Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բագրատյանը պոռթկաց. «Փոխեք կա՛մ ձեզ, կա՛մ տնտեսագիտությունը»

Բագրատյանը պոռթկաց. «Փոխեք կա՛մ ձեզ, կա՛մ տնտեսագիտությունը»
25.02.2015 | 21:07

«Շահութահարկի մասին» օրենքը այսօր ԱԺ-ում բանավեճի առիթ դարձավ, քանի որ կառավարությունը որոշել է 48-ժամյա ռեժիմով քննարկել և քվեարկել: Բոլոր ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին այս որոշմանը և անցան օրենքի բովանդակությանը: Կրքերն այնքան թեժացան, որ տնտեսագիտական միտքը խորհրդարանում «անկում» ապրեց: «48 ժամն ինչի՞ համար է, այսինքն, եթե շտապ սա չընդունենք, կուշանանք, հա՞: Հանգիստ, նորմալ թողեք քննարկենք, գնանք առաջ: Այս շտապողականությունն ինչի՞ համար է: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք իմանանք: Եթե 1 ամիս հետո ընդունվի այս օրենքը, ի՞նչ է փոխվելու»,- հայտարարեց դաշնակցական Աղվան Վարդանյանը: ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն էլ հավելեց. «Խնդիրը այն է, որ այս օրենքի ընդունման դեպքում մեծ վտանգ կա, որ հայկական ապրանքների և արտադրության արտահանումը կախվածության մեջ է ընկնելու 1-2 գրասենյակներից, նաև խոշոր բիզնեսն է կախվածության մեջ ընկնելու, որովհետև արտահանման և ներմուծման մեր բացասական բալանսի պայմաններում պայմանավորված է արտահանման խնդիրներով: Սա ներքին շուկայի հարց չէ, պատահական չէ, որ առաջարկում ենք լսումներ, խոսենք բիզնեսի հետ: Սա երկրի տնտեսական անվտանգության խնդրին է վերաբերում: Արտահանումը կախվածության մեջ կարող է ընկնել 1-2 գրասենյակներից: Սա մեզ պե՞տք է: Իհարկե, ոչ»:

Հրանտ Բագրատյանը բացատրեց. «Ընդհանրապես նման կարգի որոշումները ոչ թե ինչ-որ մեկին առավելություն են տալիս, այլ սահմանափակում են մյուսներին: Այսպես կոչված հնարավորությունների գինը մեծանում է: Հանձնաժողովում քննարկել ենք և ասել, որ արտոնություն տալ նրան, ով արտահանում է, դեմ չենք, բայց ինչի՞ դա չանել բոլորի նկատմամբ: Բոլորն ընդունեցին, որ խնդիր կա, ինչի՞ չլուծել խնդիրը: Եթե մյուսների համար սահմանափակում ես, դա նշանակում է ոչ թե այդ մարդուն բարիք արեց, այլ մյուսների շահույթը վերցրեց իրեն»: Ավելի պատկերավոր արտահայտվեց Արամ Մանուկյանը. «Մենք ասում ենք, որ այսպիսի լուրջ օրինագիծն այս արագությամբ ընդունել չի կարելի: Դահլիճն ընդամենը առաջարկում է՝ թըփ-շըփ մի՛ արեք, թողեք հանգիստ քննարկենք: Արգումենտներ ունենք բերելու, բովանդակային չենք ասում»:
Գործին խառնվեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը. «Հարցը 1 ամսից ավելի է, խորհրդարանում է, մանրակրկիտ քննարկվել է: Մեր հաջորդ նիստը լինելու է մարտի վերջին: Դա նշանակում է, որ մինչև մյուս բոլոր գործընթացները ԱԺ-ի և նախագահի ստորագրելուց հետո անցնելու դեպքում լավագույն դեպքում կարող է կիրառման մտնել ոչ շուտ, քան մայիս-հունիս ամիսը: Դա այն շրջանն է, երբ արդեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնի ուղիղ կեսն անցած է լինելու: Եթե կա շտապողականություն, ապա միայն սրա հետ է կապված, ուրիշ թըփ-շըփ-ի բան չկա»:
Ահա այստեղ բախվեցին տնտեսագետ Հրանտ Բագրատյանի և Հերմինե Նաղդալյանի տնտեսագիտական տեսությունները: «Տիկի՛ն Նաղդալյան, ես Ձեզ շատ եմ հարգում, բայց Ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը: Փոխեք կա՛մ Ձեզ, կա՛մ տնտեսագիտությունը: Երկու ելք կա այդտեղ, ուրիշ ելք չկա: Մենք ասում ենք՝ մեկին կտանք 100 մլն արտահանման արտոնություն, մի ուրիշ տեղ 300 մլն կպակասի արդեն: Սա ենք ասում, Դուք էլ ասում եք՝ չէ, տնտեսագիտության պրոֆեսորը Դուք եք»,- պոռթկաց Բագրատյանը: «Տակը» չմնաց Հերմինե Նաղդալյանը և առանց խոսնակի թույլտվության, արձագանքեց. «Պարոն տնտեսագիտության պրոֆեսոր, մենք ձեզ շատ ենք հարգում, բայց Հայաստանը չունի այդ 300 մլն-ը»: Գալուստ Սահակյանը «կշտամբեց» կողքին նստած Նաղդալյանին, անջատեց խոսափողը և ասաց. «Խնդրում եմ բեսպրեդելի մի վերածեք: Պարոն Բագրատյան, որ ժամանակը գա, երկուսն էլ կփոխվեն»:
Արդյունքում հանրապետականներն անցկացրին օրինագիծը 48-ժամյա ռեժիմով քննարկելու որոշումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ