Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մանկապատանեկան թատերական փառատոնը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մանկապատանեկան թատերական փառատոնը նվիրվում է  Ցեղասպանության 100-րդ տարելիցին
20.10.2015 | 11:21

«Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ-ի «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան ամենամյա թատերական փառատոնն անցկացվում է 15-րդ անգամ` «Վերածնունդ» խորագրի ներքո:
«Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրուցում ասաց, որ փառատոնն այս տարի նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Ռեինկառնացիա» թատերախումբը կներկայացնի «Մարմնի վերքեր, հոգու հետքեր» ներկայացումը` ըստ Պարույր Սևակի, Երևանի թիվ 5 դպրոցի «Տրուբադուր» թատերախումբը` Պարույր Սևակի «Խնկարկումը»: Ցեղասպանությանն է նվիրված նաև Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական մշակութային կենտրոնի բեմադրած ներկայացումը: Բուլղարիայի մեր հայրենակիցներն այս տարի հնարավորություն չունեն մասնակցելու փառատոնին, ուղարկել են տեսաերիզը, որը կցուցադրվի հանդիսատեսի համար:
Ընդհանուր առմամբ, այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Տարբեր տարիներին մասնակցել են նաև Ջավախքի, Փարիզի, Բեյրութի, Թեհրանի հայկական դպրոցների թատերախմբերը:
«Նռան հատիկ» փառատոնը գործում է 2001-ից: Գարիկ Ղազարյանը նշեց, որ առաջին տարում միայն երևանյան թատերախմբերն են մասնակցել փառատոնին. «Տարեցտարի ընդլայնվել է աշխարհագրությունը: Մեր օգնությամբ, խորհուրդներով մարզերում ստեղծվել են մեծ թվով թատերական խմբակներ»:
Երեխաներն անդրադառնում են և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակների: Այս տարի ներկայացնելու են Մուշեղ Իշխան, Գրիմ եղբայրներ, Հովհաննես Թումանյան, Զորայր Խալափյան, Վան Արյան, Արտաշես Քալանթարյան, Ռոբերտ Եսայան, երկու ներկայացում է լինելու` ըստ Լեոնիդ Ենգիբարյանի և այլն:
«Փորձում ենք անել ամեն ինչ, որ երեխաները բեմից խոսեն մաքուր հայերենով: Դա մեզ կարծես հաջողվում է, և երբեք թույլ չենք տալիս, որ երաժշտական ձևավորման մեջ հնչի ռաբիս երաժշտություն, օգտագործվում է միայն հայկական և եվրոպական բարձրարժեք երաժշտություն»,- ասաց Գարիկ Ղազարյանը: Խոսելով Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերախմբի մասին նկատեց, որ առավելություն է, երբ ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցի երեխաները սիրում են թատրոնը, բեմը, հեշտությամբ ընկալում են բեմարվեստի խնդիրները, կերպարի զգացողությունը: Ինչ վերաբերում է մասնագիտական թատերախմբերին, շատ երեխաներ, որ առաջին քայլերն արել են «Նռան հատիկում», սովորում են կամ արդեն ավարտել են թատերական ինստիտուտը:


Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և Երևանի «Փրկություն» ՀԿ-ի հատուկ դպրոցների թատերախմբերը:
Զրուցակիցս նկատեց, որ ֆիզիկական և մտավոր խնդիրները չեն խոչընդոտում երեխաներին, որ բեմ բարձրանան և ինչպես հարկն է ներկայանան: Ամենակարևորը` երեխաները զերծ են բարդույթներից:
«Նռան հատիկ-2015»-ը մեկնարկում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերախմբի` Անտոն Չեխովի «Առաջարկություն» կատակերգությամբ (բեմադրիչ` Գարիկ Ղազարյան): Նշենք, որ ճեմարանի թատերախումբը «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի եռակի դափնեկիր է։
«Նռան հատիկի» ներկայացումները ցուցադրվելու են Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, Պուշկինի անվան դպրոցում, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնում, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում և «Զեյթուն» մշակութային կենտրոնում:
Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ-ն, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, այս տարի նաև «Զեյթուն» մշակութային կենտրոնը:
Փառատոնի նախագահն է «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա»-ի վարչության անդամ Արուսյակ Մանթաշյանը, պատվավոր նախագահն է` Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիայի» պատվավոր նախագահն է Երվանդ Մանարյանը, ով մեր արվեստի կարկառուն դեմքերից է և մանկական խմբերի հետ աշխատելու մեծ փորձ ունի: «Երվանդ Մանարյանը մեծ սիրով մասնակցում է մեր փառատոնին, և երևի թե իր մասնակցությունն արդեն խորհրդանշական է»,- ասաց Գարիկ Ղազարյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ