Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ադրբեջանը Թուրքիայի ձեռագիրն է կրկնում»

«Ադրբեջանը Թուրքիայի ձեռագիրն է կրկնում»
18.12.2015 | 01:21

Թեև Հայաստանի տնտեսական իրավիճակը «առողջանալու» նշաններ ի հայտ չի բերում, ավելին, կառավարությունն էլ բացահայտ ասում է, թե բյուջեում փող չկա, միևնույն է, վարչապետն իր թիմով շարունակում է ղեկավարել: Այս տխուր պատկերին ի՞նչ նրբերանգներ կհավելեն միջազգային լարվածությունը, մասնավորապես ռուս-թուրքական սրված հարաբերությունները: Այս հարցն ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ։

-Այն, ինչ մեր տարածաշրջանում տեղի է ունենում, չափազանց անկանխատեսելի է,- ասաց պատգամավորը:- Չգիտես` վաղը ինչ է սպասվելու: Տնտեսական պատկերը հասկանալու համար գոնե մի փոքր կայուն վիճակ է հարկավոր: Այս պարագայում մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույն սցենարի, քանի որ հնարավոր է տարածաշրջանը դառնա ռազմական գործողությունների ակտիվ թատերաբեմ: Հաշվի առնելով նաև ՌԴ ղեկավարի այն հայտարարությունը, թե Թուրքիան միայն «լոլիկներով» չի պրծնի, ակնհայտ է, որ առաջիկայում իրավիճակի մեղմացում չի լինելու: Ռուսաստանը մեր առևտրային կարևոր գործընկերներից մեկն է, սրան էլ եթե գումարենք ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական արտադրանքը, միանգամայն պարզ կդառնա, որ այս երկիրը մեզ համար անփոխարինելի է: Ստեղծված լարվածությունը, բնականաբար, անհետևանք չի լինի նաև Հայաստանի համար:
-Առկա իրավիճակում դժվա՞ր է տնտեսական որևէ կանխատեսում անել:
-Իրավիճակն այնքան դինամիկ է զարգանում, որ չգիտես որն է լինելու հաջորդ քայլը: Պետք է սպասել, թե ինչ զարգացումներ կլինեն, նոր միայն խոսել այն մասին, թե ինչպես կանդրադառնան դրանք մեր ՀՆԱ-ի վրա: Անհեռանկարային գործ է այս պահին որևէ ցուցանիշի մասին խոսելը:
-Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կապ ունի՞ ռուս-թուրքական հարաբերությունների հետ:
-Աշխարհում տեղի ունեցող ամեն ինչն է փոխկապակցված: Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը իրավիճակը լարում է: Նույն թուրքական ձեռագիրն է, գործելաոճը: Այս երկու իրավիճակների միջև կապն ավելի խոր է, քան արտաքուստ երևում է:
-Ադրբեջանը գնալով մեծացնում է լարվածությունը սահմանի վրա, այս անգամ գերազանցեց ինքն իրեն՝ կիրառելով մինչ այս չփորձարկված զինտեխնիկա:
-Ադրբեջանի այսպիսի պահվածքը կարող է հանգեցնել լայնամասշտաբ գործողությունների, ինչի պատասխանատուն լինելու է այդ երկրի իշխանությունը:
-Փաստորեն, իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում:
-Այո, մանավանդ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին: Չկա միջադեպերը հետաքննող խումբ, ինչը առաջարկել էին ՄԽ համանախագահները, Հայաստանը պաշտպանել էր առաջարկը, Ադրբեջանը չէր համաձայնել: Իլհամին թվում է, թե այս քայլով կարող է միջազգային հանրության ուշադրությունը շեղել գլխավոր պատասխանատուից:
-Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանին չի էլ հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է մտածում իր գործողությունների մասին:
-Ճշմարտություն կա դրանում: Երկրորդեմ՝ Ադրբեջանը Թուրքիայի ձեռագիրն է կրկնում: ՈՒնենալով նենգությամբ «փայլող» դաշնակցի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանը կիրառում է «մեծ եղբոր» գործելաոճը: Իսկ Թուրքիան, խոցելով ռուսական ինքնաթիռը, ռուբիկոնն արդեն անցել է: Ռուսաստանը չի բավարարվի միայն տնտեսական պատժամիջոցներով: Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն միջուկային գերտերություն է: Տարբեր մակարդակի ռուս պաշտոնյաների հայտարարությունները դիտարկելով, կարելի է ասել, որ թուրքերին լավ օրեր չեն սպասում: Ադրբեջանն էլ խաղի մեջ է մտել ու ավագ եղբորն է փորձում պաշտպանել: Եթե մեծ ու փոքր եղբայրները չփոխեն իրենց գործելաոճը, համապատասխան պատիժը շատ չի ուշանա։


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ