Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկ բաժանմունքից սրտաբանական հսկա դառնալու ճանապարհը տևել է 30 տարի

Մեկ բաժանմունքից սրտաբանական հսկա դառնալու ճանապարհը տևել է  30 տարի
10.11.2015 | 11:32

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը նշում է իր ստեղծման 30-ամյակը: Այդ առթիվ կազմակերպվել էր սրտաբանական գիտաժողով, որին մասնակցում էին Երևանի առաջատար սրտաբանական կենտրոնների, Հայաստանի մարզերի, Արցախի սրտաբանները: Մասնակիցների թվում էր նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆԸ:
«1990-ականներից սկսած «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանությունը դարձել է առաջնային ուղղություններից մեկը, ինչի արդյունքում սրտաբանական բաժանմունքը զարգացել և դարձել է հզոր սրտաբանական կենտրոն: Այսօր «Էրեբունիում» տարեկան կատարվում են 1200-1500 ներանոթային միջամտություն, առիթմոլոգիական վիրահատություններ: Չկա որևէ նեղ մասնագիտական խնդիր, որին լուծում չտրվի,- բացման խոսքում ասաց Հայաստանի գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանության բաժնի վարիչ ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Կենտրոնում իրականացվում են կորոնարոգրաֆիա, անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես նաև սրտի բաց վիրահատություններ: Անգիոգրաֆիայի բաժանմունքը Բագրատ Ալեքյանի անունով է, ով պարբերաբար անշահախնդրորեն իրականացնում է բարդ ինվազիվ վիրահատություններ իր անունը կրող լաբորատորիայում, կատարում բազմապիսի խորհրդատվություններ: Այս բաժանմունքում ստենտավորման դեպքերը ոչ թե հարյուրներով, այլ հազարներով են հաշվվում: Անգիոգրաֆիայի բաժանմունքը ներկայումս ղեկավարում է ինտերվենցիոն սրտաբան Մերուժան Սաղաթելյանը, նրա հետ աշխատում են կլինիկայում աճած երիտասարդ մասնագետները:
Համլետ Հայրապետյանը նշեց, որ սրտաբանական կենտրոնը չէր հասնի նման հաջողությունների, եթե այն չառաջնորդեր Հարություն Քուշկյանը, ով կանգնած է «Էրեբունի» ԲԿ-ի և սրտաբանական ծառայության ակունքներում. «Շատ երիտասարդներ իրենց մասնագիտական ձեռքբերումների համար պարտական են նրան: Չնայած ակնհայտ հաջողություններին` պրոֆեսոր Քուշկյանը շարունակում է մտածել սրտաբանությունը «Էրեբունի» ԲԿ-ում էլ ավելի զարգացնելու ուղղությամբ և անդադար առաջ է քաշում նոր գաղափարներ: Կենտրոնը համագործակցում է Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սինգապուրի և այլ երկրների առաջատար կլինիկաների հետ, մեր մասնագետները իրենց արտասահմանցի գործընկերների հետ աշխատանքներ են իրականացնում ոչ միայն մեր կենտրոնում, այլև նրանց կլինիկաներում»: Համլետ Հայրապետյանը հավելեց, որ համագործակցում են նաև ԼՂՀ գործընկերների հետ, այցելում մարզային, շրջանային հիվանդանոցներ, կատարում վիրահատություններ, խորհրդատվություններ:
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. այն ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը. «Սրտանոթային խնդիրները դեռևս մնում են հիվանդացության, հաշմանդամության և մահացության հիմնական պատճառը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում»,- նշել էր նախագահը` հիվանդացության և մահացության նվազման պետական կարևոր միջոցառումներից մեկը համարելով այս տարվա հունվարի մեկին մեկնարկած սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ անվճար ստենտավորման ծրագրի ներդրումը, որն ընթանում է հաջողությամբ: Հանրապետության նախագահը նկատել էր, որ այստեղ էլ մեծ է «Էրեբունի» կենտրոնի դերը, այն համարել էր կադրերի դարբնոց, որը ՀՀ-ին և ԼՂՀ-ին տալիս է բազմաթիվ որակյալ մասնագետներ:
Սփյուռքի նախարարը ողջույնի խոսքում նկատել էր, որ կենտրոնում կա բացառիկ վերաբերմունք սիրիահայերի նկատմամբ, սրտային խնդիրներ ունեցող մեր գրեթե բոլոր սիրիացի հայրենակիցներն անվճար բուժման և վիրահատական միջամտության կուրսեր են անցնում սրտաբանական կենտրոնում:
Ինչպես ասվում էր կենտրոնի մասին պատմող ֆիլմում, ընդամենը մեկ բաժանմունքից սրտաբանական հսկա դառնալու ճանապարհը տևել է 30 տարի: Այդ ընթացքում «Էրեբունիում» կատարվել են բացառիկ վիրահատություններ: Դրանց շնորհիվ այն հիվանդները, որոնց ամենաշատը մեկ տարվա կյանք էին կանխատեսում, հիմա այցելում են բժիշկներին՝ իրենց ապագա պլանների մասին պատմելու: Բժիշկների պրոֆեսիոնալիզմը, բուժման նորագույն մեթոդները, ժամանակակից սարքավորումները, որոնցով բժշկական աշխարհի առաջատարներն են աշխատում, ձևավորել են վստահության մթնոլորտ: Արտասահմանցի մասնագետների գնահատմամբ` հիվանդանոցում կան բոլոր պայմանները սրտի բարդ վիրահատություն կատարելու համար` թե՛ մասնագետների, թե՛ տեխնիկական հագեցվածության առումով: Եթե առաջին այցելությունների դեպքում խնդիրն ավելի ուսուցողական է եղել, ապա հիմա սովորեցնելու կարիք չկա, պարզապես ընտրված են լուրջ դեպքեր, որ պետք է հաղթահարեն միասին: Արտերկրի առաջատար մասնագետները, իրենց իսկ բանաձևմամբ, ոչ թե օգնում, այլ համագործակցում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով՝ բժշկագիտության զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար ՀՀ ԱՆ հուշամեդալով պարգևատրվեց Համլետ Հայրապետյանը: «Էրեբունի» ԲԿ-ի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվեցին ՀՀ առողջապահության, նաև սփյուռքի նախարարությունների պատվոգրերով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի և սրտաբանության կենտրոնի համատեղ որոշմամբ ստեղծվել են պատվո մրցանակներ, որ շնորհվում են բացառիկ դեպքերում, այն մարդկանց, ովքեր համագործակցել են կենտրոնի հետ և ունեն բացառիկ ներդրում սրտաբանության բնագավառում:
Պատվո մրցանակներ շնորհվեցին հանրահայտ սրտաբան Բագրատ Ալեքյանին, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին: Համլետ Հայրապետյանը նշեց, որ հիվանդանոցի սրտաբանական ծառայությունը չի մոռանում այն մարդկանց, ովքեր զգալի ավանդ են ունեցել կենտրոնի զարգացման գործում:
Երախտագիտության և հիշատակի մրցանակ շնորհվեց Հակոբ Թումանյանին, որն ստանալու համար բեմ հրավիրվեց բժշկի դուստրը:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվել են բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության վերջին ձեռքբերումները, քննարկվել հետաքրքիր կլինիկական դեպքեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ