«Խորհրդանշական է, որ Տերտերյանը փառատոնի շրջանակում նույնպես հանդես է գալիս պրեմիերաներով»
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին: Փառատոնը կյանքի է կոչվում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու են հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Այսօր կամերային երաժշտության տանը հնչելու են Ավետ Տերտերյանի անտիպ ստեղծագործությունները, որոնք մինչ օրս չեն հնչել: Մենք դրանք կարողացանք գտնել կոմպոզիտորի արխիվից և թվայնացնել: Երաժշտական աշխարհի համար դա շատ կարևոր ձեռքբերում է»: Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ Տերտերյանի երաժշտությունը երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչելու է ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, թեև ոչ փառատոնի շրջանակում:
Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նշեց, որ փառատոնն իր բնույթով եզակի է, նախ և առաջ այն պատճառով, որ հնչում են այսօր ստեղծագործող կոմպիզիտորների ստեղծագործություններ, հաճախ են պրեմիերաներ լինում. «Խորհրդանշական է, որ այս տարի այն նվիրված է սիրված ու հետաքրքիր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին: Խորհրդանշական ու հուզիչ է հատկապես այն, որ Տերտերյանը փառատոնի շրջանակում նույնպես հանդես է գալիս պրեմիերաներով»:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի` «Ինչպե՞ս է ընկալվում Տերտերյանի երաժշտությունը դրսում» հարցին, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ նա ավելի ճանաչված է դրսում, քան ներսում: «Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է , որի ստեղծագործությունները հնչում են աշխարհով մեկ: Տերտերյանի արձանը կա Պերմում, նրա հոբելյանը առանձին նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Ցավոք, մենք մի քիչ ուշացել ենք հոբելյանական ծրագրերն իրականացնելու առումով»:
Սերգեյ Սմբատյանի կարծիքով՝ այն, որ Հայաստանում տեղյակ չեն, որ դրսում կատարվում են Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները, մեր ներքին խնդիրներից մեկն է. «Քանի որ փորձում ենք ավելի շատ սևը տեսնել, քան սպիտակը: Եթե խոսենք հայտնիության մասին ու փորձենք համեմատել Խաչատրյանին ու Տերտերյանին, պետք է ասենք, որ Եվրոպայում շատերը ճանաչում են երկու հայ կոմպոզիտորի` Խաչատրյանին և Տերտերյանին»:
Հավելենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ