Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Արտերկրում նման ֆիլմերն անվանում են «Fast food»` համեմատելով արագ պատրաստվող ուտելիքի հետ»

«Արտերկրում նման ֆիլմերն  անվանում են «Fast food»` համեմատելով արագ պատրաստվող ուտելիքի հետ»
11.03.2016 | 11:48

«Ակտիտուր» ընկերության արտ-մենեջեր, պրոդյուսեր ՍԵՐԳԵՅ ՍԱՆՈՅԱՆԻ հետ մեր զրույցը կինոաշխարհի վերջին նորությունների, հայ երիտասարդ ռեժիսորների ձեռքբերումների և կինոոլորտում առկա խնդիրների մասին է:


-Լավագույն դերասան անվանակարգում Լեոնարդո Դի Կապրիոյին շնորհված «Օսկարը» մեծ ոգևորություն առաջացրեց կինոսիրողների շրջանում: Ավելին` ոսկե արձանիկը կարծես ուշացումով ու դժվարությամբ շնորհվեց սիրված դերասանին: Ակնհայտ է, որ հեղինակավոր կինոմրցույթը, արտաքին փայլից զատ, ունի նաև իր ներքին մութ խոհանոցը: Ի՞նչ կասեք կինոաշխարհի վերջին նորության մասին:
-Այն, որ կինոսիրողները անհամբերությամբ սպասում էին Դի Կապրիոյի առաջին «Օսկարին», պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ ջանասիրությամբ էր մեր սիրելի արտիստը կերտում իր կերպարները: Դրանք հոգեհարազատ ու դյուրընկալելի են տարբեր ազգությունների, բնագավառների ու նախասիրությունների տեր մարդկանց: Գաղտնիքը` չընդհատվող կատարելագործումն է և մասնագիտական հմտությունների գերարդյունավետ օգտագործումը: Լեոն չի դադարում զարմացնել, շարունակ համագործակցում է աշխարհի լավագույն ռեժիսորների հետ և իրագործում ամենաաներևակայելի ծրագրերը: Կինոակադեմիայի անդամների ընտրությունը պայմանավորվում է բազմաթիվ հանգամանքներով, որոնց մի մասը մեզ հայտնի է, սակայն խոհանոցային շատ հարցերի մասին անգամ պատկերացում չունենք:
-Մեր կինոն կարո՞ղ է հավակնել «Օսկարի», առհասարակ, ի՞նչ է պետք համաշխարհային կինոշուկա դուրս գալու համար:
-Իհարկե կարող ենք: Դրա համար անհրաժեշտ է միայն ցանկություն: Մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, ովքեր պատրաստ են օր ու գիշեր աշխատելու, ապացուցելու, որ մեր կինոն նույնպես ասելիք ունի համաշխարհային կինոոլորտում, բայց խնդիրներն ու խոչընդոտները նույնպես շատ են: Հաջողություններ գրանցելու համար այսօրվա երիտասարդը պետք է սովորի արտերկրում, քանի դեռ մեր բուհերում դասավանդում են չկայացած ու անտարբեր դասախոսները: Քանի դեռ երիտասարդներին հավուր պատշաճի չի տրամադրվում տեխնիկա` նկարահանումներ անելու համար: ՈՒ քանի դեռ կինոոլորտի ղեկավարմամբ չեն զբաղվում կրթված, հաջողությունների հասած երիտասարդները:
-Ի՞նչ կասեք հեռուստաէկրանը, կինոթատրոնները ողողած հայկական նոր կինոյի մասին:
-Հայկական նոր կինո հասկացությունը նոր-նոր է ձևավորվում: Մենք դեռ չունենք հատուկ մեխանիզմներ կինոգործունեության համար: Առաջնային քայլերից մեկը «Կինոյի մասին օրենքի» ընդունումն է:
Հայկական շատ ֆիլմեր, հատկապես երգիծական ֆիլմերը, հիմնականում հետապնդում են կոմերցիոն նպատակ և ունեն իրենց հանդիսատեսը: Ամբողջ աշխարհում է այդպես: Արտերկրում նման ֆիլմերը անվանում են «Fast food»` համեմատելով արագ պատրաստվող ուտելիքի հետ: Սակայն կա արագ պատրաստված լավ ու վատ ուտելիք: Կարծում եմ` այն ռեժիսորներին, ովքեր չեն օգտագործում «Fast food», պետք է հնարավորություն ընձեռվի մատուցելու առողջ սնունդ: Խոսքը բարձրաճաշակ ու արժեքավոր ֆիլմերի մասին է:
-Ըստ Ձեզ` ունե՞նք երիտասարդ ռեժիսորներ, որ ասելիք ունեն, ուրույն մոտեցում, և ի՞նչ է պետք նրանց ինքնադրսևորվելու համար:
-Վստահաբար կարող եմ ասել, որ ունենք երիտասարդներ, որոնք ֆիլմեր են նկարահանում, ներկայանում են արտերկրում և ունեն զգալի հաջողություններ: Բայց նման որակի երիտասարդ կինոմասնագետները քիչ են, ու խնդիրը ոչ այնքան նրանց օգնելն է, որքան չխանգարելը:
-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ կինոոլորտում միտում կա համամարդկային թեմաներին անդրադառնալու, մինչդեռ կուզեիք, որ շատ լինեին մեզ առնչվող թեմաները, թեկուզ ծայրահեղ, ըմբոստ, ինչ-որ տեղ սխալ մատուցմամբ, բայց լինի մեր մասին, մեր խնդիրների մասին: Անցել է մեկ-երկու տարի: Ի՞նչն է փոխվել այս առումով:
-Կարծում եմ՝ նոր ստեղծվող ֆիլմերում ակնհայտ է փոփոխությունը: Այդ առումով կառանձնացնեմ երիտասարդ ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Եվ յոթերոդ օրը» ֆիլմը, որտեղ նկարագրվող թեման մեր մասին է, միաժամանակ համամարդկային հնչողություն ունի:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ինձ բախտ է վիճակվել նկարահանելու «Միասին աշխարհում» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչած երկրին՝ ՈՒրուգվային։
Ներկայումս աշխատում եմ հեղինակային ֆիլմի սցենարի վրա, որը պատմելու է մեր մայրաքաղաք Երևանի մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ