Գնահատման և թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2014-2015 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2015 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ: 2014-2015 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`
• 3x4 չափի լուսանկար`էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2015 թվականի մարտի 15-ն է: