Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատմամշակութային հուշարձանների աղավաղումը ապացուցող որևէ հիմք չկա»

«Պատմամշակութային հուշարձանների աղավաղումը ապացուցող որևէ հիմք չկա»
13.11.2015 | 11:23

«Ո՞րն է ավելի կարևոր. պատմամշակութային հուշարձա՞նը, թե՞ ճանապարհը» («Իրատես», թիվ 65, հոկտեմբերի 27-29) վերնագրով հոդվածում անդրադարձել էի Կարմիր բլուր պատմական հուշարձանի «վրայով» անցնող «Հյուսիս-հարավ» ճանապարհին` փաստելով, որ այդ մասում հայտնաբերված դամբարանների ուսումնասիրման համար ժամանակը չի բավարարելու: Այսինքն, պատմամշակութային այդ եզակի գտածոն, որը ոչ միայն հայ, այլև ողջ մարդկությանը բացառիկ տեղեկություններ է հաղորդելու, մնալու է ճանապարհի «տակ»: Այս խնդրի առնչությամբ մեզ հետ զրույցում իրենց տեսակետն էին ներկայացրել հնագետները, ովքեր միանշանակ ընդգծել էին, որ պեղումների համար տրված ժամանակը միահամուռ պետք է երկարաձգել, այնինչ «Հյուսիս-Հարավ»-ի պատասխանատուները և ճանապարհի շինարարությունը ֆինանսավորող համաշխարհային բանկը շտապում են:
«Իրատես»-ը փորձեց լսել նաև Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տեսակետը: Նախապես նշել էինք, որ հայ իրականությունում քիչ չեն դեպքերը, երբ պատմամշակութային հուշարձաններն աղավաղվում են կամ, որ ավելի վատ է, իսպառ ոչնչացվում: Մեր այս դիրքորոշմանը գործակալությունը, բնականաբար, չէր համաձայնել: «Պատմամշակութային հուշարձանների աղավաղման վերաբերյալ Ձեր հարցադրման բովանդակությունը որևէ ապացուցող հիմք չունի և կոնկրետ չի կարող վերագրվել Կարմիր բլուրին, հակառակ դեպքում հուշարձանի տարածքում պեղումներ չէին լինի»: Կամ մենք ենք երկնքից «ընկել», կամ գործակալության ներկայացուցիչները: Փաստորեն, Երևանի սրտում տասնյակից ավելի պատմամշակութային շենքերի ոչնչացումը «ապացուցող հիմք» չէ՞, թե՞ Աֆրիկյանների տան անհասկանալի տեղափոխումը, Փակ շուկան «Սիթիի» վերածելն է մեր երևակայության արդյունքը: Պարզվում է, հասարակական տարբեր խմբերի, անհատների բողոքներն այս տարիներին ևս ոչինչ չեն հուշել Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալությանը: Այստեղ չեն տեսնում ու չեն լսում:
Անդրադառնալով Կարմիր բլուրին, նախարարությունից մեզ փոխանցեցին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի նախնական ուղեգիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2009 թ., որի ուղեգծի շրջակայքում ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 6-ի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության մասին» N 968-Ա որոշմամբ կասեցվել են շինարարական և հողահատկացման աշխատանքները, ինչից հետո ավտոճանապարհի պաշտպանական գոտիներում իրականացվում են հնագիտական աշխատանքներ: Թերևս առավել ուշագրավ է գրավոր հարցման այն պատասխանը, որը փաստում է, որ շինարարություն իրականացվող այս հատվածում ժամանակին պեղումներ կատարվել են: Մինչդեռ մեր նախորդ նյութում հնագետները հակառակն էին պնդում: «Դեռևս 1990-ական թթ. Կարմիր բլուրի այս եզրամասում` գերեզմանոցին հարող մի մասում, իրականացվել են պեղումներ, որից հետո թույլատրվել է այդ մասի հողի օտարում: Ավտոճանապարհի Կարմիր բլուրի հատվածը գտնվում է 1939-1975 թթ. ՀՀ ԳԱԱ և ԽՍՀՄ պետական Էրմիտաժի համատեղ արշավախմբի (ղեկավար՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկի) պեղումների շնորհիվ բացված Թեյշեբաինի քաղաքատեղիի միջնաբերդի և քաղաքատեղիի թաղամասերի արևմտյան կողմում՝ Չարբախի գերեզմանոցի սահմանագլխին, որտեղ մինչ ներկա պեղումները հնագիտական հազվագյուտ գտածոներ չեն հայտնաբերվել»: Զարմանալի է, ինչպես է հնարավոր՝ հնագետների մի խումբ ֆանտաստիկ գտածոներ է հայտնաբերում, մյուսներն արժեքավոր ոչինչ չեն գտնում: Գուցե ժամանակի իշխանություններն ամենևին էլ հետաքրքրված չեն եղել պատմության «բացահայտումներով» կամ էլ «հողը օտարելու» ցանկությունն է շատ մեծ եղել:
Գործակալությունից մեզ հանգամանորեն տեղեկացրել են, թե ինչ քննարկումների «միջով» են անցել ու ինչ աշխատանքներ են կատարել այս պատմամշակութային հուշարձանի տարածքում մինչև ավտոճանապարհի կառուցումը: Մշակույթի նախարարության ներկայացուցիչները ավտոճանապարհի շինարարության գոտում հուշարձանների անխաթարությունն ապահովելու նպատակով մասնակցել են տրանսպորտի և կապի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: 2011-ին նախարարության մասնագետներն ուսումնասիրություններ են կատարել ավտոճանապարհի ուղեգծի երկարությամբ, որոնց ընթացքում ճշտվել են առկա հուշարձանների ցուցակները (թվով 21 հուշարձան) և կազմել են դրանց պահպանական գոտիների նախագծերը: Նախարարության պահանջով ներկայացվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունը (տեղեկացնենք, որ ՇՄԱԳ-ում միաժամանակ ներառված է Թալին-Գյումրի ճանապարհահատվածում հնագիտական հուշարձանների վրա հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմացմանն ուղղված միջոցառումների պլանը):
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ մասնագիտական եզրակացությունից հետո հստակեցվել են հուշարձանների պահպանության հետ կապված միջոցառումները: Ավտոճանապարհի ուղեծրի առանձին հատվածներ փոփոխվել են («Ագարակ» արգելոց-թանգարան, Զաքարի բերդ ամրոց, նեոլիթյան բնակատեղի և այլն), իսկ որոշ հատվածների շինարարությունը հնարավոր է համարվել միայն հնագիտական պեղումներից հետո: Նախարարությունը ճշտել և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն է ներկայացրել պեղման աշխատանքների ծավալների տեխնիկական բնութագրերը և նախահաշիվները: Շինարարական աշխատանքները սկսվել են միայն նախագծային փոփոխությունները նախարարություն ներկայացնելուց և հնագիտական ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունների հաստատումից հետո:
Հնագիտական ուսումնասիրությունը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը սկսել է 2013 թ. աշնանը: 2014 թ. պեղման աշխատանքներին, որոնք շարունակվել են մինչև 2015 թ., ներգրավվել են մշակույթի նախարարության ենթակայությամբ գտնվող «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբերը: Առկա հուշարձանները պեղելուց և հուշարձանների բացակայության վերաբերյալ հնագետների կողմից լիարժեք տեղեկույթ ներկայացնելուց հետո միայն նախարարությունը համապատասխան գրությամբ համաձայնություն է տվել շինարարական աշխատանքների իրականացմանը:
Կարմիր բլուրի եզրամասով ավտոճանապարհի շինարարությունը և հուշարձանի անխաթար պահպանության հարցը քննարկվել են նաև Երևանի քաղաքապետարանում: Նախարարությունը պարտադիր է համարել այդ հատվածում ևս պեղումների իրականացման խնդիրը և ճանապարհի հետագա շինարարության ու ուղեգծի հարցը պայմանավորել դրանց արդյունքով՝ արժեքավոր շինությունների հայտնաբերման դեպքում ճանապարհի ուղեգծի այլընտրանքային տարբերակ ընտրելով և ուղեգծում փոփոխություն կատարելով (կամ էստակադային տարբերակ): Ավտոճանապարհի Կարմիր բլուրի հատվածում հնագիտական շերտեր կամ հազվագյուտ գտածոներ ներկայում կորստյան չեն մատնվել:
Այն հարցին էլ, թե պեղումներն ավարտին հասցնելու համար հստակ ժամանակ է նշանակված, սակայն առանց մասնագետ լինելու էլ հասկանալի է, որ այդքան կարճ ժամանակում հնարավոր չէ ուսումնասիրել այդ հատվածում հայտնաբերված բոլոր պատմական գտածոները, գործակալությունը չի փորձում ինչ-որ կերպ միջամտել, թեկուզ ժամկետը երկարաձգել, նշել են, որ ժամկետի երկարաձգման խնդիր չկա, կա օրենք: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, հուշարձանների քանդումն արգելվում է, ինչի համար օրինախախտում թույլ տված իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են կրել քրեական և վարչական պատասխանատվություն: Այս կապակցությամբ ժամկետային որևէ սահմանափակում նախարարությունը բացառում է, և ավտոճանապարհի շինարարությունը հնարավոր է միայն դրանց ավարտից և արդյունքները ամփոփելուց հետո: Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ իրենց պահանջով ավտոճանապարհի նախագծում ներառված է առանձին դրույթ, ըստ որի շինարարական աշխատանքների ընթացքում հուշարձաններ հայտնաբերվելու դեպքում աշխատանքները պետք է դադարեցվեն և կարող են շարունակվել միայն դրանց մասնագիտական ու հնագիտական ուսումնասիրության ավարտից հետո:
Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալությանն ուղղված մեր հարցադրումները ևս եզրափակել էինք մտահոգությամբ, թե հաճախ ենք ականատես լինում այսօրինակ դեպքերի, երբ քանդվում, ավերվում են պատմական հուշարձանները, իսկ գործակալությունը ոչինչ չի ձեռնարկում: Սա ձեր անզորությա՞ն, թե՞ վատ աշխատանքի արդյունքն է, հարցրել էինք և խորհուրդ-պատասխան ստացել: «Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի և չհիմնավորված մեկնաբանություններից կամ ներկայացնել գործակալության անգործության վերաբերյալ Ձեզ հայտնի ստույգ տվյալներ»,- էլի համապատասխան կենդանու ականջում քնած ձևանալով, նախարարությունը «ապսպրում» է, որ գործակալությունը ՀՀ կառավարության հաստատած կանոնադրական գործառույթների շրջանակում` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն, ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ անօրինականությունները կանխելու և հուշարձանների անխաթարությունն ապահովելու համար:
Ամփոփելով նշենք, որ մշակույթի նախարարության համապատասխան օղակը չի համաձայնում, որ Կարմիր բլուր պատմամշակութային հուշարձանի եզրամասը վտանգված է, պեղումների հարցում էլ վստահ է` մինչև վերջին գտածոն ուսումնասիրվելու է, հետո միայն ավտոճանապարհը կկառուցվի: Մնում է զարմանալ, թե հնագետներին ինչու են շտապեցնում, ու ինչու վերջիններս, որպես մասնագետ, անհանգստացած են, թե ժամանակը բավարար չէ ուսումնասիրություններն ավարտելու համար:
Ամենավերջում վերստին զարմանք հայտնենք, որ նախարարությունն այս տարիներին ոչ տեսել է, ոչ էլ լսել, որ Երևանում պատմամշակութային հուշարձան է քանդվել, ոչնչացվել ու աղավաղվել: Տեսնես ո՞ր երկրի մասին է խոսում մշակույթի նախարարությունը: Երևանի՞: Հազիվ թե:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ