«Ձեր հայրերը սիրում են թատրոնն ու պաշտում են շատ դերասանների` շնորհիվ այդ հյուրախաղերի»
«Կինոաշունը» այս տարի մեկնարկեց Վանաձոր քաղաքում՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմով: Միջոցառմանը ներկա էին ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, մշակույթի նախարարության ժամանակակից
արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և այլք: Փառատոնի կազմակերպիչները հավաստում են, որ երբեմնի արդյունաբերական հզոր այս քաղաքի բնակիչների կյանքում կինոն հատուկ նշանակություն ու տեղ ունի:
«Ծափահարություններից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այստեղ 5000 մարդ կա,-ասաց Ռաֆայել Քոթանջյանը, դիմելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին` անկեղծացավ.- Ասեմ, որ ես, մեղա- մեղա, ձեր առջև շատ մեղավոր եմ, որովհետև ժամանակին ձեր հայրերը շատ ավելի արժանավոր վիճակում էին: Ես աշխատում էի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ Ղափլանյանը, գիտեք, Գյառգյառի ծնունդ էր և պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ, մենք թատերական ամբողջ խմբով և լավագույն ներկայացումներով գալիս էինք այստեղ, այն ժամանակվա Կիրովականը: Ձեր հայրերը սիրում են թատրոնն ու պաշտում են շատ դերասանների շնորհիվ այդ հյուրախաղերի»: Դերասանը հույս հայտնեց, որ հնարավորություն կունենան այցելելու Վանաձոր ոչ միայն կինոյով, այլ թատրոնով:
Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» փառատոնը, ինչպես և 2014-ին տեղի ունեցած բոլոր կինոմիջոցառումները, նվիրվում են Փարաջանովի 90-ամյակին:
Մեկ ամիս շարունակ կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու հայկական հին ու նոր ֆիլմերը, ընդ որում՝ ոչ միայն
կինոթատրոններում, այլև դպրոցներում, բուհերում, զորամասերում, մշակութային հաստատություններում: Ցուցադրություններ կլինեն նաև մարզերում, հատկապես սահմանապահ գյուղերում:
«Կինոաշունը» կեզրափակվի նոյեմբերի 7-ին՝ Արտաշատ քաղաքում, գրախոսականների և ֆիլմերի մրցույթների ամփոփումով։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ