Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայն ունի գենետիկորեն մնայուն հատկանիշներ

Հայն ունի գենետիկորեն մնայուն հատկանիշներ
12.05.2015 | 10:06

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում կայացած հերթական բաց դասախոսության թեման առավել քան արդիական էր և ազգապահպանման տեսանկյունից՝ խիստ կարևոր. «Սեռահասության տարիքի անձանց սեռական և վերարտադրողական առողջության պահպանումը»: Բանախոսը ԵՊՀ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Գայանե Սարգսյանն էր:
Քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանն անդրադարձավ թեմայի արդիականությանը՝ այն կապելով մեր հանրապետությունում վերջերս տեղի ունեցած ամենախոշոր իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, դրանց անցկացման միասնական նպատակի՝ հայոց պահանջատիրության խնդրի արդարացի լուծման հետ: Նա մասնավորապես նշեց, որ պահանջատիրային վերջնական հաղթանակը կապված է մատաղ սերնդի ճիշտ և համակողմանի զարգացման հետ, քանզի ազգապահպանության առաջնահերթ խնդիրը առողջ վերարտադրությունն է, ինչի վերաբերյալ սպասվելիք դասախոսությունն այսօր խիստ անհրաժեշտ է թե՛ ուսանողության, թե՛ մանկավարժների համար: Ռ. Թովմասյանը ներկայացրեց Գ. Սարգսյանին՝ որպես մեր հանրապետությունում դեռահասների սեռական դաստիարակության թեմայի ուսուցանման գծով լավագույն մասնագետներից մեկին:
Գայանե Սարգսյանը նախ անդրադարձավ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում թեմայի շրջանակներում առաջացած բազմաթիվ խնդիրների, որոնք վտանգում են ազգի առողջ վերարտադրությունը:
Այդ խնդիրներից է առաջնային անպտղությունը, որի ցուցանիշը մեր հանրապետությունում հասնում է 16,8 %-ի: Համեմատության համար մասնագետը բերում է աշխարհում ընդունված ցուցանիշը, որի համաձայն, եթե անպտղության վերին շեմը գերազանցում է 15 %-ը, ուրեմն՝ վտանգված է բնակչության թվաքանակի պահպանումը, այսինքն՝ չի ապահովվում նույնիսկ պարզ վերարտադրություն: Խնդիրն առկա է, և այն միակը չէ այս ոլորտում: Մտահոգիչ մյուս հարցն առնչվում է նորածինների սեռին: Բանն այն է, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում աճում է տղա երեխաների ծնունդը, մինչդեռ բնական վերարտադրությունը պահանջում է, որ աղջիկ երեխաների թվաքանակն ավելի բարձր լինի: Սա կախված է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն սովորության հետ, ինչը տարիներ հետո առավել մեծ խնդրի առաջ կկանգնեցնի մեր ժողովրդին:
Այս ամենն ի մի բերելով՝ առաջ է քաշվում մեկ ընդհանուր փաստ, որ այսօր ՀՀ-ում վտանգված է բնակչության վերարտադրությունը: Ի՞նչ անել, ինչպե՞ս բարձրացնել վերարտադրության մակարդակը: Այս ուղղությամբ այսօր իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք այնքան էլ չեն ազդում բնակչության թվաքանակի աճման տեմպի վրա: Բանն այն է, որ նախ պետք է պարզել անպտղության այսպիսի բարձր ցուցանիշի պատճառները, ապա կանխարգելել դրանք աճող սերնդի մոտ: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ վերարտադրության խաթարման հանգեցնում են երեք գործոններ՝ վաղ տարիքում կատարված հղիության ընդհատումները, վաղ տարիքում ունեցած ծննդաբերությունը և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: Բանախոսը ներկայացրեց դեռահասության շրջանում իր կատարած ուսումնասիրությունները, որոնց արդյունքում պարզել է, որ վերջին տասնամյակում տարիքային տարբեր խմբերում սեռավարակների թվաքանակի աճի միտում կա, ինչն էլ նպաստում է անպտղության մակարդակի բարձրացմանը: Դրա պատճառը վերջին հաշվով դեռահասության սեռական ոչ ճիշտ դաստիարակությունն է: Միայն դեռահասների շրջանում ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց կողմից տարվող ճիշտ դաստիարակությունը կարող է խթանել վարքագծային համապատասխան դրսևորումները, որոնք կնվազեցնեն սեռավարակների տարածման ռիսկերը: Այս ուղղությամբ հանրապետության դպրոցներում այսօր ֆիզիկական դաստիարակության առարկային զուգահեռ սակավ ժամաքանակով մտցվել է «Առողջ ապրելակերպ» առարկան, որի մուտքերը, ըստ ուսումնասիրողի, թերի են, մոտեցումները՝ մերժողական, իսկ թերի ուսուցումը երեխային մղում է վաղ սեռական վտանգավոր կապերի: ՈՒստի անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել սեռական զսպվածության շեմը՝ երեխային իրազեկելով սեռական և վերարտադրողական առողջության հարցերին: Երեխան պետք է իմանա՝ ինչ վտանգ են պարունակում և ինչի կարող են հանգեցնել վաղ ռիսկային սեռական վարքագծային դրսևորումները, որոնցից վտանգվում է առաջին հերթին իր, ապա և ամբողջ ազգի վերարտադրողական առողջությունը: Նրան պետք է սովորեցնել հնարավորինս բարձրացնել սեռական կյանքով ապրելու տարիքային շեմը և ապա՝ անվտանգ միջոցների դիմել:
Թեմայի շրջանակներում կատարվող մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տալիս, որ համաշխարհային մակարդակով աստղաբաշխական թվերով աճում են մանկապղծության դեպքերը: Այսինքն, այսօր դեռահասը պաշտպանության կարիք ունի, և դարձյալ իրազեկվածությունն է դրա լավագույն դեղամիջոցը:
Այնուհետև Գ. Սարգսյանը ներկայացրեց գիտական մի հետաքրքիր հետազոտություն, որի արդյունքը խորապես բացահայտում է հայերիս ազգային ինքնատիպությունը: Ըստ այդմ, հայն ունի գենետիկորեն մնայուն հատկանիշներ, որոնք չեն կորչում որևէ ազգի հետ խաչասերվելիս: ՈՒրեմն, պետք է ամեն ինչ անել այդ հատկանիշները պահելու և հետագա սերունդներին փոխանցելու համար:
Ռ. Թովմասյանը կոչ արեց ուսանողությանը՝ որպես մեր ազգի լինելության կարևորագույն մասնիկ, ականջալուր լինելով մասնագետի խորհուրդներին, պահպանել վերարտադրողական առողջությունը, կազմել ամուր ընտանիք և ունենալ առնվազն հինգ երեխա:


Էմմա ՄԽԵՅԱՆ
ԵՊԳ քոլեջի դասախոս

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ