Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պետք է հասկանալ` ինչն է իրեն սպառել, և ինչ պահանջ ունի 21-րդ դարի այցելուն»

«Պետք է հասկանալ` ինչն է  իրեն սպառել, և ինչ պահանջ ունի 21-րդ դարի այցելուն»
30.01.2015 | 12:01

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսում է յուրատեսակ ֆլեշ-մոբ: «Տուն-թանգարանին կից պուրակում կհնչեն Սպենդիարյանի «Առ Հայաստան» կոնցերտային արիան` Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, «Այնտեղ, այնտեղ, դեպ վեh այն դաշտը» հերոսական երգը` Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով՝ մոմավառության լուռ արարողությամբ»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՕԹԱՐՅԱՆԸ, նշելով, որ այս ստեղծագործությունները գրվել են 1914-15 թվականներին, ջարդերի անմիջական տպավորության ներքո: Տարվա ընթացքում տուն-թանգարանում կցուցադրվեն նշված ստեղծագործությունների նոտաների առաջին հրատարակությունները, որոնք ունեն մեկդարյա պատմություն: Հետագայում դրանք Գևորգ Բուդաղյանի խմբագրությամբ տեղ են գտել Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի մեջ:

Ի դեպ, երբ Սպենդիարյանը «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» ուղարկում է Մոսկվայի հայկական ընկերությանը` տպագրության, ցանկություն է հայտնում, որ այն ձևավորի հայ նկարիչը: Այդպես էլ լինում է. այս ստեղծագործության նոտաների շապիկը ձևավորում է Մարտիրոս Սարյանը:

Նշենք, որ ապրիլքսանչորսյան զոհերի հիշատակին նվիրված ֆլեշ-մոբը կիրականացվի Սպենդիարյանի մահվան օրը` մայիսի 7-ին: Ընդհանուր առմամբ, ամեն տարի թանգարանն ունենում է հիշատակի օրեր. Սպենդիարյանի ծննդյան և մահվան օրերը նշվում են օպերայի հրապարակում` կոմպոզիտորի շիրմի մոտ, ուր հավաքվում է արվեստասեր հասարակությունը: Երաժշտական թանգարանը յուրատեսակ ծրագրերով է ներկայանում նաև «Թանգարանային գիշեր» միջոցառմանը՝ այցելուների աննախադեպ հոսք ապահովելով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթամշակութային ծրագրերին, կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ, «Ռոմանսի երեկոներ», «Պատանի սպենդիարյանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:

Այնուհանդերձ, ամենացավոտ հարցը այցելուների պակասն է: Ակտիվ են կոնսերվատորիայի ուսանողները (նույնը չի կարելի ասել երաժշտական ուսումնարանների դեպքում), երաժշտական, նաև հանրակրթական որոշ դպրոցներ: Ոմանց հետ թանգարանը տարիների համագործակցության պատմություն ունի (Ալ. Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներ, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, Ջոն Կիրակոսյանի, Յավորովի անվան դպրոցներ):

«Կան դպրոցներ, որ առհասարակ չեն այցելում թանգարան: Ինչքան էլ ասեն` օրենքը թույլ չի տալիս դրամահավաքություն, միևնույն է, եթե ուսուցիչն ուզում է թանգարան այցելելու մշակույթ ձևավորել երեխաների մեջ, սեր ներդնել դեպի մշակույթը, երաժշտությունը, ապա անպայման կնախաձեռնի նման այցելություններ»,- համոզված է տուն-թանգարանի տնօրենը:

Հետաքրքրվեցի` աբոնեմենտային համակարգը գուցե լուծե՞ր այս խնդիրը, և նոր սերունդը կախված չլինե՞ր ուսուցչի «բարեհաճությունից»:

«Կարծում եմ` այո: Տարիներ առաջ գործում էր աբոնեմենտային համակարգ, որը նախաձեռնել էր Կենտրոն վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Գագիկ Բեգլարյանը, և պետք է ասեմ, որ կենտրոնի գրեթե բոլոր դպրոցներն այցելում էին թանգարան: Ես չեմ կարծում, որ դա պարտադրանք է: Երեխան չգիտի ուր գնալ, նրան ոչ թե պարտադրում ես, այլ ուղղորդում: Կսիրի, թե ոչ, կախված է նաև նյութի մատուցման եղանակից: Կարող եմ ասել, որ երեխաներն այստեղից հեռանում են ոգևորված, հատկապես «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղի տպավորությամբ»:

Թանգարանն ունի նորագույն տեխնոլոգիաներով վերազինված եռալեզու էքսպոզիցիա: «Պետք է հասկանալ` ինչն է իրեն սպառել և ինչ պահանջ ունի 21-րդ դարի այցելուն»,- ընդգծեց Մարինե Օթարյանը: Մեր օրերում մեծ նշանակություն ունի գովազդը: Զրուցակիցս փաստեց, որ այդ առումով էլ ակտիվ են: Թանգարանային անցուդարձը, ընթացիկ միջոցառումները հանրահռչակվում են թանգարանի կայքում, սոցցանցերում: Տուն-թանգարանը հասանելի է նաև թվային տարածքում: Գործում է վիրտուալ շրջագայություն, կարող եք տանը նստած այցելել թանգարան, ծանոթանալ ցուցանմուշներին: «Գովազդ քիչ թե շատ արվում է, պարզապես ոչ բոլորն են հետաքրքրվում բարձր արվեստով, իսկ Սպենդիարյանը բարձր արվեստ է»,- նկատեց Մարինե Օթարյանը: Անդրադառնալով «Զբոսաշրջիկները հետաքրքրվո՞ւմ են թանգարանով» հարցին` ասաց. «Չեմ կարող ասել, թե ակտիվությունը մեծ է, սակայն 2014-ը աննախադեպ էր նրանով, որ ունեցանք մեծ թվով ճապոնացի այցելուներ, ինչն էլ մեզ մղեց եռալեզու բուկլետը դարձնելու հնգալեզու` ավելացնելով՝ ֆրանսերենն ու ճապոներենը»:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963-ին` ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N491 որոշմամբ, Նալբանդյան 23 (այժմ` 21) հասցեում, այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին` 1926-1928 թթ.: Բացվել է 1967-ի նոյեմբերի 25-ին: Այն Հայաստանում առաջին երաժշտական տուն-թանգարանն էր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ