Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Որոշ գերիշխող, «հեղինակավոր» թատրոններ պարզապես մահացած օրգանիզմներ են»

«Որոշ գերիշխող, «հեղինակավոր» թատրոններ պարզապես մահացած օրգանիզմներ են»
01.04.2015 | 12:58

Հետխորհրդային տարիների ծանր տասնամյակները կարծես հետևում են մնացել: Խորհրդային ժամանակների հետ զուգահեռ անցկացնելու, բացթողումների մեղքը անցումային շրջանի վրա բարդելու սովորույթը տեղի է տալիս: Զրույցներն արդեն ավելի շատ նոր շրջանի` մեր օրերի մասին են: ՈՒնենք այն, ինչ ունենք:
Զրույցի թեման թատրոնն է: Զրուցակիցս` թատերագետ, արձակագիր, դրամատուրգ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻՆ: «Մեր փոքր երկրի և մայրաքաղաքի համար մենք ունենք թատրոնի գրեթե բոլոր տեսակներն ու ժանրերը ներկայացնող իրականություն՝ մնջախաղից մինչև երաժշտական կոմեդիայի և մյուզիքլի թատրոններ, դրամատիկականից մինչև կամերային, տիկնիկային, խամաճիկների և այլն»,- ի պատասխան մեր՝ «Ի՞նչ ունենք այսօր` հետանկախության խառնիխուռն ժամանակներից 25 տարի անց» հարցին` ասաց Անուշ Ասլիբեկյան-Արծրունին: Նրա բնորոշմամբ` մենք ունենք թատերական տարբեր սերունդներ, հանրության կողմից սիրված արտիստներ, ունենք լավ թատերական ինստիտուտ, որտեղ ընդգրկված են թե՛ տեսական, թե՛ գրական, թե՛ թատրոնի հետ առնչվող բոլոր պրակտիկ մասնագիտությունների ֆակուլտետներ (նաև կինոֆակուլտետներ, բայց դա առանձին թեմա է): Սակայն այս ամենի հետ մեկտեղ նկատելի են դաշտի որոշակի միօրինակություն, գորշություն և ճահճացում:
«Այս մթնոլորտում ցանկացած վառ անհատականություն, երևույթ կարող է ձուլվել ու անէանալ: Որոշ գերիշխող, «հեղինակավոր» թատրոններ պարզապես մահացած օրգանիզմներ են, այնտեղ ստեղծված ցանկացած նոր ներկայացում ու պրեմիերա ձևական բնույթ է կրում: Նույնիսկ կադրերի երիտասարդացումը չի փրկում այս թատրոնները, քանի որ տիղմը կլանում է և այս նորերին»,- պարզաբանեց զրուցակիս: Ի՞նչն է պակասում հարցին անդրադառնալով, նշեց, որ չունենք քաջություն ցնցելու, տակնուվրա անելու, հնից հրաժարվելու և վերստեղծելու թարմ մտածողությամբ, նոր թատրոն. «Թե ավագները, թե երիտասարդները, ինչը ավելի ցավալի է, պարզապես դողում են իրենց պետական աշխատատեղերի, հաստիքների համար, նրանք ունակ չեն ընդվզելու, դրա համար էլ հանդիպում ենք դեռևս երիտասարդ, բայց արդեն ծերացած բեմադրիչների, որոնցից այլևս ոչ մի սպասելիք չունենք: Մենք կարիք ունենք թատերական ցնցման ու զարթոնքի, քանի որ բնությունը շռայլորեն օժտել է մեր ազգին տաղանդներով, բայց այ քաջություն չունենք: Բացառությունների մասին չեմ խոսում, օրինակ՝ Մալյան թատրոնը, Տիկնիկային թատրոնի նախաձեռնած ազատ, երիտասարդական բեմահարթակը, կամ Վահան Բադալյանի Փոքր թատրոնը դուրս են այս դիտարկումից»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` Գարեգին ԱՂԱԲԵԿՅԱՆԻ

Հ.Գ. – Անուշ Ասլիբեկյան-Արծրունու հետ զրույցն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ