, ամենն այստեղ հարազատ է մանկությունից եկող իր տպավորություններին, իր միջավայրը կազմող բնությանն ու մարդկանց, իր շուրջը գոյություն ունեցող իրականությանը:
Համլետ ՈՒդումյանի գրաֆիկական ստեղծագործությունները, հատկապես ջրաներկ աշխատանքները, նյութի առանձնահատկություններից ելնող զարմանալի թեթևություն ունենալով հանդերձ, ասելիքով ու ավանդույթներով նորից ձգվում են դեպի ժամանակի խորքեր: Այս ստեղծագործություններից մի քանիսում ակվարելի թեթևությունն ու թափանցիկ մակերեսները նկարիչը ծառայեցրել է հոգեբանական և միստիկ արտաքին շղարշի, թափանցիկ վարագույրի ստեղծմանը, որ և՛ անտեսանելի միջնորմի դեր է խաղում հանդիսատեսի և պատկերի միջև, և՛ գրավում է իր խորհրդավորությամբ ու բնորդի աշխարհը պեղելու հրապույրով»:

Ազգային կերպարվեստը որքան բազմահարուստ է, նույնքան էլ լի է անակնկալներով, վրձնի տաղանդների հայտնությամբ: Ցավոք, անհայտ տաղանդները եզակի չեն: Նրանց «հայտնագործելու» օրը, անշուշտ տեսանելի ապագայում է, երբ արդի հայ արվեստաբանական միտքը հավուր պատշաճի կգնահատի, ավելին` կարժևորի նրանց կերպարվեստը, ի վերջո, նրանց կդարձնի հանրության սեփականությունը:
Վերոնշյալ վաղամեռիկ տաղանդների շարակարգում էլի կան անուններ` ցայսօր հայտնի միայն մասնագիտական ամփոփ շրջանակներում: Այսօր ապրող և լիարյուն ստեղծագործող նկարիչների զորախմբերում էլ քիչ չեն անհատները, որոնք շատ ավելի լայն ճանաչման են արժանի: Ինչո՞ւ են անճանաչ. կարծես թե պատասխանեցինք այս հարցին, առանց խնդրի քննարկման: Իսկական նկարիչը ինքնաբավ երևույթ է, նրանը ի վերուստ շնորհվածը իր ժամանակին ի պահ տալն է, առանց նարցիսականության, պարգևների և կոչումների սպասման։
Ժամանակն է նրանց դատավորը, այս անխոնջ և խոնարհ ուխտավորների գերագույն գնահատողը: Սակայն նրանք չպետք է մոռացության անհույս շղարշով պատվեն, գեղեցիկն ու շնորհալին պիտի լուսարձակվեն և շնորհով լիացնեն մեր կյանքը: Սպասենք Համլետ ՈՒդումյանի նոր «հայտնությունների»:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ